Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1646/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

13.12.2023

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Սկզբնական հայցով պատասխանողների ներկայացուցիչ՝
Ալլա Զուրաբյանին
Հասցե՝ Կոտայքի մարզ, Արզնի Առողջարանային փ., տ. 9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1646/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27 սեպտեմբերի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Դիանա Վարդանի Զավրադյանի ընդդեմ Արայիկ Արազի Զուրաբյանի, Արազ Լևոնի Զուրաբյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Արազ Լևոնի Զուրաբյանի ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ թիվ ՏԴ/1646/02/23 գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքները Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու պահանջնի մասին քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հակընդդեմ հայցով հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը,

Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանը 26.05.2023թ. որոշմամբ Դիանա Զավրադյանի ներկայացուցչի ներկայացրած հայցադիմումը՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին, ընդունել է վարույթ, հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին մերժել է և սեփական նախաձեռնությամբ կիրառել է հայցի ապահովման միջոց՝ պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանին պարտավորեցրել է 10.07.2020թ. ծնված Արազ Արայիկի Զուրաբյանին հանձնել մորը՝ Դիանա Վարդանի Զավրադյանին` բնակվող քաղաք Իջևան, Անկախության 16/31 հասցեում, մինչև սույն գործով վերջնական դատական ակտով հարցի լուծումը:
02.06.2023թ. և 06.06.2023թ. դատարանում ստացվել են պատասխանողների ներկայացուցչի միջնորդությունները՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին:
15.06.2023թ. կայացած դատական նիստին պատասխանողների ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանող Արայիկ Զուրաբյանի անունից ներկայացրած միջնորդությունից և քննարկվել է միայն Արազ Զուրաբյանի անունից ներկայացված` հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը: Նույն դատական նիստի ընթացքում Արազ Զուրաբյանի ներկայացուցիչը ներկայացրել է բացարկ հայտնելու միջնորդություն, դատական նիստ է հրավիրվել 20.06.2023թ.:
Դատարանի 20.06.2023թ. որոշմամբ մերժվել է պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած՝ բացարկ հայտնելու միջնորդությունը:
Դատարանի 28.06.2023թ. որոշմամբ Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, մերժվել է:
21.06.2023թ. Դատարանին է հանձնվել պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումը, որով հակընդդեմ հայցով հայցվորը խնդրել է սահմանափակել Արազ Արայիկի Զուրաբյանի (ծնված՝ 10.07.2020թ.) նկատմամբ պատասխանող Դիանա Վարդանի Զավրադյանի ծնողական իրավունքները:
Դատարանի 30.06.2023թ. որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ հակընդդեմ հայցով հայցվոր Արազ Լևոնի Զուրաբյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, մերժվել է: Նշված որոշման դեմ Արազ Լևոնի Զուրաբյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.09.2023թ. որոշմամբ մերժվել է և Դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:
01.08.2023թ. Դատարանին է հանձնվել պատասխանող Արազ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ սույն քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին: Միջնորդության քննության համար դատական նիստ է նշանակվել 11.08.2023թ., որը հետաձգվել է և նշանակվել է 22.08.2023թ.:
22.08.2023թ. դատարանում ստացվել է սկզբնական հայցով պատասխանողների ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի բացարկ հայտնելու միջնորդությունը:
24.08.2023թ. կայացած դատական նիստին Դատարանը մերժել է ինչպես բացարկի միջնորդությունը, այնպես էլ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը:
26.09.2023թ. դատարանում ստացվել է հակընդդեմ հայցով հայցվոր Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, որով վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ, 129-րդ, 130-րդ, 131-րդ, 203-րդ հոդվածները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 01.03.2010թ. վճիռը, ՀՀ Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, ներկայացուցիչը հայտնել է, որ միայն այն հանգամանքը, որ պատասխանողը հանդիսանում է երեխայի մայրը դեռևս չի նշանակում, որ երեխայի լավագույն շահից է բխում երեխայի խնամքը նրան հանձնելը, անկախ այն հանգամանքից, որ երեխայի հայրն այս պահին կալանավորված է երեխայի մոր տատի բողոքի հիման վրա և չի կարող երեխայի նկատմամբ իր ծնողական պարտականությունները կատարել: Պնդել է, որ պատասխանողի վարքագիծը, երեխայից նրա հրաժարվելը, դատարանին սուտ տեղեկություններ ներկայացնելը, հաստատում են ևս մեկ անգամ, որ դատարանի կողմից պետք է բացառվի մոր ազդեցությունը երեխայի վրա, նրա և նրա ընտանիքի հետ մեկ հարկի տակ երեխայի ապրելու հավանականությունը:
Հայտնել է նաև, որ այս դեպքում հայցի ապահովում չկիրառելը և չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, քանի որ երեխան իր ճակատագրով չհետաքրքրված և իրեն լքած մոր չարաշահումների արդյունքում հնարավոր է ձեռք բերի հոգեկան և առողջական խնդիրներ, կամ կրի ֆիզիկական և հոգեկան տառապանք կամ ընդհանրապես հակընդդեմ պատասխանողի կողքին, նրա խնամքի ներքո վտանգված է երեխայի կյանքն ու առողջությունը:
Վերոգրյալի հիման վրա միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ սահմանափակել Արազ Արայիկի Զուրաբյանի (ծնված՝ 10.07.2020թ.) նկատմամբ պատասխանող Դիանա Վարդանի Զավրադյանի ծնողական իրավունքները և/կամ Արազ Արայիկի Զուրաբյանի (ծնված՝ 10.07.2020թ.) խնամքը հանձնել Արազ Լևոնի Զուրաբյանին, ինչպես նաև Արազ Արայիկի Զուրաբյանի (ծնված՝ 10.07.2020թ.) բնակության վայրը սահմանել Արազ Լևոնի Զուրաբյանի մոտ:
Քննարկելով հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը (այսուհետ նաև՝ Միջնորդություն)՝ Դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է: Նախկինում մերժված միջնորդությունը նույն հիմքով ներկայացվելու դեպքում չի քննարկվում։
Թիվ ԿԴ1/3245/02/19 քաղաքացիական գործով 2022 թվականի հոկտեմբերի 21-ին կայացրած որոշմամբ Վճռաբեկ դատարանը նշել է հետևյալը. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելու օրենսդրական արգելքը չի վերաբերում այն դեպքերին, երբ դատավարության մասնակցի կողմից կրկին ներկայացվել է նույն միջնորդությունը, սակայն ներկայացվել է նոր ապացույց: Այն պարագայում, երբ դատավարության մասնակցի ավելի վաղ ներկայացրած միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է, և վերջինս կրկին ներկայացրել է նոր միջնորդություն, ապա դատարանները պետք է գնահատման առարկա դարձնեն այն հանգամանքը, թե արդյոք կրկին ներկայացված միջնորդությունը պարունակում է նոր հիմք կամ դրան կցված է նոր ապացույց և միայն նշված հանգամանքը պարզելու պայմաններում կայացնեն համապատասխան որոշում»։
Նշվածի հաշվառմամբ, նկատի ունենալով, որ Միջնորդությանը կցվել են նոր ապացույցներ, Դատարանը Միջնորդությունը քննարկում է՝ ելակետ ունենալով այն հանգամանքը, թե Միջնորդությանը կցված նոր ապացույցները արդյո՞ք հիմնավորում են հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներ են`
1) պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.
3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.
4) պատասխանողին կամ այլ անձանց վեճի առարկային վերաբերող որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը.
5) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց ներկայացնելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը.
6) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը.
7) օրենքով նախատեսված հայցի ապահովման այլ միջոցներ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին:
Հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությանը կից ներկայացված՝ սեփականության իրավունքի վկայականներով և էլեկտրոնային կրիչով չեն հիմնավորում, որ հայցի ապահովման միջոց չկիրառելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հայցի ապահովման ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին, նշել է, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքերից պաշտպանելու հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը (…): Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ հայցի ապահովման ինստիտուտի նշանակությունը կայանում է նրանում, որ դրանով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը…:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ համաչափության սկզբունքի առանցքային կարևորությունն այն է, որ դրա կիրառումը հնարավորություն է տալիս գնահատել պետության միջամտության ընթացքում կիրառվող միջոցների գործադրմամբ նպատակին հասնելու հնարավորությունը և թույլատրելիությունը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ համաչափության սկզբունքը կոչված է երաշխավորելու, որպեսզի այս կամ այն հանգամանքներում համարժեքություն ապահովվի կիրառվող միջոցների և դրանց կիրառմամբ հետապնդվող նպատակի միջև՝ համարժեք արձագանքելով որևէ իրավիճակի: Ըստ այդմ, համաչափության սկզբունքը բաղկացած է երեք տարրերից՝ պիտանիություն, անհրաժեշտություն և չափավորություն: Այսինքն՝ գործադրվող միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ համաչափության սկզբունքի այն պահանջը, համաձայն որի՝ հետապնդվող նպատակին հասնելու համար գործադրվող միջոցները պետք է լինեն պիտանի, նշանակում է, որ իր հայեցողությանը վերապահված միջոցներից պետությունը պետք է ընտրի այն միջոցը, որով կարող է հասնել այդ նպատակին: Եթե պիտանի միջոցները մեկից ավելի են, ապա դրանցից պետք է ընտրվի տվյալ նպատակին հասնելու համար առավել անհրաժեշտը, իսկ պիտանի և անհրաժեշտ միջոցներից՝ այն միջոցը, որը, առավել նվազ ձևով միջամտելով անձի իրավունքներին, այդուհանդերձ, թույլ է տալիս առավելագույնս հասնել հետապնդվող նպատակին: Չափավորությունը ենթադրում է, որ անհրաժեշտ և պիտանի միջոցը միևնույն ժամանակ պետք է ապահովի ողջամիտ հավասարակշռություն ձեռնարկվող միջամտության և հետապնդվող նպատակի միջև:
ՀՀ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայցի ապահովման ինստիտուտի պարագայում ընդհանուր շահերի և մասնավոր անձի հիմնարար իրավունքների միջև հավասարակշռության պահպանման հարցի պարզումը յուրաքանչյուր դեպքում հարկ է իրականացնել՝ հաշվի առնելով ապահովման ենթակա հայցի տեսակը և առարկան, հայցագինը, ձեռնարկված հայցի ապահովման եղանակը: Մասնավորապես` որքանո՞վ է պիտանի և անհրաժեշտ տվյալ հայցի ապահովման միջոցի կիրառումը նմանատիպ հայցապահանջներով, առկա է արդյոք ողջամիտ հարաբերակցություն հայցագնի և ձեռնարկված հայցի ապահովման ծավալի միջև և այլն (տե՛ս՝ թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Բացի այդ՝ ՀՀ Սահմանադրական դատարանը 24.11.2020թ. թիվ ՍԴՈ-1561 որոշմամբ նշել է, որ «հայցի ապահովման միջոց կիրառելու համար նախատեսվել են այնպիսի օրենսդրական հիմքեր, որոնց առկայությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատի դատարանը, և որոնց փաստումը որևէ պարագայում չի կարող անխուսափելիորեն հանգեցնել հայցվորի պահանջի բավարարմանը կամ գործի ըստ էության քննությանը և լուծմանը»: Նույն որոշման համաձայն. «Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրորեն ամրագրված հիմքերից որևէ մեկի առկայության կամ բացակայության հարցի գնահատումը դատարանի կողմից պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի և հիմնավորված: Մասնավորապես, տվյալ դեպքում դատական ակտի կատարումը դժվարացնելու կամ անհնարին դարձնելու հանգամանքը դատարանի կողմից պետք է ստանա համարժեք հիմնավորում, լինի պատճառաբանված, գործի հանգամանքներով փաստարկված, որպեսզի մյուս կողմի համար հստակ և որոշակի լինեն իր իրավունքների ժամանակավոր սահմանափակման պատճառներն ու հիմքերը», «Որպեսզի դատարանը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, պետք է միջնորդությամբ ներկայացված հանգամանքների լույսի ներքո համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել համապատասխան դատական ակտի պատշաճ կատարումը՝ հայցվորի պահանջը բավարարելու դեպքում»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված նորմերը՝ Դատարանը փաստում է, որ հայցի ապահովման միջոցներ կիրառելու հիմքերը սպառիչ թվարկված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասում: Մասնավորապես դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե առկա է իրական վտանգ, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է՝ (1) անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, (2) դժվարացնել դատական ակտի կատարումը, (3) հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, (4) էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին: Ընդ որում, նման վտանգը կարող է լինել պատասխանողից կամ այլ անձանցից, ինչպես նաև պայմանավորված լինել վիճելի իրավահարաբերության օբյեկտի բնույթով, ֆիզիկական կամ այլ հատկանիշներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված են նաև հայցի ապահովման միջոցները, այն է՝ (1) պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը, (2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը, (3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը, (4) պատասխանողին կամ այլ անձանց վեճի առարկային վերաբերող որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը, (5) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց ներկայացնելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը, (6) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը, (7) օրենքով նախատեսված հայցի ապահովման այլ միջոցներ:
Իր հերթին հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին:
Դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման յուրաքանչյուր միջոց, հայցվորի օրինական շահերի պաշտպանությանը միտված լինելուն զուգահեռ, կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ
1. առկա է հայցի ապահովում կիրառելու՝ օրենքով սահմանված հիմքերից առնվազն մեկը,
2. ներկայացվել է հայցի ապահովման՝ օրենքով սահմանված միջոց կիրառելու միջնորդություն,
3. միջնորդություն ներկայացրած անձը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ:
Դատարանն արձանագրում է, որ հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը, ըստ էության ներկայացրել է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հայցի ապահովման միջոցը կիրառելու միջնորդություն:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
1. Ելնելով երեխայի կենսական շահերից` դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողներից (ծնողներից մեկից) երեխային վերցնելու մասին (ծնողական իրավունքների սահմանափակում)` առանց ծնողական իրավունքներից զրկելու:
2. Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից (հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդություն, ծանր հանգամանքների առկայություն և այլն)։
Դատարանի գնահատմամբ առկա չէ հայցի ապահովման միջոց կիրառելու 203-րդ հոդվածով սահմանված պայմանը՝ ստորև բերվող պատճառաբանություններով:
Այսպես. ներկայացված հակընդդեմ հայցը վերաբերում է սկզբնական հայցով հայցվոր Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքների սահմանափակմանը, հակընդդեմ հայցով որպես հայցվոր հանդես է գալիս երեխայի պապը` Արազ Լևոնի Զուրաբյանը: Տվյալ դեպքում Դատարանը գտնում է, որ.
Ա) Միջնորդությանը կից ներկայացված նոր ապացույցներով չի հիմնավորվել, որ նախքան վերջնական դատական ակտ կայացնելը մանկահասակ երեխայի՝ պապի խնամքին գտնվելը բխում է երեխայի լավագույն շահից, ինչպես նաև, որ երեխային մոր՝ Դիանա Զավրադյանի, հետ թողնելը երեխայի համար վտանգավոր է:
Մասնավորապես, Միջնորդությանը կից ներկայացվել են հետևյալ ապացույցները.
(1) «Ամենագետիկ» ՍՊԸ-ի կողմից 29.08.2023թ. տրված տեղեկանք, որի համաձայն Արազ Արայիկի Զուրաբյանը 2023 փետրվարի յոթից ընդունվել և նույն ամսաթվից մինչև 30.05.2023թ. ամեն օր հաճախել է «Ամենագետիկ» խնամքի կենտրոն: Նշված ապացույցով չեն կարող հիմնավորվել նախքան վերջնական դատական ակտ կայացնելը մանկահասակ երեխայի՝ պապի խնամքին գտնվելը երեխայի լավագույն շահից բխելու, ինչպես նաև երեխային մոր՝ Դիանա Զավրադյանի, հետ թողնելը երեխայի համար վտանգավոր լինելու փաստերը, քանի որ եթե անգամ հաստատվի (Միջնորդության քննարկման պահին բավարար ապացույցներ առկա չեն) այն փաստը, որ երեխան նշված ժամանակահատվածում ընդհանրապես չի գտնվել մոր խնամքին և մայրը որևէ օր և կերպ երեխայի հետ կապ չի ունեցել, չի բացառվում երեխայի խնամքը մորը հանձնելը երեխայի լավագույն շահից բխելու հնարավորությունը, ուստիև Միջնորդության պահին Դատարանին ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում, որ մոր մոտ գտնվելը վտանգավոր է երեխայի համար: Այլ կերպ ասած, եթե անգամ որոշակի պահի մայրը չի իրականացում երեխայի խնամքը (որպիսի փաստը հիմնավորող և Դատարանին միանշանակ եզրահանգում կատարելու հնարավորություն տվող բավարար ապացույցներ առկա չեն), չի նշանակում, որ մոր մոտ գտնվելը երեխայի համար ընդմիշտ դառնում է վտանգավոր: Նշվածի համատեքստում Դատարանը կարևորում է նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումը, որի համաձայն՝ ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե ծնողները կամ նրանցից մեկը փոխել են իրենց վարքագիծը, կենսաձևը և (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը։
(2) Թվով 3 անշարժ գույքերի սեփականության իրավունքի գրանցման վկայականների պատճեններ, նոտար Էդուարդ Նուրիջանի Մակարյանի կողմից գրանցամատյանում թիվ 7106 համարի տակ գրանցված հայտարարության պատճենը՝ տրված Ալլա Արազի Զուրաբյանի և Արազ Լևոնի Զուրաբյանի կողմից, Ալլա Արազի Զուրաբյանի և Ալբերտ Արազի Զուրաբյանի կողմից 21.09.2023թ. տրված հայտարարություն այն մասին, որ պատրաստակամ են Արազի Լևոնի Զուրաբյանին և Արայիկ Արազի Զուրաբյանին տրամադրել օգտագործման և բնակության իրավունքներ … առանձնատանը Արազ Արայիկի Զուրաբյանի հետ բնակվելու և նրա խնամքն իրականացնելու նպատակով:
Նշված ապացույցներով հիմնավորվում է միայն հակընդդեմ հայցվորի՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան ունենալու փաստը, ինչն ինքնին չի հանգեցնում երեխայի՝ պապի մոտ մնալը նրա լավագույն շահից բխելուն և մոր մոտ գտնվելը նրա համար վտանգավոր լինելուն:
(3) Հոր հետ երեխայի լուսանկարները, երեխայի՝ «Ամենագետիկ» խնամքի կենտրոնում արված լուսանկարները (ներկայացվել են էլեկտրոնային կրիչով), եթե անգամ հիմնավորվի դրանք լուսանկարած սուբյեկտը, վայրը, ժամանակը, ձևը, պայմանները, չեն կարող հիմանվորել մանկահասակ երեխայի՝ պապի խնամքին գտնվելը երեխայի լավագույն շահից բխելը, ինչպես նաև երեխային մոր՝ Դիանա Զավրադյանի հետ թողնելը երեխայի համար վտանգավոր լինելը: Այսինքն, Դատարանի գնահատմամբ ներկայացված ապացույցները Միջնորդության քննարկման համար վերաբերելի ապացույցներ չեն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի):
(4) Ներկայացվել է միջնորդություն՝ գործով ապացույց պահանջելու մասին, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից Սոնյա Սուրենի Ղազարյանի, Դիանա Վարդանի Զավրադյանի, Տաթևիկ Վարդանի Զավրադյանի կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդումնների, վերջիններիս վերաբերյալ քննված կամ քննվող բոլոր գործերի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու վերաբերյալ, որտեղ վերջիններս հանդես են գալիս քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ցանկացած կարգավիճակով: Նշվել է, որ այդ տեղեկությունները խիստ կարևոր նշանակություն ունեն երեխայի՝ իր մոր ընտանիքի հետ վերջինիս բնակվելու անվտանգության հարցը գնահատելիս:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը, իսկ եթե միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումի հետ, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ:
Տվյալ դեպքում միջնորդությունը ներկայացվել է ի հիմնավորումն Միջնորդության ապացույց ձեռք բերելու նպատակով, այնինչ Միջնորդությունը քննարկելու համար Դատարանն ունի մեկօրյա ժամկետ, ուստի անգամ ներկայացված միջնորդությունը քննարկելու և բավարարելու դեպքում ողջամտորեն հնարավոր չէ ստանալ հայցվող տեղեկատվությունը և որպես ապացույց դնել դատական ակտի հիմքում, ուստի ներկայացված միջնորդությունը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումներից: Բացի այդ միջնորդություն ներկայացրած անձը չի հիմնավորել, որ Տաթևիկ Վարդանի Զավրադյանը հայցվորի քույրն է և նրանք բնակվում են նույն հասցեում:
Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ գործում առկա՝ Իջևան համայնքի ղեկավարի գրությանն ի պատասխան ուղղված գրության պատճենի համաձայն՝ Դիանա Վարդանի Զավրադյանը և Սոնյա Սուրենի Ղազարյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի իրավախախտ անձանց հաշվառումներով 01.01.2020թ.-25.06.2023թ. ընկած ժամանակահատվածում չեն անցնում և որպես իրավախախտ անձ որևէ գործում ներգրավված չեն:
Բ) Սույն գործի փաստերի համաձայն երեխան հենց հակընդդեմ հայցով հայցվորի խնամքին է գտնվում և ի կատարումն դատական ակտի պահանջների, երեխան դեռևս հանձնված չէ մորը, ուստի նման պայմաններում Դատարանը չի էլ կարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի կիրառմամբ մորը պարտավորեցնել երեխային հանձնել պապին, անգամ եթե գործի նյութերով հիմնավորվի, որ դա բխում է երեխայի լավագույն շահից:
Գ) Եվ ի վերջո, առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով Դատարանը մերժել է հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը, իսկ նման պայմաններում միջնորդությունը բավարարելը կդիտվի որպես 24.08.2023թ. Դատարանի կայացրած «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշման քողարկված վերանայում, ինչն անթույլատրելի է:
Նման եզրահանգում պարունակում է նաև Դատարանի «Հակընդդեմ հայցադիմումը վարույթ ընդունելու և հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին» 30.06.2023թ. որոշման դեմ Արազ Զուրաբյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքի արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ս. Սահակյան) 08.09.2023թ. որոշումը: Մասնավորապես, վկայակոչված որոշմամբ, ի թիվս այլնի, արձանագրվել է հետևյալը. «… հակընդդեմ հայցվորի կողմից ներկայացված միջնորդության բավարարումը կբերի իրավական որոշակիության սկզբունքի խախտման և իրականում կարող է դիտվել որպես «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին» Դատարանի 28.06.2023թ. որոշման քողարկված վերանայում»:
Ողջ վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը գտնում է, որ Միջնորդությունը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 128-132-րդ, 199-րդ, 200-րդ, 360-րդ և 362-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Հակընդդեմ հայցով հայցվոր Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, մերժել:

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`