Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/32671/02/20 քաղաքացիական գործով պատասխանող <<Գալիք>> համալսարան արտադրական կոոպերատիվի վերաբերյալ դատական ծանուցագիր

25.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Գևորգ Սողոմոնի Ավետիսյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ <<Գալիք>> համալսարան արտադրական կոոպերատիվի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ գույքի շինության տարածքից հանել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՊԱՐԶԵՑ

Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ <<Գալիք>> համալսարան արտադրական կոոպերատիվի՝ գույքի շինության տարածքից հանել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Մ. Տաշչյան/ 14.12.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Մ. Տաշչյան/ 10.03.2022 թվականի վճռով Գևորգ Սողոմոնի Ավետիսյանի հայցն ընդդեմ <<Գալիք>> համալսարան արտադրական կոոպերատիվի՝ գույքի շինության տարածքից հանել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջի մասին, մերժվել է հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 26.04.2022 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք թիվ ԵԴ/32671/02/20 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2022 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.05.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը ընդունվել է վարույթ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2022 թվականի որոշմամբ որոշվել է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով և վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտը հրապարակել 12.09.2022 թվականին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2022 թվականի որոշմամբ Հայցվորի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի և թիվ ԵԴ/32671/02/20 քաղաքացիական գործով 10.03.2022 թվականի վճիռը՝ գույքը ըարածքից հանելուն պարտավորեցնելու և որպես պատճառված վնասի հատուցում 7.344.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջները մերժելու մասով բեկանվել է և այդ մասով գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: 2.640.000 ՀՀ դրամ գումարը որպես չվճարված վարձակալության պայմանագրի գումար բռնագանձելու պահանջը մերժելու մասով վճիռը թողնվել է անփոփոխ:
Թիվ ԵԴ/32671/02/20 քաղաքացիական գործը 22.03.2023 թվականին մակագրվել է դատավոր Ս. Երիցյանին:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 27.03.2023 թվականին:
Դատարանի 30.03.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 03.05.2023 թվականին, ժամը 15:00-ին:
Դատարանի 03.05.2023 թվականի արձանագրային որոշմամբ նույն օրը հրավիրված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 03.10.2023 թվականին, ժամը 16:00-ին:
Դատարանի 03.10.2023 թվականի արձանագրային որոշմամբ նույն օրը հրավիրված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 20.02.2024 թվականին, ժամը 16:00-ին:
Դատարանն, առաջնորդվելով Հայցվորի կողմից նախապես կանխորոշված հայցի հիմքի և առարկայի սահմաններով, ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով՝ եկավ հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
2. Գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում`
1) պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, 2) պարզում է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը, 3) պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը, 4) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, 5) լուծում է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու հարցը, 6) պարզում է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը, 7) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, 8) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը, 9) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն` սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
(...)
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
4. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կարող է փոփոխել մինչև նախնական դատական նիստի ավարտը:
5. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը նախնական դատական նիստի ավարտից հետո կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողությունների կամ միջնորդությունների քննության արդյունքով:
6. Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն` ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով. 2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Վերը նշված իրավադրույթների լույսի ներքո Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով:
Միաժամանակ Դատարանը քննարկել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, քննարկել է ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելու հարցը, ինչպես նաև ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի համաձայն.
1. Դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով։
2. Գործի նոր քննության ժամանակ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
3. Մինչև գործի նոր քննությունը գործով հաստատված փաստերը գործի նոր քննության ժամանակ պարտադիր են դատարանի համար, բացառությամբ գործն ամբողջ ծավալով քննելու դեպքերի:
4. Գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել նոր ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ, եթե՝
1) հիմնավորում է, որ ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով.
2) դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս այդ անձի վրա դրել է այնպիսի փաստ ապացուցելու պարտականություն, որը գործի նախորդ քննության ժամանակ նրա վրա չէր դրվել:
5. Գործի նոր քննության ժամանակ նոր ապացույց թույլատրելու դեպքում դրանով ապացուցման ենթակա փաստը հաստատող կամ մերժող նոր ապացույց կարող են ներկայացնել նաև գործին մասնակցող մյուս անձինք, բացառությամբ այն դեպքի, երբ գործի նախորդ քննության ժամանակ այդ փաստի ապացուցման պարտականությունը դրված է եղել նրանց վրա:
6. Գործի նախորդ քննությունների ժամանակ չթույլատրված ապացույցները նոր քննության ժամանակ ենթակա չեն հետազոտման և գնահատման, բացառությամբ այն դեպքի, երբ դատական ակտը բեկանվել է տվյալ ապացույցը թույլատրված չլինելու հիմքով:

Սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման կարիք չունեցող փաստերի շրջանակը, այն է`
1) Երևան քաղաքի Ազատության պողոտա 24-րդ շենքի թիվ 4 հասցեում գտնվող 1.149,5 քմ մակերեսով շինությունը սեփականության իրավունքով Գևորգ Սողոմոնի Ավետիսյանին պատկանելու փաստը:
2) Գևորգ Սողոմոնի Ավետիսյանի և <<Գալիք>> համալսարան արտադրական կոոպերատիվի միջև մինչև 01.03.2015 թվականը ժամկետով <<Անշարժ գույքի վարձակալության>> պայմանագիր կնքված լինելու փաստը:
3) Գևորգ Սողոմոնի Ավետիսյանի և <<Գալիք>> համալսարան արտադրական կոոպերատիվի միջև կնքված <<Անշարժ գույքի վարձակալության>> պայմանագրից բխող իրավունքները պետական գրանցում ստացած լինելու փաստը:
4) Երևան քաղաքի Ազատության պողոտա 24-րդ շենքի թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ <<Գալիք>> համալսարան արտադրական կոոպերատիվի վարձակալության իրավունքը դադարած լինելու փաստը:

Սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, այն է`
5) Հայցվոր Գևորգ Սողոմոնի Ավետիսյանի իրավունքները խախտված լինելու և այդ խախտման արդյունքում անբարենպաստ հետևանքներ հանգեցրած լինելու փաստերը:
6) Պատասխանող <<Գալիք>> համալսարան արտադրական կոոպերատիվի կողմից Գևորգ Սողոմոնի Ավետիսյանին վնաս պատճառած լինելու փաստը:
7) Պատասխանող <<Գալիք>> համալսարան արտադրական կոոպերատիվի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու՝ մասնավորապես իրեն պատկանող գույքը Գևորգ Սողոմոնի Ավետիսյանին պատկանող՝ Երևան քաղաքի Ազատության պողոտա 24-րդ շենքի թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի տարածքից հեռացրած չլինելու փաստը:
8) Հայցվոր Գևորգ Սողոմոնի Ավետիսյանին պատճառված վնասը 7.344.000 ՀՀ դրամ կազմելու փաստը:
9) Հայցվոր Գևորգ Սողոմոնի Ավետիսյանին պատճառված վնասի և պատասխանող <<Գալիք>> համալսարան արտադրական կոոպերատիվի կողմից դրսևորած ոչ իրավաչափ վարքագծի միջև պատճառահետևանքային կապի առկայության փաստը:
10) Հայցվոր Գևորգ Սողոմոնի Ավետիսյանի կողմից Երևան քաղաքի Ազատության պողոտա 24-րդ շենքի թիվ 4 հասցեում գտնվող գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման եղանակների առնչությամբ իրական մտադրություն /բաց թողնված օգուտի մասով/ ունեցած լինելու փաստը:
11) Հայցվոր Գևորգ Սողոմոնի Ավետիսյանին պատճառված վնասում պատասխանող <<Գալիք>> համալսարան արտադրական կոոպերատիվի մեղքի բացակայության փաստը:

Դատարանն ապացուցման բեռի բաշխման կանոնների սահմաններում 1-10-րդ փաստերի ապացուցման պարտականությունը վերապահել է հայցվոր Գևորգ Սողոմոնի Ավետիսյանին, իսկ 11-րդ փաստերի ապացուցման պարտականությունը՝ պատասխանող <<Գալիք>> համալսարան արտադրական կոոպերատիվին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը`

ՈՐՈՇԵՑ

1. Սահմանել թիվ ԵԴ/32671/02/20 քաղաքացիական գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը՝ ըստ սույն որոշման պատճառաբանական մասի:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Հրավիրել նախնական դատական նիստ 12.06.2024 թվականին, ժամը` 12:15-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
4. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`