Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի մասին

03.09.2014

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագիր

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթները, հայտարարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների (այսուհետ՝ Թեկնածուներ) ընտրության մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Եվրոպական դատարանի դատավորները պետք է ունենան բարձր բարոյական նկարագիր և բավարարեն բարձր դատական պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ:
Մրցույթին կարող է մասնակցել 65 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության գործունակ այն քաղաքացին, ով.

  •  Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով,
  •  ունի դատավորի պաշտոնում աշխատելու առնվազն 3 տարվա փորձ, կամ
  •  ունի դատախազի կամ փաստաբանի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն 7 տարվա փորձ, կամ
  •  ունի մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեության առնվազն 5 տարվա փորձ, կամ
  •  առնվազն 5 տարի իրավունք է դասավանդում բարձրագույն ուսումնական հաստատություններում, կամ
  •  ունի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,
  •  ազատ տիրապետում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից առնվազն մեկին (անգլերեն, ֆրանսերեն):

Մրցույթին չի կարող մասնակցել այն անձը՝
1) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
2) որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով.
3) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.
4) որն ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (սահմանված է «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 15-ի N 1184-Ն որոշմամբ).
5) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից կամ ունեն տարկետում` օրենքով նախատեսված կարգով ու հիմքով:
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը (այսուհետ՝ Փաստաթղթեր).

  •  մրցույթին մասնակցելու հայտ (ըստ սահմանված նմուշի),
  •  ինքնակենսագրություն՝ հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով (ըստ սահմանված նմուշի),
  •  հայտարարություն՝ մարդու իրավունքների ոլորտում փորձառության և ձեռքբերումների, ինչպես նաև Եվրոպական դատարանի դատավոր դառնալու շարժառիթների մասին (ըստ սահմանված նմուշի),
  •  անձնագրի պատճեն,
  •  բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճանի առկայությունը հաստատող փաստաթուղթ,
  • մասնագիտական գործունեության կամ դասավանդման փորձի առկայությունը հաստատող փաստաթուղթ,
  •  Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներին ազատ տիրապետելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),
  •  հայտարարություն, որով հավաստվում է, որ հավակնորդը չի դրսևորել որևէ վարքագիծ, որը ՀՀ օրենսդրության համաձայն կարող է առերևույթ վարկաբեկել դատական իշխանության հեղինակությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ կամ հայտարարություն նման ցանկացած վարքագծի դրսևորման վերաբերյալ (ըստ սահմանված նմուշի),
  •  հայտարարություն, որով հավաստվում է Հայաստանի Հանրապետությունում դատավորի պաշտոնում հավակնորդի նշանակմանը խոչընդոտող՝ ՀՀ դատական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների բացակայությունը (ըստ սահմանված նմուշի),
  •  հայտարարություն, որով հավակնորդը պատրաստակամություն է հայտնում Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում պաշտոնավարության ժամկետի ընթացքում չիրականացնել որևէ գործունեություն, որը անհամատեղելի է նրա անկախության, անաչառության կամ նրա աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ (ըստ սահմանված նմուշի),
  •  իրավագիտության ոլորտում մասնագիտական հեղինակություն վայելող անձանց կողմից տրված առնվազն երկու երաշխավորագիր (Հանձնաժողովի անդամը չի կարող տրամադրել երաշխավորագիր),
  •  իր վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկություններ ստանալու մասին համաձայնություն (ըստ սահմանված նմուշի):

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 24-ը, ժամը 18:00-ն՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով: Փաստաթղթերի ներկայացման, դրանց ստացման, ինչպես նաև հնարավոր թերությունների վերացման հետ կապված հարցերը լուծվում են Կարգով նախատեսված կանոններով:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը Փաստաթղթերի լրիվության և համապատասխանության ստուգման (այսուհետ՝ Փաստաթղթային ստուգման) փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի:
Փաստաթղթային ստուգման փուլում Հանձնաժողովը ստուգում է Փաստաթղթերի լրիվությունը, դրանց համապատասխանությունը սահմանված ցանկին, իսկ ողջամիտ կասկածի դեպքում՝ նաև հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը: Փաստաթղթային ստուգման փուլում կարող են ստացվել նաև թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ: Հանձնաժողովի տեղեկացմամբ հավակնորդը կարող է մասնակցել Փաստաթղթային ստուգման փուլին:
Փաստաթղթային ստուգման փուլի արդյունքներով հարցազրույցի մասնակիցների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը կհրապարակվեն լրացուցիչ՝ Կարգով նախատեսված կանոններին համապատասխան:
Հարցազրույցի նպատակը հարցազրույցի մասնակցի՝ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետորեն գործելու համար անհրաժեշտ անձնական հատկանիշների, մասնագիտական որակների և լեզվական կարողությունների գնահատումն է: Հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը երկու ժամ է:
Հարցազրույցը բաղկացած է երեք մասից:
Հարցազրույցի առաջին մասում հարցազրույցի մասնակիցը ոչ ավել, քան 10 րոպեի ընթացքում ներկայացնում է մարդու իրավունքների ոլորտում իր գործունեությունը, փորձառությունը և ձեռքբերումները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև պարզաբանումներ է տալիս իր ներկայացրած տեղեկությունների վերաբերյալ: Հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ հարցազրույցի մասնակցին՝ նրա կենսագրության, մասնագիտական գործունեության, հեղինակության և դրանց առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Հարցազրույցի այս մասում հարցազրույցի մասնակցին տրվում են հարցեր, որոնց տրված պատասխանների միջոցով բացահայտվում են անձնական հատկանիշները: Հարցազրույցի առաջին մասը կարող է տևել առավելագույնը 30 րոպե:
Հարցազրույցի առաջին մասի արդյունքներով գնահատվում են հարցազրույցի մասնակցի անձնական հատկանիշները, ինչպես նաև՝ մասնագիտական որակներից մասնագիտական փորձառությունը և հեղինակությունը:
Հարցազրույցի երկրորդ մասում հարցազրույցի մասնակցին տրվում են հարցեր, որոնց պատասխանները պետք է բացահայտեն նրա մասնագիտական գիտելիքները և հմտությունները: Հանձնաժողովի անդամները կարող են պատասխանի առնչությամբ հարցազրույցի մասնակցին հարցեր տալ: Հարցազրույցի երկրորդ մասը կարող է տևել առավելագույնը 45 րոպե:
Հարցազրույցի երրորդ մասում ստուգվում է հարցազրույցի մասնակցի լեզվական կարողությունները: Այդ նպատակով հրավիրվում են անգլերեն և ֆրանսերեն լեզուների մասնագետներ:
Հարցազրույցի մասնակցի հիմնական լեզվի կարողությունները ստուգելիս հարցազրույցի մասնակցին առաջարկվում է ուսումնասիրել Եվրոպական դատարանի կողմից քննված որևէ գործի համառոտագիրը, հայերենով ներկայացնել դրա բովանդակությունը, ընթերցել դրա մի հատվածը և բանավոր թարգմանել այն, կատարել նախապես պատրաստված հայերեն իրավաբանական տեքստի գրավոր թարգմանություն, ինչպես նաև նրա հետ անցկացվում է զրույց՝ մասնագիտական հարցերի շուրջ բանավոր հաղորդակցվելու նրա կարողությունը պարզելու համար: Հարցազրույցի մասնակցի լեզվական կարողությունները ստուգելու արդյունքում մասնագետները արձանագրում են այն հնարավոր լեզվական թերացումները, որոնք վերաբերվում են հարցազրույցի մասնակցի խոսքի սահունությանը և հստակությանը, մտքերի քերականական ձևակերպումներին և տրամաբանական հաջորդականությանը, բառապաշարի գործածությանը, նյութի բովանդակության ընկալմանը: Հանձնաժողովի անդամը, հիմնվելով մասնագետների ներկայացրած կարծիքի վրա, գնահատում է հարցազրույցի մասնակցի Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետորեն գործելու հանգամանքը:
Հարցազրույցի մասնակցի լրացուցիչ լեզվի կարողությունները ստուգելիս հարցազրույցի մասնակցին առաջարկվում է ծանոթանալ հանրամատչելի որևէ նյութի և հայերեն լեզվով ներկայացնել դրա էությունը: Հարցազրույցի մասնակցի լեզվական կարողությունները ստուգելու արդյունքում մասնագետները արձանագրում են այն հնարավոր լեզվական թերացումները, որոնք վերաբերվում են հարցազրույցի մասնակցի կողմից նյութի բովանդակության ընկալմանը:
Լեզվական կարողությունները ստուգելիս հարցազրույցի մասնակցին թույլատրվում է օգտվել բառարանից: Հարցազրույցի երրորդ մասը կարող է տևել առավելագույնը 45 րոպե:
Թեկնածուներին ներկայացվող պահանջները գնահատվում են 100 միավոր համակարգով: Թեկնածուների գնահատման ենթակա պահանջներն են.
Ա/ Անձնական հատկանիշներ – 20 միավոր.
Բ/ Մասնագիտական որակներ-55 միավոր.
Գ/ Լեզվական կարողություններ - 25 միավոր:
Գնահատման ենթակա պահանջները գնահատվում են ինչպես հարցազրույցի արդյունքներով, այնպես էլ՝ հարցազրույցի մասնակցի ներկայացրած տեղեկությունների վերլուծության հիման վրա: Գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտվում է հետևյալ չափանիշներով և միավորների սանդղակով:
Անձնական հատկանիշների չափանիշը.

  •  Իրավագիտակցություն՝ 0-5 միավոր
  •  Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների ընկալումները և դրանց նկատմամբ վերաբերմունքը՝ 0-15 միավոր:

Մասնագիտական որակների չափանիշները.

  •  մասնագիտական գիտելիքները՝ 0-15 միավոր (ներպետական օրենսդրության իմացությունը՝ 0-3 միավոր, միջազգային հանրային իրավունքի իմացությունը՝ 0-5 միավոր, Կոնվենցիայի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի իմացությունը՝ 0-7 միավոր).
  •  մասնագիտական հմտությունները՝ 0-10 միավոր (վերլուծելու և տրամաբանելու ունակությունները՝ 0-3 միավոր, արագ ընկալելու և կողմնորոշվելու, արդյունավետ լուծումներ գտնելու ունակությունները՝ 0-3 միավոր, արժեքային և համակարգային մտածելու ունակությունը՝ 0-4 միավոր).
  •  մասնագիտական փորձառությունը՝ 0-20 միավոր (ներպետական կամ արտասահմանյան ուսումնական հաստատություններում միջազգային հանրային իրավունքի կամ մարդու իրավունքների գծով հավելյալ կրթությունը, գիտական աստիճանները կամ կոչումները, մարդու իրավունքների գծով վերապատրաստումները՝ 0-10 միավոր, փորձի, այդ թվում՝ դասավանդման, առանձնահատկությունները՝ 0-10 միավոր).
  •  մասնագիտական հեղինակությունը՝ 0-10 միավոր (նշանակալի իրավական իրադարձություններում ներգրավվածությունը, իրավունքի զարգացման գործում մասնագիտական ներդրումը՝ 0-5 միավոր, գիտական հետազոտությունները, տեղական և միջազգային պարբերականներում հրապարակումները, տեղական և միջազգային համաժողովներին մասնակցությունը՝ 0-5 միավոր):

Լեզվական կարողությունների չափանիշները.

  •  Հիմնական լեզվի կարողությունների չափանիշները՝ 0-20 միավոր (հիմնական լեզվով նյութն ընկալելու և հայերենով ներկայացնելու ունակությունը՝ 0-5 միավոր, հիմնական լեզվով նյութը ընթերցելու և հայերեն ճշգրիտ թարգմանելու ունակությունը՝ 0-5 միավոր, հայերեն նյութը հիմնական լեզվով թարգմանելու և գրելու ունակությունը՝ 0-5 միավոր, իրավական հարցերի շուրջ հիմնական լեզվով հաղորդակցվելու ունակությունը՝ 0-5 միավոր).
  • Լրացուցիչ լեզվի կարողությունների չափանիշները՝ 0-5 միավոր (լրացուցիչ լեզվով հանրամատչելի նյութն ուսումնասիրելու և դրա էությունը հայերեն լեզվով ներկայացնելու ունակությունը՝ 0-5 միավոր):

Յուրաքանչյուր չափանիշի գնահատման քայլը մեկ միավոր է: Հանձնաժողովի անդամը գնահատման ենթակա յուրաքանչյուր չափանիշ գնահատում է առանձին-առանձին: Հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի համար տվյալ չափանիշի միասնական միավորը հաշվարկվում է հանձնաժողովի անդամների կողմից այդ չափանիշի համար նշանակված միավորների գումարը հանձնաժողովի՝ գնահատում իրականացրած անդամների թվի վրա բաժանելու սկզբունքով՝ արդյունքը մինչև հարյուրերորդական կոտորակը կլորացնելով: Հինգ-հազարերորդական միավորը կլորացվում է դեպի մեկ-հարյուրերորդականը:
Հարցազրույցի մասնակցի ստացած հանրագումարային միավորը հաշվարկվում է սույն որոշման III բաժնում սահմանված յուրաքանչյուր չափանիշի միասնական միավորների գումարման սկզբունքով:
Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը կազմվում է Կարգով նախատեսված կանոններով: Ընդ որում, հարցազրույցի մասնակիցը չի կարող ընդգրկվել ցուցակում, եթե ստացել է 50-ից ցածր հանրագումարային միավոր կամ Հիմնական լեզվի կարողությունների չափանիշից 5-ից ցածր միասնական միավոր:
Հայտարարության մեջ նշված նմուշները հասանելի են http://moj.am/article/1025 հասցեով:

 

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 10 380223

Էլ. փոստ`