Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/6170/02/22 քաղաքացիական գործով որոշում

06.02.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԻ 99-ՐԴ ՀՈԴՎԱԾ

Հայցվոր «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության
ներկայացուցիչ Հարություն Մելքոնյանին
(ՀՀ քաղաք Երևան Չարենցի 1, 2-րդ հարկ 213 սենյակ)
Պատասխանող Կորյուն Լուկաշի Աթոյանին
(ՀՀ քաղաք Երևան Նոր Նորք Դ.Մալյան փողոց 22, 6)

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«31» հունվարի 2024 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ժ. Ասատրյանս, առանց դատական նիստ հրավիրելու քննելով ըստ հայցի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ 02655115, գրանցման համար թիվ 273.120.934743, հասցեն` ՀՀ քաղաք Երևան Աբովյան 66) ընդդեմ Կորյուն Լուկաշի Աթոյանի (հասցեն` ՀՀ քաղաք Երևան Նոր Նորք Դ.Մալյան փողոց 22, 6)` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/6170/02/22 քաղաքացիական գործով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության դիմումը՝ կատարողական թերթ տալու և կատարողական թերթի ներկայացման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Սուքոյան) 27.06.2022 թվականի վճռով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցն ընդդեմ Կորյուն Լուկաշի Աթոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին բավարարվել է:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (այսուհետ` Դատարան) Ընկերության դիմումն ստացվել է և դատավոր Ժ.Ասատրյանին մակագրվել է 27.10.2023 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 01.11.2023 թվականին, իսկ քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 17.01.2023 թվականին:

Պարտատիրոջ (դիմողի) փաստարկները և իրավական դիրքորոշումը.
Ընկերության ներկայացուցիչը դիմում է ներկայացրել դատարան և հայտնել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2022 թվականի թիվ ԵԴ/6170/02/22 քաղաքացիական գործով կայացված վճիռը թղթային տարբերակով Հայցվոր կողմն ստացել է 25.09.2023 թվականին, իսկ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է 03.09.2023 թվականին, ուստի նման պարագայում կատարողական թերթ ներկայացնելու հնարավորությունը բացակայել է: Այսինքն, այստեղ ակնհայտ է դառնում, որ դիմումի ներկայացման համար նախատեսված ժամկետը բաց է թողնվել Հայցվորի կամքից անկախ հանգամանքներում և ոչ իր մեղքով, ուստի նման դատավարական ժամկետի բացթողումը պետք է դատարանի կողմից ճանաչվի հարգելի, վերականգնվի այն և տրամադրվի կատարողական թերթ, որի պարագայում կվերականգվնեն նաև Հայցվորի կոպտորեն խախտված իրավունքներն ու օրինական շահերը: Հաշվի առնելով վերոգրյալը ակնհայտ է, որ կատարողական թերթ տրամադրելու բաց թողնված ժամկետը դատարանի կողմից պետք է համարվի հարգելի և տրամադրվի կատարողական թերթ:
Վերոգրյալը նկատի ունենալով և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 24-րդ հոդվածը, խնդրել է թիվ ԵԴ/6170/02/22 քաղաքացիական գործով հարգելի համար կատարողական թերթի ներկայացման բաց թողնված ժամկետը, տրամադրել կատարողական թերթ:

Պարտապանի փաստարկները և իրավական դիրքորոշումը.
Ընկերությունը դիմումը կից ներկայացրել է 10.10.2023 թվականի կոդ LO111638181AM անդորրագիրը՝ դիմումը պարտապան Կորյուն Լուկաշի Աթոյանին ուղարկելու մասին, սակայն պարտապան Կորյուն Լուկաշի Աթոյանը որևէ դիրքորոշում չի ներկայացրել:

Դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1. ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Սուքոյան) 27.06.2022 թվականի թիվ ԵԴ/6170/02/22 վճռով (օրինական ուժի մեջ է մտել 20.07.2022 թվականին) հայցը բավարարվել է։ Վճռվել է. ««Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Կորյուն Լուկաշի Աթոյանի գումարի բռնագանձման պահանջի մասին բավարարել: Կորյուն Լուկաշի Աթոյանից հօգուտ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բռնագանձել 46.397 ՀՀ դրամ պարտավորությունների ընդհանուր գումար: Կորյուն Լուկաշի Աթոյանից հօգուտ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բռնագանձել 1500 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար և 8.351 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:
2. ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Սուքոյան) 27.06.2022 թվականի (օրինական ուժի մեջ է մտել 20.07.2022 թվականին) թիվ ԵԴ/6170/02/22 վճիռն Ընկերությունն ստացել է 26.09.2023 թվականին (հիմք՝ ծանուցագիր՝ թիվ ALՕ111380238AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման):
3. Ըստ DataLex.am դատական տեղեկատվական համակարգի՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2022 թվականի վճիռը հրապարկվել է 03.09.2023 թվականին:
4. Ընկերությունը 27.10.2023 թվականին ներկայացրել է դիմում և խնդրել է թիվ ԵԴ/6170/02/22 քաղաքացիական գործով հարգելի համար կատարողական թերթի ներկայացման բաց թողնված ժամկետը, տրամադրել կատարողական թերթ:

Դատարանի կիրառելի իրավունքը, վերլուծությունը պատճառաբանությունները և եզրահանգումը.
Դատարանը, ուսումնասիրելով դիմումը և գործում առկա ապացույցները, գտնում է, որ այն պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.
Այսպես` ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում ՀՀ վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ու «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» Միջազգային դաշնագրի (16 դեկտեմբեր 1966թ.) 14-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բոլոր անձինք հավասար են դատարանների առջև, ինչպես նաև յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր դիրքորոշումն է արտահայտել «դատարանի մատչելիության իրավունքի» վերաբերյալ և նշել` Կոնվենցիան նպատակ ունի երաշխավորել ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և գործող իրավունքներ (…): Սա հատկապես վերաբերում է դատարանների մատչելիության իրավունքին, արդար դատաքննության իրավունքին, քանի որ այն կատարվում է ժողովրդավարական հասարակությունում (տես` Էյրին ընդդեմ Իռլանդիայի, 1979թ. հոկտեմբերի 9-ի վճռում, 12-14, 24 էջեր և Այթ-Մուհուբն ընդդեմ Ֆրանսիայի գործերով, 28.10.1998թ.):
Տվյալ պարագայում, Ընկերությունը, օգտվելով վերը նշված իրավական նորմերով դատական իրավունքի պաշտպանությունից, վերջինս դիմել է դատարան:
Այսպես` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-¬ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը (...):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր կատարման ենթակա են` 1) քաղաքացիական գործերով դատական ակտերը, (...):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ կատարողական թերթը տրվում է դատարանի վճիռների, (...) հիման վրա:
Միևնույն ժամանակ Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է գործը քննած առաջին ատյանի դատարանը, (…), իսկ 3-րդ մասի համաձայն՝ դիմումի հիման վրա եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալու հարցը լուծվում է դիմումն ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, իսկ միջանկյալ դատական ակտերի հարկադիր կատարման համար՝ դիմումն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ` օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:
Ընդ որում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-4-րդ մասերի համաձայն՝ 1. Պահանջատիրոջ կողմից կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել: 2. Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տալու իրավասություն ունեցող դատարան` կցելով դիմումը պարտապանին ուղարկելու մասին ապացույց: Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում ներկայացված դիմումը չի քննարկվում, որի մասին դիմումը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը: 3. Դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: 4. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
Հատկանշական է, որ Վճռաբեկ դատարանը «Յունիբանկ» ՓԲԸ-ի դիմումի ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի` սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԼԴ/0039/04/14 սնանկության գործով իր իրավական դիրքորոշումն է արտահայտել «Դատական ակտերի կատարման իրավունքը՝ որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ» լինելու վերաբերյալ, մասնավորապես` արձանագրելով, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը՝ որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար:
ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ: (...): Այսպես. օրենքը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու իրավունքը տվել է դատարանին, ինչն իրավաչափ է: Դատարանը, քննելով դիմումը, անդրադառնում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչելու նպատակով պահանջատիրոջ ներկայացրած պատճառների հիմնավորվածությանը: Այսինքն` դատական նիստ հրավիրելու մասին օրենքի պահանջի տրամաբանությունը պահանջատիրոջ կողմից դատարան ներկայացված պատճառները հարգելի լինելու հանգամանքի մասին դատարանի կողմից պատճառաբանված գնահատական տալն է: Հետևաբար, այն պարագայում, երբ դատարանը հարգելի է համարում ներկայացված պատճառները, ապա վերականգնում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը: (…): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավունքի լիարժեք իրացումը կախվածության մեջ է դրվում դատական հայեցողությունից` ներկայացված պատճառները հարգելի ճանաչելու հանգամանքից զատ նաև բաց թողնված ժամկետի վերականգնման հարցի լուծման առումով, սահմանադրական դատարանը գտել է, որ նշված դատական հայեցողությունը չի կարող մեկնաբանվել այնքան լայն, որ խաթարվի այլոց իրավունքների և ազատությունների, ներառյալ՝ դրանց պաշտպանության իրավունքի էությունը կամ անհարկի սահմանափակվի դրանց իրացումը:
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ նշված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ ՄԻԵԴ-ի՝ դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, HORNSBY v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):
Այսպիսով, դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ ՄԻԵԴ-ի և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցման համաձայն՝ դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է. այն չի կարող առանձնացվել արդարադատությունից: Առանց դատական ակտերի պատշաճ կատարման դատավարությունն արդյունավետ չի լինի և չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ չնայած Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ուղղակիորեն չի ամրագրում դատական ակտի կատարման իրավունքը, այնուամենայնիվ, այն համարվում է արդար դատաքննության իրավունքի անօտարելի տարրը:
Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե´ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
Այսպիսով, Դատարանը, հիմք ընդունելով դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցումները, հավելում է, որ կատարողական վարույթը խախտված կամ վիճարկվող սուբյեկտիվ նյութական իրավունքների կամ օրինական շահերի պաշտպանությանն ուղղված կատարողական փաստաթղթերի հարկադիր կատարումը և այդ կապակցությամբ կատարողական վարույթի մասնակիցների գործունեությունը կարգավորող իրավական նորմերի համակարգ է:
Հետևաբար նշված իրավական նորմերի համակարգային վերլուծությունը հանգեցնում է, որ կատարման (կատարողական վարույթ հարուցելու) հիմքերը Հայաստանի Հանրապետության այն վճիռներն են, որոնք ենթակա են հարկադիր կատարման կատարողական վարույթի կանոններով («Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով):
Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հարկադիր կատարումը կարգավորող իրավական նորմերով հնարավորություն է ընձեռել պահանջատիրոջը օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա ստանալու կատարողական թերթ, ինչպես նաև օրենսդիրը պահանջատիրոջը հնարավորություն է ընձեռել կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու դեպքում դիմելու դատարան հարգելի ճանաչված պատճառներով այն վերականգնելու վերաբերյալ:
Հետևաբար, Դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ բոլոր դեպքերում բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Դա բացատրվում է նրանով, որ յուրաքանչյուր դատական վեճ ունի իր առանձնահատկությունները և յուրաքանչյուր դեպքում ելնելով կոնկրետ հանգամանքներից` օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու հիմքերն էապես կարող են տարբերվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց պարագայում: Վերոգրյալն ի մի բերելով` Դատարանը գտնում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ թե´ ֆիզիկական անձը և թե´ իրավաբանական անձը պարտավոր են ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել են իրենցից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել համապատասխան գործողությունները կատարելու համար:
Սույն գործի փաստերի համաձան՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Սուքոյան) 27.06.2022 թվականի թիվ ԵԴ/6170/02/22 վճռով (օրինական ուժի մեջ է մտել 20.07.2022 թվականին) հայցը բավարարվել է։ Վճռվել է. ««Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Կորյուն Լուկաշի Աթոյանի գումարի բռնագանձման պահանջի մասին բավարարել: Կորյուն Լուկաշի Աթոյանից հօգուտ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բռնագանձել 46.397 ՀՀ դրամ պարտավորությունների ընդհանուր գումար: Կորյուն Լուկաշի Աթոյանից հօգուտ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բռնագանձել 1500 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար և 8.351 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:
Ավելին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Սուքոյան) 27.06.2022 թվականի (օրինական ուժի մեջ է մտել 20.07.2022 թվականին) թիվ ԵԴ/6170/02/22 վճիռն Ընկերությունն ստացել է 26.09.2023 թվականին (հիմք՝ ծանուցագիր՝ թիվ ALՕ111380238AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման):
Ընդ որում, ըստ DataLex.am դատական տեղեկատվական համակարգի՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2022 թվականի վճիռը հրապարկվել է 03.09.2023 թվականին:
Փաստերի նման դասավորվածության համատեքստում` հաշվի առնելով սույն գործի առանձնահատկությունները և հիմք ընդունելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները Դատարանը՝ անդրադառնալով Ընկերության ներկայացուցչի պատճառաբանությանը վերոգրյալի համատեքստում, որ Ընկերությունը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2022 թվականի (օրինական ուժի մեջ է մտել 20.07.2022 թվականին) թիվ ԵԴ/6170/02/22 վճիռն ստացել է 26.09.2023 թվականին, այսինքն՝ Ընկերությունը դատական ակտն ստացել է այն ժամանակ, երբ լրացել է կատարողական թերթ ստանալու մասին դիմում ներկայացնելու ժամկետը, ավելին, DataLex.am դատական տեղեկատվական համակարգում ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2022 թվականի վճիռը հրապարկվել է 03.09.2023 թվականին, այսինքն՝ Ընկերությունը օրենքով սահմանված ժամկետի ընթացքում իր կամքից անկախ պատճառներով հնարավորություն չի ունեցել ձեռնարկել ողջամիտ ու բավարար միջոցներ կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ուղղությամբ, վերջինս չի կարողացել օրենքով սահմանված ժամանակահատվածում դատարանից ստանալ կատարողական թերթ, որի հետևանքով իր կամքից անկախ բաց է թողել կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը, որպիսի իրավակարգավորման պայմաններում Դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից կատարողական թերթ ստանալու բաց թողնված ժամկետի պատճառը հարգելի է, հետևաբար Ընկերության դիմումը՝ կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետի բաց թողումը հարգելի համարելու և կատարողական թերթ տրամադրելու մասին, հիմնավոր է և ենթակա բավարարման։
Միևնույն ժամանակ Դատարանը փաստում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ դատավարական ժամկետները սահմանվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով սահմանված է, որ վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքով կայացված որոշումը, իսկ 362-րդ հոդվածով սահմանված է, որ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, սույն օրենսգրքի 181-րդ հոդվածով և 302-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում, ուստի Դատարանը գտնում է, որ սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 83-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածով, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով, 361-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 362-րդ հոդվածի 4-րդ մասով` դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ Կորյուն Լուկաշի Աթոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/6170/02/22 քաղաքացիական գործով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության դիմումը՝ կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետի բաց թողումը հարգելի համարելու և կատարողական թերթ տրամադրելու մասին, բավարարել՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից թիվ ԵԴ/6170/02/22 քաղաքացիական գործով կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը վերականգնել և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել կատարողական թերթ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2022 թվականի (օրինական ուժի մեջ է մտել 20.07.2022 թվականին) վճռի հիման վրա:
2. Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:


ԴԱՏԱՎՈՐ Ժ. ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ ք Երևան, Մովսես Խորենցու 162ա

Հեռ..` 0010-57-34-44

Էլ. փոստ`