Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.08.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված

Որոշում N ——
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ
ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանս, քննելով՝
1. քաղաքացի Նազելի Այվազյանի դիմումի հիման վրա Տեսչական մարմնում 2023 թվականի հունվարի 11-ին հարուցված վարչական վարույթի նյութերը,
2. Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «ՆԹՖ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) քաղաք Երևան, Արցախի 138 հասցեում 2023 թվականի հունվարի 18-ին իրականացված զննման արձանագրությունը և Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման 2023 թվականի փետրվարի 16-ի ծանուցագիրը,
4. վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի փետրվարի 24-ի թիվ 0382 արձանագրությունը,
5. վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին 2023 թվականի մարտի 6-ի ծանուցումը,
6. Ընկերության տնօրեն Բելա Մինասյանի ներկայացուցիչ Քրիստինե Զիլֆուղարյանի 03.09.2023 թվականի դիրքորոշումը։

Պարզեցի
1.Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Նազելի Այվազյանի դիմումը, Տեսչական մարմնում 2023 թվականի հունվարի 11-ին հարուցվել է թիվ ՎԴ-010 վարչական վարույթը` Ընկերությունում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ, 170-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Մասնագետների կողմից 2023 թվականի հունվարի 18-ին Ընկերության գործունեության հասցեում (քաղաք Երևան, Նոր Արեշ 15 փող., 14 տուն) իրականացվել է զննում։
Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը.
1. Նազելի Այվազյանի աշխատանքային պայմանագիրը,
2. Նազելի Այվազյանի աշխատանքից ազատման հրամանը և դիմումը,
3. Նազելի Այվազյանի աշխատավարձի և վերջնահաշվարկի հաշվարկման ու վճարման տեղեկագրերը,
4. Ընկերության աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերը,
5. Նազելի Այվազյանի աշխատավարձի փոխանցմանն առնչվող դիմումները։
Արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ Նազելի Այվազյանի 2020 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2021 թվականի հունվար, փետրվար ամիսների աշխատավարձը և վերջնահաշվարկը՝ ընդհանուր գումարով 939844 ՀՀ դրամ (առանց հարկերի և այլ պարտադիր վճարումների) վճարվել է ոչ աշխատողի անվամբ բացված բանկային հաշվեհամարին։
Ընկերության տնօրեն Բելա Մինասյանը պատշաճ կարգով ծանուցվել է հարուցված վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին։
2023 թվականի փետրվարի 24-ին նշանակված վարչական իրավախախտման արձանագրության կազմմանը Ընկերության տնօրենը չի ներկայացել և չի ներկայացրել միջնորդություն՝ այն հետաձգելու վերաբերյալ։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի փետրվարի 24-ին կազմվել է թիվ 0382 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը։
2023 թվականի մարտի 9-ին նշանակված վարչական իրավախախտման գործի քննությանը Ընկերության տնօրեն Բելա Մինասյանի ներկայացուցիչ Քրիստինե Զիլֆուղարյանը (այսուհետ՝ Ներկայացուցիչ) ներկայացրել է Ըններության դիրքորոշումը 2023 թվականի փետրվարի 24-ին կազմված թիվ 0382 վարչական իրավախախտման (առարկություն) արձանագրության վերաբերյալ, համաձայն որի.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2020 թվականից մինչև 2021 թվականի փետրվար ամիսը գործող 192-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ գործատուն աշխատողի աշխատավարձը կարող է փոխանցել աշխատողի նշված բանկային հաշվին դրամական փոխանցումով։
2. Վարչական վարույթի ընթացքում հաստատվել է, որ Նազելի Այվազյանը փաստացի ստացել է իր աշխատավարձերը և ներկայացրել է դիմումներ աշխատավարձերը այլ անձի հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ,
3. Ընկերությունը Նազելի Այվազյանի աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկել և վճարել է նրա դիմումով ներկայացված հաշվեհամարին՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի և ՄԻԵԿ-ին կից արձանագրության 1-ին հոդվածի պահանջները,
4. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասում 2022 թվականի հունվարին կատարված փոփոխությունը ենթադրում է, որ փոփոխությունից հետո գործատում հստակ չի կարող աշխատողի աշխատավարձը փոխանցել աշխատողի ներկայացված այլ հաշվեհամարին, իսկ մինչև նշված հոդվածի փոփոխությունը արգելք սահմանված չի եղել,
5. Սույն հոդվածի սահմանադրության համապատասխանության հարցով առկա է նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշում (19.09.2012 թվական, ՍԴՈ 1048), համաձայն որի դատարանը արձանագրել է, որ.
- Գործատուի կողմից աշխատավարձի հաշվարկումն ու վճարումը կատարվում է օրենքով նախանշված սկզբունքներով որոշված ժամկետներում և կարգով,
- գործատուն պատասխանատու է աշխատավարձի ժամանակին և ամբողջությամբ վճարման, ինչպես նաև վերջինիս կետանցման համար,
- գործատուն պատասխանատու չէ, եթե աշխատավարձը չի վճարվել ոչ իր մեղքով։
Այսպիսով, ինչպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերոհիշյալ, այնպես էլ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի վիճարկվող նորմերն իրենց իրավակարգավորման առարկայով կազմում են համակարգային ամբողջություն, որոնց բովանդակային վերլուծությունը վկայում է, որ արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի իրավունքի իրացման հետ կապված հարաբերությունները կարգավորելիս օրենսդիրը ելել է իրավական այն մեկնակետից, համաձայն որի՝ աշխատավարձ հաշվարկման և վճարման հետ կապված գործատու-իրավասուբյեկտների վերոթվարկյալ գործողություններն (անգործությունը) իրենից հասարակական վտանգավորություն են ներկայացնում, երբ խախտվում են ՀՀ Սահմանադրության և միջազգային իրավունքով երաշխավորված՝ անձի աշխատանքային իրավունքները (աշխատավարձի իրավունքը), իսկ վտանգավորության աստիճանի տեսանկյունից ենթակա են վարչաիրավական ներգործության միջոցի։ Այդպիսով, ՀՀ Սահմանադրական դատարանը գտել է, որ այդպիսի գործողությունները օրենսդիրը իրավախախտում որակելը հետապնդում է արդարացի՝ հետևաբար նաև սահմամադրական նպատակ, որը իր հերթին կոչված է նաև ապահովելու սահմանադրական օրինականության անխախտելիությունը։

2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը, համադրելով գործում առկա փաստական հանգամանքները, Ներկայացուցչի կողմից վարչական իրավխախտման գործի քննությանը ներկայացված դիրքորոշումը (առարկությունը), հաստատված է համարում, որ խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ Նազելի Այվազյանի 2020 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2021 թվականի հունվար, փետրվար ամիսների աշխատավարձը և վերջնահաշվարկը՝ ընդհանուր գումարով 939844 ՀՀ դրամ (առանց հարկերի և այլ պարտադիր վճարումների) վճարվել է ոչ աշխատողի անվամբ բացված բանկային հաշվեհամարին, իսկ Ներկայացուցիչ կողմից ներկայացված դիրքորոշումը (առարկությունը) անհիմն է, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է։
Միաժամանկ վարչական մարմինը արձանագրում է, որ Ընկերության տնօրեն Բելա Մինասյանի կողմից կատարված իրավախախտումը ունի նվազ նշանակություն, քանի որ Նազելի Այվազյանի աշխատավարձը այլ անձի հաշվեհամարին փոխանցվել է վերջինիս դիմումների հիման վրա և Նազելի Այվազյանը փաստացի ստացել է իր 2020 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2021 թվականի հունվար, փետրվար ամիսների աշխատավարձը և վերջնահաշվարկը, որը հաստատվել է վարչական վարույթի ընթացքում։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) վարչական տույժ նշանակելու մասին.
2) գործի վարույթը կարճելու մասին:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ:

3. Եզրափակիչ մաս
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը և ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 21-րդ, 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով՝

Որոշեցի

1. Բելա Մինասյանի նկատմամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը կարճել՝ վարչական իրավախախտման նվազ նշանակության հիմքով:
2․ Սույն որոշումը ծանուցել Բելա Մինասյանին (էլ. փոստ lawyerkristine@gmail.com):
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում մասնակցին իրազեկելու հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը համարել լուծված։



ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԳՈՀԱՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ


Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.
Որոշումը ստացա ______________________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
______________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ______________________________________________________________________________________________________________________
Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ ծանուցագրի համարը)

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`