Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1646/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

19.01.2024

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Սկզբնական հայցով պատասխանողների և
հակընդդեմ հայցով հայցվորների ներկայացուցիչ՝
Ալլա Զուրաբյանին
Հասցե՝ Կոտայքի մարզ, Արզնի Առողջարանային փ., տ. 9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1646/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՑԱՐԿԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28 դեկտեմբերի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության
դատարանը (դատավոր Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

նախագահությամբ՝

քարտուղարությամբ՝

մասնակցությամբ՝
դատավոր Նարինե Անանյանի,

Ռուզաննա Մամյանի,

սկզբնական հայցով հայցվորի ներկայացուցիչ
Սուրեն Գասպարյանի,

սկզբնական հայցով պատասխանողների ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի,

դռնբաց դատական նիստում քննելով ըստ հայցի Դիանա Վարդանի Զավրադյանի ընդդեմ Արայիկ Արազի Զուրաբյանի, Արազ Լևոնի Զուրաբյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Արազ Լևոնի Զուրաբյանի ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ թիվ ՏԴ/1646/02/23 գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքները Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու և ըստ հակընդդեմ հայցի Արայիկ Արազի Զուրաբյանի ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ սույն քաղաքացիական գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքները Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու պահանջների մասին քաղաքացիական գործով սկզբնական հայցով պատասխանողների և հակընդդեմ հայցով հայցվորների ներկայացուցչի՝ բացարկ հայտնելու միջնորդությունը,
Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը 26.05.2023թ. որոշմամբ Դիանա Զավրադյանի ներկայացուցչի ներկայացրած հայցադիմումը՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին, ընդունել է վարույթ, հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին մերժել է և սեփական նախաձեռնությամբ կիրառել է հայցի ապահովման միջոց՝ պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանին պարտավորեցրել է 10.07.2020թ. ծնված Արազ Արայիկի Զուրաբյանին հանձնել մորը՝ Դիանա Վարդանի Զավրադյանին` բնակվող քաղաք Իջևան, Անկախության 16/31 հասցեում, մինչև սույն գործով վերջնական դատական ակտով հարցի լուծումը:
02.06.2023թ. և 06.06.2023թ. դատարանում ստացվել են պատասխանողների ներկայացուցչի միջնորդությունները՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին:
15.06.2023թ. կայացած դատական նիստին պատասխանողների ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանող Արայիկ Զուրաբյանի անունից ներկայացրած միջնորդությունից և քննարկվել է միայն Արազ Զուրաբյանի անունից ներկայացված` հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը: Նույն դատական նիստի ընթացքում Արազ Զուրաբյանի ներկայացուցիչը ներկայացրել է բացարկ հայտնելու միջնորդություն, դատական նիստ է հրավիրվել 20.06.2023թ.:
Դատարանի 20.06.2023թ. որոշմամբ մերժվել է պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած՝ բացարկ հայտնելու միջնորդությունը:
Դատարանի 28.06.2023թ. որոշմամբ Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, մերժվել է:
21.06.2023թ. Դատարանին է հանձնվել պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումը, որով հակընդդեմ հայցով հայցվորը խնդրել է սահմանափակել Արազ Արայիկի Զուրաբյանի (ծնված՝ 10.07.2020թ.) նկատմամբ պատասխանող Դիանա Վարդանի Զավրադյանի ծնողական իրավունքները:
Դատարանի 30.06.2023թ. որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ հակընդդեմ հայցով հայցվոր Արազ Լևոնի Զուրաբյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, մերժվել է: Նշված որոշման դեմ Արազ Լևոնի Զուրաբյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.09.2023թ. որոշմամբ մերժվել է և Դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:
01.08.2023թ. Դատարանին է հանձնվել պատասխանող Արազ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ սույն քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին: Միջնորդության քննության համար դատական նիստ է նշանակվել 11.08.2023թ., որը հետաձգվել է և նշանակվել է 22.08.2023թ.:
22.08.2023թ. դատարանում ստացվել է սկզբնական հայցով պատասխանողների ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի բացարկ հայտնելու միջնորդությունը:
24.08.2023թ. կայացած դատական նիստին Դատարանը մերժել է ինչպես բացարկի միջնորդությունը, այնպես էլ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը:
26.09.2023թ. դատարանում ստացվել է հակընդդեմ հայցով հայցվոր Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, որը Դատարանի 27.09.2023թ. որոշմամբ մերժվել է:
Դատարանի 11.10.2023թ. որոշմամբ նախնական դատական նիստ է նշանակվել 07.11.2023թ.:
16.10.2023թ. դատարանում ստացվել է պատասխանող Արազ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ սույն քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, որը Դատարանին է հանձնվել 23.10.2023թ. (16.10.2023թ.-20.10.2023թ. Դատարանը մասնակցել է դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց 2023թ. վերապատրաստման մասնագիտական դասընթացներին):
Դատարանի 23.10.2023թ. որոշմամբ հայցի ապահովման միջոցի վերացման վերաբերյալ միջնորդության քննության համար դատական նիստ է նշանակվել 07.11.2023թ., որը սկզբնական հայցով պատասխանող Արայիկ Զուրաբյանի դիմումի հիման վրա հետաձգվել է և նշանակվել 22.11.2023թ.:
23.10.2023թ. Դատարանին է հանձնվել Արայիկ Արազի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումն ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ թիվ ՏԴ/1646/02/23 գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքները Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու պահանջի մասին: Հակընդդեմ հայցադիմումում ներկայացվել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն: Նշված հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 27.10.2023թ. որոշմամբ, նույն որոշմամբ Դատարանը մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն:
22.11.2023թ. որոշմամբ Դատարանը մերժել է սույն քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը:
22.11.2023թ. կայացած դատական նիստին միջնորդությունը՝ ապացույց պահանջելու մասին, Դատարանի արձանագրային որոշմամբ մերժվել է:
13.12.2023թ. Դատարանին է հանձնվել պատասխանող Արազ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ սույն քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին: Միջնորդության քննության համար դատական նիստ է նշանակվել 26.12.2023թ.:
13.12.2023թ. Դատարանին է հանձնվել հակընդդեմ հայցով հայցվոր Արայիկ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, որը Դատարանի 14.12.2023թ. որոշմամբ մերժվել է:
26.12.2023թ. կայացած դատական նիստին պատասխանողների և հակընդդեմ հայցվորների ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանը ներկայացրել է բացարկ (այսուհետ նաև՝ Միջնորդություն):
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ և 29-րդ հոդվածները, «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածները, ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ 918 որոշումը, ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ 3-444 (ՎԴ) քաղաքացիական գործով 20.06.2008թ. որոշումը, թիվ ԵԱՔԴ/1137/02/08 քաղաքացիական գործով 13.03.2009թ. որոշումը, «ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշումը ՀՀ դատավորի վարքագծի կանոնները սահմանելու մասին» թիվ 01-Ն որոշումը, Արդարադատության խորհրդի ԱԽ-7-Ո-14 որոշումը, սկզբնական հայցով պատասխանողների և հակընդդեմ հայցով հայցվորների ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանը հայտնել է, որ սույն գործով առկա են հանգամանքներ, որոնք առաջացնում են ողջամիտ կասկածներ Դատավորի անաչառության վերաբերյալ, ինչպես նաև վկայում են դատավարության կողմերի հանդեպ Դատավորի հնարավոր կանխակալ վերաբերմունքի մասին: Մասնավորապես,
(1) Դատարանն իր կողմից 26.05.2023 թվականին կայացված «Հայցի ապահովման միջոց կիրառելու» մասին որոշման, 28.06.2023 և 24.08.2023 թվականներին կայացված «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին» մեջ նշված հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստական հիմքը վերացված լինելու պայմաններում չի վերացրել Արազ Զուրաբյանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, դրսևորելով կողմնակալ վերաբերմունք:
(2) Դատարանը կողմնակալություն դրսևորելով երեխայի մոր կողմից սուտ ցուցմունք տալն ակնհայտորեն վկայող հանգամանքների առկայության պայմաններում իրավասու մարմիններին չի դիմել սկզբնական հայցվորին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, դեռ ավելին, դրանց հիման վրա կայացել է երեխայի լավագույն շահից չբխող որոշումներ:
(3) Դատարանը կողմնակալություն դրսևորելով, երեխայի մոր կողմից երեխային լքած լինելու և երեխայի նկատմամբ իր ծնողական պարտականությունները յոթ ամիս շարունակ չկատարելու պայմաններում, գտել է, որ երեխայի լավագույն շահից է բխում երեխայի՝ մոր խնամքին լինելը և առանց որևէ ապացույցի եզրակացրել է, որ մոր իրավունքները պետք է վերականգնել, քանի որ նրա վարքագիծը փոխվել է:
(4) Թիվ ՏԴ/1646/02/23 քաղաքացիական գործով դատավոր Նարինե Անանյանը խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի պահանջները Արազ Զուրաբյանի վրա դրել է բացասական փաստի ապացուցման պարտականություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն` դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև նախնական դատական նիստի ավարտը, իսկ վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում՝ մինչև բողոքի քննությունն սկսվելը:
ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`
1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.
2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է եղել այն հանգամանքներին, որոնք վիճարկվում են գործի քննության ընթացքում.
3) դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում.
4) դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ.
5) դատավորը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ.
6) դատավորը պաշտոն է զբաղեցնում ոչ առևտրային կազմակերպությունում, և գործով կարող են շոշափվել այդ կազմակերպության շահերը:
ՀՀ Սահմանադրական դատարանը 28.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-918 որոշմամբ նշել է, որ ինքնաբացարկը ՀՀ իրավահամակարգում հանդիսանում է այնպիսի ինստիտուտ, որը կոչված է արդարադատության բնագավառում երաշխավորելու օբյեկտիվ և անաչառ որոշումների կայացումը` ինչպես ընթացակարգային (դատավարական), այնպես էլ նյութական իրավահարաբերություններ կարգավորելիս, և կոչված է երաշխավորելու դատական իշխանության անկախությունը, արդարադատության արդյունավետությունը, անկողմնակալությունը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս բազմիցս անդրադարձել է դատավորի անկողմնակալության խնդրին՝ մասնավորապես արձանագրելով հետևյալը.
«42. Դատարանը վերահաստատում է, որ անկողմնակալություն սովորաբար նշանակում է կանխակալության կամ կողմնակալության ու դրա տարբեր ձևերով դրսևորումների բացակայություն: Դատարանի կողմից սահմանված նախադեպային իրավունքի համաձայն՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներով անկողմնակալության առկայությունը պետք է որոշվի համաձայն հետևյալի՝ i) սուբյեկտիվ գնահատում, որտեղ հարկավոր է հաշվի առնել կոնկրետ դատավորի անձնական համոզմունքը և վարքագիծը, այսինքն՝ արդյոք դատավորն ունեցել է որևէ անձնական կանխակալություն կամ կողմնակալություն տվյալ գործի իմաստով, և ii) օբյեկտիվ գնահատում, այսինքն՝ պետք է համոզվել, թե արդյոք տրիբունալն ինքնին և, ի թիվս այլ ասպեկտների, դրա կազմը, ապահովել են բավարար երաշխիքներ՝ վերջինիս անկողմնակալության հետ կապված ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար (տե՛ս Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Morice v. France [GC]], թիվ 29369/10, § 73, ՄԻԵԴ 2015, հաջորդող հղումների հետ միասին):
43. Ինչ վերաբերում է սուբյեկտիվ գնահատմանը, ապա այն սկզբունքը, որ տրիբունալը ենթադրաբար պետք է լինի անձնական կանխակալությունից կամ կողմնակալությունից զերծ, երկար ժամանակ սահմանված է Դատարանի նախադեպային իրավունքով: Դատավորի անձնական անկողմնակալությունը ենթադրվում է այնքան ժամանակ, քանի դեռ չկան հակառակն ապացուցող փաստեր: Ինչ վերաբերում է պահանջվող ապացույցի տեսակին, ապա Դատարանը, օրինակ, փորձել է պարզել՝ արդյոք դատավորն անձնական պատճառներով ցուցաբերել է թշնամական վերաբերմունք կամ չար դիտավորություն (նույն տեղում, § 74): (…)
46. Այս առումով նույնիսկ արտաքին հատկանիշները կարող են որոշակի նշանակություն ունենալ, կամ, այլ կերպ ասած, «պետք է ոչ միայն արդարությունը հաստատվի, այլև տեսանելի լինի դրա հաստատումը»։ Խաղաքարտին դրված է այն վստահությունը, որը ժողովրդավարական հասարակությունում դատարանները պետք է ներշնչեն հանրությանը: Այսպիսով, ցանկացած դատավոր, որի անկողմնակալության մասով կա մտահոգվելու հիմնավոր պատճառ, պետք է գործի քննությունից հեռացվի (տե՛ս Միկալեֆն ընդդեմ Մալթայի [ՄՊ] [Micallef v. Malta [GC]], թիվ 17056/06, § 98, ՄԻԵԴ 2009)» (տե՛ս, ի թիվս այլնի, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 35443/13) գործով 24.01.2019 թվականի վճիռը):
ՀՀ Վճռաբեկ դատարանը նույնպես գտել է, որ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ օրինական կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը սուբյեկտիվ մոտեցումն է, որը փորձում է պարզել տվյալ դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ, և երկրորդը` օբյեկտիվ մոտեցումը, որը սահմանում է, թե արդյոք դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարար են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար (տե'ս ըստ դիմումի Կարինե Հարությունյանի թիվ ԵԱՔԴ/1137/02/08 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):
Միջնորդության ուսումնասիրությունից բխում է, որ Դատարանին վերագրվող կանխակալ վերաբերմունքի դրսևորումներից է այն հանգամանքը, որ (1) «Դատարանն իր կողմից 26.05.2023 թվականին կայացված «Հայցի ապահովման միջոց կիրառելու» մասին որոշման, 28.06.2023 և 24.08.2023 թվականներին կայացված «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին» մեջ նշված հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստական հիմքը վերացված լինելու պայմաններում չի վերացրել Արազ Զուրաբյանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, դրսևորելով կողմնակալ վերաբերմունք»: Դատարանն արձանագրում է, որ իրավասու չէ գնահատական տալ իր կայացրած դատական ակտերին, իսկ Դատարանի կայացրած դատական ակտի դեմ անհամաձայնությունը կարող է հայտնվել այդ դատական ակտը բողոքարկելով, կամ հետաձգված բողոքարկման կարգով վերջնական դատական ակտը բողոքարկելով:
(2) «Դատարանը կողմնակալություն դրսևորելով երեխայի մոր կողմից սուտ ցուցմունք տալն ակնհայտորեն վկայող հանգամանքների առկայության պայմաններում իրավասու մարմիններին չի դիմել սկզբնական հայցվորին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, դեռ ավելին, դրանց հիման վրա կայացել է երեխայի լավագույն շահից չբխող որոշումներ»: Դատարանն արձանագրում է, որ սուտ ցուցմունք տալը ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածով սահմանված հանցագործություն է, Դատարանn իրավասու չէ սույն քաղաքացիական գործի շրջանակներում որևէ ցուցմունք համարել սուտ: Բացի այդ Դատարանն ընդգծում է, որ հանցագործության մասին հաղորդում կարող է ներկայացնել յուրաքանչյուր անձ:
(3) «Դատարանը կողմնակալություն դրսևորելով, երեխայի մոր կողմից երեխային լքած լինելու և երեխայի նկատմամբ իր ծնողական պարտականությունները յոթ ամիս շարունակ չկատարելու պայմաններում, գտել է, որ երեխայի լավագույն շահից է բխում երեխայի՝ մոր խնամքին լինելը և առանց որևէ ապացույցի եզրակացրել է, որ մոր իրավունքները պետք է վերականգնել, քանի որ նրա վարքագիծը փոխվել է»: Դատարանն արձանագրում է, որ Դատարանի որևէ որոշման մեջ առկա չէ դատողություն և եզրահանգում այն մասին, որ «մոր իրավունքները պետք է վերականգնել, քանի որ նրա վարքագիծը փոխվել է», ավելին տվյալ դեպքում հայցվորի ծնողական իրավունքները սահմանափակված չեն կամ նա զրկված չէ ծնողական իրավունքներից:
(4) «Թիվ ՏԴ/1646/02/23 քաղաքացիական գործով դատավոր Նարինե Անանյանը խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի պահանջները Արազ Զուրաբյանի վրա դրել է բացասական փաստի ապացուցման պարտականություն»: Դատարանն արձանագրում է, որ սույն գործով գործին մասնակցող անձանց հետ չի քննարկել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, ինչպես նաև գործին մասնակցող անձանց հետ չի քննարկել ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը:
Ողջ վերոգրյալից ակնհայտ է, որ սույն գործով նախագահող դատավորը չունի որևէ պատճառ՝ հայցվորի կամ պատասխանողների նկատմամբ կանխակալ վերաբերմունք դրսևորելու, ընդ որում, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 26 էջ կազմող Միջնորդության մեջ նշում չկա Դատարանի կանխակալ վերաբերմունքի շարժառիթի վերաբերյալ, այսինքն, թե, ո՞ր հանգամանքն է Դատարանին ստիպել հայցվորի կամ պատասխանողների նկատմամբ լինել աչառու:
Դատարանի գնահատմամբ Միջնորդությունը բացառապես այն ներկայացրած կողմի անհամաձայնությունն է Դատարանի որոշումներին:
Այսպիսով, Դատարանը գտնում է, որ պատասխանողի կասկածները՝ Դատարանի կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ, մտացածին են և կոնկրետ դեպքում բացարկի միջնորդության հեղինակը չի հիմնավորել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով սահմանված որևէ դրույթ, ինչը հիմք կտար ենթադրելու, որ ողջամիտ կասկածներ կան տվյալ գործով նախագահող դատավորի կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ, իսկ Դատարանի գնահատմամբ, բացարկը բացառիկ միջոց է, և դատավորի անաչառության վերաբերյալ կասկածները պետք է հիմնավորվեն միայն կոնկրետ ու արժանահավատ փաստերով և հանգամանքներով և առանց համապատասխան հիմքի դատարանի կողմից բացարկ հայտնելը հրաժարում է դատարանի սահմանադրական առաքելությունից՝ արդարադատություն իրականացնելուց:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 28-րդ, 29-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Մերժել պատասխանողների և հակընդդեմ հայցով հայցվորների ներկայացուցչի ներկայացրած՝ բացարկ հայտնելու միջնորդությունը:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`