Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում՝ Վարչական տույժ նշանակելու մասին

02.08.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված

Որոշում N ——
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանս, քննելով քաղաքացի Հարություն Տեր-Պետրոսյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի նյութերը, այդ թվում․
1. «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում իրականացված զննման արձանագրությունը,
2. վարչական վարույթի ընթացքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը հրավիրելու վերաբերյալ ծանուցումը,
3. 2023 թվականի փետրվարի 14-ին կազմված N 0320 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը,
4. վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի վերաբերյալ ծանուցումը.


Պարզեցի
1.Նկարագրական մաս
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հիմք ընդունելով քաղաքացի Հարություն Տեր-Պետրոսյանի դիմումը, Տեսչական մարմնում 2023 թվականի հունվարի 09-ին հարուցվել է վարչական վարույթ՝ «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ, 109-րդ և 186-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Վարչական վարույթի շրջանակներում մասնագետները Կազմակերպության քաղաք Երևան, Ս. Տարոնցի 11 հասցեում իրականացրել են զննում։
Ուսումնասիրվել են վարչական վարույթի նյութերը, այդ թվում.
1. դիմումատու Հարություն Տեր-Պետրոսյանի և Կազմակերպության միջև 2016 թվականի հունվարի 08-ին կնքված թիվ 09/16 անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը, համաձայն որի՝ վերջինս նշանակվել է մարզիչի պաշտոնում, շաբաթական 40 ժամ տևողությամբ,
2. Կազմակերպության և Հարություն Տեր-Պետրոսյանի միջև 2020 թվականի սեպտեմբերի 01-ին կնքված թիվ 3/20 որոշակի ժամկետով (մինչև 2021 թվականի մարտի 01-ը) աշխատանքային պայմանագիրը (այսուհետ նաև՝ Աշխատանքային պայմանագիր), համաձայն որի՝ վերջինս նշանակվել է շախմատ մարզաձևի մարզիչ, իրեն ամրագրված ուսումնամարզական խմբի անմիջական ղեկավար և պատասխանատու, շաբաթական 24 ակադեմիական ժամ (1 դրույք) տևողությամբ: Վերջինիս աշխատավարձը սահմանվել է ամսական 132276 (մեկ հարյուր երեսուներկու հազար երկու հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ,
3. Աշխատանքային պայմանագրի 2021 թվականի մարտի 01-ի հավելվածը, համաձայն որի՝ Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է 6 ամիս ժամանակով՝ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 01-ը, 2021 թվականի սեպտեմբերի 01-ի հավելվածը, համաձայն որի՝ Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է 6 ամիս ժամանակով՝ մինչև 2022 թվականի մարտի 01-ը, 2022 թվականի մարտի 01-ի հավելվածը, համաձայն որի՝ Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է 6 ամիս ժամանակով՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 01-ը, 2022 թվականի սեպտեմբերի 01-ի հավելվածը, համաձայն որի՝ Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը,
4. Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 24 հրամանը, համաձայն որի՝ Հարություն Տեր-Պետրոսյանը ազատվել է աշխատանքից՝ Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու հիմքով։
Արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ Հարություն Տեր-Պետրոսյանի հետ կնքվել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր (անհրաժեշտ հիմքերի բացակայության պայմաններում):
Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Վահանյանը պատշաճ կարգով ծանուցվել է ստուգման արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին, սակայն գրավոր դիմել է Տեսչական մարմնին՝ խնդրելով այն կազմել առանց իր ներկայության։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2022 թվականի փետրվարի 14-ին կազմվել է N 0320 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը, որը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին ծանուցագրի հետ միասին ծանուցվել է կողմին։
Տեսչական մարմնում (քաղաք Երևան, Ա. Արմենակյան 129, 5-րդ հարկ) 2023 թվականի փետրվարի 24-ին տեղի է ունեցել վարչական իրավախախտման գործի քննություն, որին Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Վահանյանը չի ներկայացել, սակայն ներկայացրել է գրավոր միջնորդություն՝ գործն իր բացակայությամբ քննելու մասին։

2. Պատճառաբանական մաս
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի հոդվածի համաձայն․
1․ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ:
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:
2.1. Եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է, կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկրորդ անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Սույն մասում ամրագրված դրույթը չի տարածվում սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա:
3. Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`
1) ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով.
1.1) օրենքով սահմանված ժամկետով նշանակված աշխատողների հետ.
2) (կետն ուժը կորցրել է 03.10.19 ՀՕ-183-Ն)
3) սեզոնային աշխատանքներ կատարողների հետ.
4) ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ.
5) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ.
6) օտարերկրացիների հետ՝ կացության իրավունքի վավերականության ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար օտարերկրացուց պահանջվում է ունենալ կացության կարգավիճակ.
7) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և վաթսուներեք տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող և վաթսունհինգ տարին լրացած անձանց հետ՝ գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա»։
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից, այսինքն, որպես կանոն, աշխատանքային հարաբերությունները պետք է կարգավորվեն անորոշ ժամկետով պայմանագրով և միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը: Այսինքն, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքերում, երբ կատարվելիք աշխատանքը կամ կատարման պայմանները կրում է ոչ մշտական բնույթ կամ առկա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նախապայմանները:
Տեսչական մարմինը վերոնշյալ նորմերի միասնական և օբյեկտիվ վերլուծության արդյունքում հաստատված է համարում, որ խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ Հարություն Տեր-Պետրոսյանի հետ կնքվել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր (անհրաժեշտ հիմքերի բացակայության պայմաններում)։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Վահանյանը (ՆՔ՝ 001490218, տրված 09.09.2014 թվականին, 099-ի կողմից, հասցե՝ քաղաք Երևան, Բաղրամյան 59-49)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Ռաֆայել Վահանյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Վահանյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես` «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 411, 412,41.6, 961 հոդվածներով, 158 հոդվածի տասնիններորդ մասով, 1695, 1698 հոդվածներով նախատեսված դեպքերի)` առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:

3. Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով, 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի
1. Ռաֆայել Վահանյանին՝ որպես խախտում թույլ տված անձ, ՀՀ աշխատանքային օրենսգքի 95-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի` նախազգուշացման։
2․ Սույն որոշումը ծանուցել Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Վահանյանին, էլ. հասցե՝ vahanyanchessschool@mail.ru։
3․ Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4․ Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5․ Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

ԳՈՀԱՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ


Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.

Որոշումը ստացա ______________________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
______________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ______________________________________________________________________________________________________________________

Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ ծանուցագրի համարը)

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`