Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈԻՄ ՀՀ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ՔԱՂԱՔ ՄԱՐՏՈՒՆԻ, ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ 46/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԼՑԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.04.2024

Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ 59-րդ հոդված

ՈՐՈՇՈԻՄ
«18» ապրիլի 2024թ. № Հ/165-2024-Դ/06-Ա
ՀՀ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ՔԱՂԱՔ ՄԱՐՏՈՒՆԻ, ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ 46/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԼՑԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով 2024 թվականի ապրիլի 17-ին կազմված թիվ Հ/165-2024-Ա-18/1 արձանագրությունը և վարչական վարույթի (այսուհետ՝ Վարույթ) նյութերը ՝

ՊԱՐԶԵՑԻ
ՆՎԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼԻ անհատ ձեռնարկատիրոջ (ՀՎՀՀ՝ 74367995, այսուհետ նաև՝ Ընկերություն) կողմից ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Կամոյի փողոց 46/1 հասցեում շահագործվում է արտադրական վտանգավոր օբյեկտ՝ հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայան։
Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 04-ի թիվ Հ/165-2024-Ա հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2024 թվականի ապրիլի 17-ին հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Ընկերության վերոնշյալ գործունեության հասցեում։
Հետազոտության արդյունքում 2024 թվականի ապրիլի 17-ին կազմված թիվ Հ/165-2024-Ա-18/1 արձանագրության համաձայն՝ Ընկերության վերոնշյալ գործունեության հասցեում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների հետևյալ խախտումները․
1. Համատեղված /հեղուկացված ածխաջրածնային գազ, բենզին և դիզելային վառելանյութ/ ավտոլցակայանի տարածքում իրեն պատկանող շինությունների և սարքավորումների միջև նորմերով պահանջվող նվազագույն միջտարածությունները պահպանված չեն, մասնավորապես՝ օպերատորական շինությունից մինչև ՀԱԳ լցակայանի բաշխիչ աշտարակ կազմում է 5,6մ (Խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» N 1131-Ն որոշման (այսուհետ՝ Կառավարության որոշում) Հավելվածի 4-րդ գլխի 28-րդ կետի պահանջները),
2. Գազալցակայանի տարածքով անցկացված են օդային էլեկտրահաղորդակցման գծեր (Խախտվել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի ՀՀՇՆ 42-01-2023 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2023թ. դեկտեմբերի 04-ի N 14-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 42-01-2023 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը» (այսուհետ՝ ՀՀՇՆ 42-01-2023) 259-րդ կետի պահանջները),
3. ՀԱԳ լցակայանից մինչև այլ շենքերի ու շինությունների միջև պահանջվող նվազագույն միջտարածությունները պահպանված չեն, մասնավորապես՝ ՀԱԳ գազամբարից մինչև հարակից տարածքում գտնվող ռեստորան նվազագույն հեռավորությունը կազմում է 7,5մ (Խախտվել են ՀՀՇՆ 42-01-2023, 190-րդ կետի 7-րդ աղյուսակի պահանջները),
4. ՀԱԳ լցակայանի տարածքում իրեն պատկանող շինությունների միջև նորմերով պահանջվող նվազագույն միջտարածությունները պահպանված չեն, մասնավորապես՝ ՀԱԳ լցավորման աշտարակից մինչև ավտոճանապարհի երթևեկելի մասի եզրը կազմում է 6,5մ (Խախտվել են ՀՀՇՆ 42-01-2023, 214-րդ կետի 10-րդ աղյուսակի պահանջները),
5. Արտաքին հրդեհաշիջումն ապահովված չէ տարողություններից 40մ-ից ոչ պակաս հեռավորության վրա գտնվող ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով (Խախտվել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2023թ. մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը», 378-րդ կետի պահանջները),
6. Գազալցակայանի տարածքում տեղակայված շինությունները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով (Խախտվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 595-Ն հրամանի 1-ին հավելվածի 1-ին բաժնի 7-րդ գլխի 81-րդ կետի պահանջները),
7. ՀԱԳ լցակայանը չունի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր (Խախտվել են Կառավարության որոշման 4-րդ գլխի 22-րդ կետի պահանջները)։
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հրդեհային անվտանգության ապահովման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմունքները:
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 3-րդ հոդվածում բացահայտված են նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որի համաձայն՝ հրդեհային անվտանգությունն` հրդեհներից անձի, գույքի, հասարակության և պետության պաշտպանվածություն.
Հրդեհային անվտանգության պահանջներ` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված` հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական և տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ.
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 4-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ բնակչության, բնակավայրերի և օբյեկտների հրդեհային անվտանգությունն ապահովվում է` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջների պարտադիր կատարմամբ.
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերը (տեխնիկական կանոնակարգերը), ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջները սահմանող ստանդարտները պարտադիր են բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման և վերակառուցման, ինչպես նաև սարքավորումների արտադրության և շահագործման ժամանակ:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում հարկ է արձանագրել, որ պետության կողմից մի շարք նորմատիվ իրավական ակտերով սահմանվել են հրդեհային անվտանգության պարտադիր ապահովման պահանջներ։ Հրդեհային անվտանգության պահանջները նորմերի, կանոնների, պայմանների, արգելքների, սահմանափակումների և կատարման համար պարտադիր այլ պահանջների ամբողջությունն է, որոնք պետք է համապատասխանեն օրենսդրությամբ այդ օբյեկտների համար սահմանված նորմերի պահանջներին:
Հակառակ դեպքում, երբ շենքերն ու շինությունները չեն համապատասխանում հրդեհային անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, ապա հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ օբյեկտի շենքերի և շինությունների հետագա շահագործումն արգելելու ուղղությամբ։
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական հրդեհային հսկողությունը և վերահսկողությունն իրականացնում է տեսչական մարմինը՝ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների կատարումն ապահովելու, դրանց խախտումները կանխելու կամ բացահայտելու, ինչպես նաև հետևանքները վերացնելու նպատակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ Տեսչական մարմինը պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների կատարման նկատմամբ պետական հրդեհային հսկողություն և վերահսկողություն իրականացնելիս լիազորված է՝
հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար՝
ա. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը,
բ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները,
գ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման։
Վկայակոչված իրավակարգավորումների և դրանց արդյունքում կատարված իրավական վերլուծությունների լույսի ներքո ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, հարկ է արձանագրել, որ Տեսչական մարմնի մասնագետների կողմից ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Կամոյի փողոց 46/1 հասցեում շահագործվող ՀԱԳ լցակայանում արձանագրվել են այնպիսի խախտումներ, ինչպիսիք են՝ համատեղված ավտոլցակայանի տարածքում իրեն պատկանող շինությունների և սարքավորումների միջև նորմերով պահանջվող նվազագույն միջտարածությունները պահպանված չեն, գազալցակայանի տարածքով անցկացված են օդային էլեկտրահաղորդակցման գծեր, ՀԱԳ լցակայանից մինչև այլ շենքերի ու շինությունների միջև պահանջվող նվազագույն միջտարածությունները պահպանված չեն, արտաքին հրդեհաշիջումն ապահովված չէ տարողություններից 40մ-ից ոչ պակաս հեռավորության վրա գտնվող ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով, գազալցակայանի տարածքում տեղակայված շինությունները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով, ՀԱԳ լցակայանը չունի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր և այլն։
Ակնհայտ է, որ առկա խախտումները ստեղծում են անմիջական և ուղղակի սպառնալիք հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար: Հնարավոր հրդեհների դեպքում անկասկած կստեղծվի հանրության համար վտանգավոր արտակարգ իրավիճակ՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով, որը կսպառնա ոչ միայն տվյալ բենզալցակայանում աշխատանք կատարողների կամ տարածքում գտնվող սպառողների, այլ նաև առնվազն 25 մետր շառավղով գտնվող բնակելի և հասարակական շինություններում գտնվող մարդկանց կյանքին, առողջությանը և գույքին։
Ավելին, սույն վարչական ակտը, վերոգրյալ հիմնավորումների լուսի ներքո և արձանագրված խախտումների առկայության պարագայում ենթակա է անհապաղ կատարման՝ ելնելով հանրային շահից։
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Նշված սկզբունքի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն իրավունքի տարբեր ճյուղերում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման սահմանադրական չափանիշն է, որը պետք է հիմք ծառայի առանձին իրավական ինստիտուտների օրենսդրական կարգավորումների համար այնքանով, որքանով դրանք առնչվում են մասնավոր իրավունքների հնարավոր սահմանափակումներին:
Սահմանադրության մեջ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման օրինակ են կարգավորումներն այն մասին, որ մասնավոր իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Այսինքն՝ իրավունքի սահմանափակումը համաչափ է, եթե այն հավասարակշռված է, քանի որ դրանից օգուտն ընդհանուր շահի համար ավելի մեծ է, քան վնասը հակասության մեջ գտնվող այլ բարիքներին կամ արժեքներին: Անձի իրավունքների կամ ազատությունների սահմանափակումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին:
Ընկերության իրավունքների սահմանափակումը առկա իրավիճակում համաչափ է, հավասարակշված, իսկ հանրային շահի օգուտը և պաշտպանությունը գերակշիռ է։
Մասնավորպես, վերոնշյալ պահանջների կատարումը ինքնանպատակ չէ և միտված է կանխելու կամ նվազեցնելու հրդեհի կամ պայթյունի առաջացման ռիսկի գործոնը, ապահովելու առողջության համար անվտանգ պայմաններ` աշխատողների կամ նշված ՀԱԳ լցակայանում աշխատանք կատարողների, տարածքում գտնվող սպառողների և այլ մարդկանց համար, ինչպես նաև ապահովելու հրդեհներից անձի, գույքի, հասարակության և պետության պաշտպանվածությանը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով, 78-րդ, 83-րդ հոդվածներով, «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝

ՈՐՈՇԵՑԻ
1. Ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Կամոյի փողոց 46/1 հասցեում հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
2. Ամբողջությամբ դադարեցնել ՆՎԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼԻ անհատ ձեռնարկատիրոջ (ՀՎՀՀ՝ 74367995 աշխատանքները ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Կամոյի փողոց 46/1 հասցեում՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
3. Արգելել ՆՎԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼԻ անհատ ձեռնարկատիրոջ աշխատողներին և այլ անձանց՝ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործմանն ուղղված որևէ գործողություն։
4. Դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը։
5. Սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի պահանջների կատարումն ապահովել անհապաղ՝ ելնելով հանրային շահից։
6. Պետության և հանրության շահերի, ինչպես նաև անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ սույն որոշումը հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայքում։
7. Որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:


ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան



Ծանոթություն. «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20.1-րդ հոդվածի 4-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի համաձայն՝ որոշման դեմ վարչական բողոք բերելը չի կասեցնում դրա կատարումը։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան:

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`