Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.10.2021

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Վազգեն Մովսեսյանը, հանդիսանալով փոխադրամիջոցի գույքահարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 7-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․

Համաձայն Հայաստանի Հանրապետության ՃՈԾ Կոտայքի հաշվառման քննական բաժանմունքի կողմից տրված ելակետային տվյալների՝ հարկման օբյեկտ հանդիսացող՝ PORSCHE CAYENNE TURBO 4.5 մակնիշի 35 SG 716 պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է քաղաքացի Վազգեն Մովսեսյանի սեփականությունը։ Համայնքի բյուջե վճարման ենթակա փոխադրամիջոցի գույքահարկը 2018-2020 թվականների համար կազմում է 656 250 (վեց հարյուր հիսունվեց հազար երկու հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը սահմանված ժամկետում չի վճարվել։ Քաղաքացի Վազգեն Մովսեսյանի՝ նշված ժամանակահատվածի համար փոխադրամիջոցների գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 170 631 (մեկ հարյուր յոթանասուն հազար վեց հարյուր երեսունմեկ) դրամի չափով։

2021 թվականի սեպտեմբերի 7-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 թվականի սեպտեմբերի 28-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Վազգեն Մովսեսյանը։ Վերջինս վարչական վարույթի լսումների չի ներկայացել։

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը․

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։

Համաձայն Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցի գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Իրավահարաբերությունների պահին գործող «Հարկային օրենսգրքի» 447-րդ հոդվածի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0.075 տոկոսի չափով։

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, Հարկային օրենսգրքի 239-րդ և 240-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-60-րդ հոդվածներով, որոշում եմ․

1․Քաղաքացի Վազգեն Մովսեսյանից հօգուտ Ջրվեժ համայնքի բյուջեի գանձել 826 881 (ութ հարյուր քսանվեց հազար ութ հարյուր ութսունմեկ) դրամ, որպես վճարման ենթակա փոխադրամիջոցի գույքահարկ, որից՝ 170 631 (մեկ հարյուր յոթանասուն հազար վեց հարյուր երեսունմեկ) դրամը՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։

2․Որոշումն օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում պատշաճ ձևով հանձնել Վազգեն Մովսեսյանին։

3․ Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։

4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Վարչական դատավարության օրենսգրով սահմանված կարգով՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։

5․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո։

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, Ջրվեժ համայնք, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան 76

Հեռ..` 010-68-49-29

Էլ. փոստ`