Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/4634/05/11 վարչական գործով դատական ծանուցագիր

01.08.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/

№ ԴԴ-9-Ե ––––––––––––––
« 21 » հուլիսի 2014թ.
Թիվ ՎԴ/4634/05/11 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Էդգար Ավետիսյանին
Հասցեն` ք.Երևան, Աղբյուր Սերոբի փ. 6 տուն

Ձեզ է ուղարկվում վարչական գործով՝ ըստ հայցի ՀՀ ՖՆ Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ Էդգար Ավետիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ, հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին որոշումը։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Գործի քննությունը նշանակված է 2014 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը` 15։40-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 316)։
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։

Առդիր՝ « 2 » թերթ։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ
ՎԴ/4634/05/11


ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅՑՎՈՐԻՆ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.06.2014թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ա.Դարբինյան, ուսումնասիրելով թիվ ՎԴ/4634/05/11 վարչական գործով ըստ հայցի ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ Էդգար Ավետիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության միջնորդությունը՝ հայցվորին իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ.

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ԿԱ ՊԵԿ Մյասնիկյանի հարկային տեսչությունը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է արձակել վճարման կարգադրություն՝ Էդգար Ավետիսյանից 25.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը 16.08.2011 թվականին արձակված վճարման կարգադրությամբ կարգադրել է Էդգար Ավետիսյանին կատարել 25.000 ՀՀ դրամ վճարելու պահանջը կամ ներկայացնել հակընդդեմ հայց՝ վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ։
Էդգար Ավետիսյանը, դատարան ներկայացրած հակընդդեմ հայցադիմումով, խնդրել է վճարման կարգադրությունը վերացնել, պահանջը համարել անհիմն և անցում կատարել հայցային վարույթի։
Դատարանի 08.09.2011 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի և հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժվել է։
14.12.2011 թվականին կայացած դատական նիստի ժամանակ, պատասխանողի ներկայացուցիչ Ա.Մուխսիկարոսյանը դատարանին է ներկայացրել թիվ ՎԴ/2643/05/11 վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Էդգար Ավետիսյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մյասնիկյանի հարկային տեսչության՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին դատարանի (դատավոր Ք.Մկոյանի) 08.12.2011 թվականի վճիռը, որի համաձայն` անհատ ձեռնարկատեր Էդգար Ավետիսյանի հայցը բավարարվել է և ՀՀ ԿԱ ՊԵԿ Մյասնիկյանի հարկային տեսչության 22.03.2011 թվականի թիվ 2335528 ակտը ճանաչվել է անվավեր։
Միաժամանակ հայտնել է, որ նշված վճիռը բողոքարկվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան և խնդրել է վարչական գործի վարույթը կասեցնել։
Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1832-Ն որոշմամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մյասնիկյանի հարկային տեսչությունը լուծարվել է։
Դատարանի 26.03.2012 թվականի որոշմամբ Մյասնիկյանի հարկային տեսչությունը փոխարինվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությամբ։
Դատարանի 26.03.2012 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կասեցվել է` մինչև թիվ ՎԴ/2643/05/11 վարչական գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը։
DataLex.am տեղեկատվական համակարգից հանված քաղվածքի համաձայն` թիվ ՎԴ/2643/05/11 վարչական գործով վերջնական դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 23.01.2014 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը վերսկսվել է։
Դատարանի 17.04.2014 թվականի որոշմամբ վարչական գործը նշանակվել է դատաքննության։
Դատարանում 27.06.2014 թվականին մուտքագրված գրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության պետը, հայտնել է, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի ապրիլի 30-ի թիվ 97-Ն հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն վերակազմակերպվել և միացել է ՀՀ ֆինանսների նախարարությանը և միջնորդել է հայցվոր` ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությանը փոխարինել իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով։
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատավարությունից հայցվորի դուրս գալու դեպքում հայցվորի փոխարինումը տեղի է ունենում հայցվորի իրավահաջորդի միջնորդությամբ։
Վերոգրյալի հիման վրա, դատարանը գտնում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության միջնորդությունը ենթակա է բավարարման։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ, 123-րդ, 131-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության միջնորդությունը բավարարել։
Թիվ ՎԴ/4634/05/11 վարչական գործով հայցվոր ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությանը փոխարինել իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունով։

Որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան՝ այն ստանալուց հետո հինգօրյա ժամկետում։


ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/213/

Էլ. փոստ`