Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արդարադատության նախարարությունն սկսում է 2021 թվականի համար նոտարների թեկնածուների որակավորման ստուգման անցկացման աշխատանքները

06.10.2021

Հայտատու` ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ Կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի թիվ 789-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետ

ԱՆ-ն սկսում է 2021 թվականի համար նոտարների թեկնածուների որակավորման ստուգման անցկացման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2021 թվականի համար նոտարների թեկնածուների որակավորման ստուգման անցկացման աշխատանքները:
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ 25 տարին լրացած քաղաքացին, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`

1)անցել է նոտարական գործունեության առնվազն 1 տարվա ստաժավորում, կամ
2)անցել է առնվազն 3 ամսվա ստաժավորում, եթե ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան կամ
3)չի անցել ստաժավորում և ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան:

Դիմորդը որակավորման ստուգման համար (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենք) նոտարի թեկնածուների որակավորման ստուգում անցկացնելու նպատակով ստեղծված քննական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) քարտուղարին առձեռն ներկայացնում է`

1) դիմում (ձևը կցվում է), որտեղ պետք է նշվեն`
ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
2) 2 գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի.
3) անձնագիրը (կամ նույնականացման քարտը) և դրա պատճենը.
4) իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորումը հավաստող վկայականը (դիպլոմը) և դրա պատճենը.
5) նոտարական գործունեության ստաժավորում անցած լինելու դեպքում ստաժավորումը ղեկավարող նոտարի եզրակացությունը, որում պետք է նշված լինեն ստաժավորման ժամկետի սկիզբը և վերջը, ստաժորի կողմից ստաժավորման ընթացքում կատարած` «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործողությունները, վերապատրաստման դասընթացներ անցած լինելու հանգամանքը և վերապատրաստման դասընթացների ժամերի քանակը, դրույթ այն մասին, որ նոտարը երաշխավորում է, որ ստաժորը լիարժեք անցել է «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված ստաժավորումը, որի արդյունքում լիովին տիրապետում է նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներին ու պատրաստ է հանձնել որակավորման քննությունները.
6) իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթը՝ ըստ անհրաժեշտության և դրա պատճենը.
7) գիտական աստիճանի վկայականը՝ ըստ անհրաժեշտության և դրա պատճենը.
8) որակավորման ստուգման համար օրենքով սահմանված չափով (20.000 ՀՀ դրամ) Հ/Հ՝ 900005163622 վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Դիմումը և կից փատաթղթերը հանձնելով` դիմողն ստորագրում է փաստաթղթերի հանձնումը և ընդունումը հավաստող փաստաթուղթ:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի հոկտեմբերի 18-ն է։ Փաստաթղթերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 17:00-ն:
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը, անցկացվելու է 2021 թվականի հոկտեմբերի 28-ին:
Գործնական խնդիրների փուլի, հարցազրույցի անցկացման ժամանակի, վայրի, ինչպես նաև նոտարների թեկնածուների որակավորման ստուգման ընթացակարգային հարցերի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմողներին` ներկայացված էլեկտրոնային փոստով, ինչպես նաև կհրապարակվի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am):
Հետադարձ ծանուցմամբ էլեկտրոնային եղանակով ծանուցումից բացի այլ միջոցներով ծանուցումներ չեն իրականացվելու:
Դիմումների ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հանձնաժողովի քարտուղար Գայանե Կաբրիլյանցին ( հեռ՝ (010) 59-40-11):
 

Հասցե` Ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3/8

Հեռ..` +37493111927

Վեբ կայք` https://www.moj.am/

Էլ. փոստ`