Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 10.07.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացություն

14.07.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

10.07.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 30.06.2015թ. գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 30.06.2015թ. ներկայացված «Տոտո Լոտո» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ` Կանոնակարգ) վերապահումով` ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգում և տոմսի աշխատանքային նմուշում առկա է խաղադաշտի անվանման («Մրցակցի թիմը» և «Մրցակից թիմը») անհամապատասխանություն:
2. Հիմք ընդունելով «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 03.07.2015թ. (02.07.2015թ. թիվ ԼՄ-2/02-07) ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 03.07.2015թ. ներկայացված «Վիվառո բեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունները (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի փոփոխության մեջ «փոփոխություններ» բառը փոխարինել «լրացումներ» բառով:
- Կանոնակարգի փոփոխության մեջ նշվում է օրդինար խաղադրույքի մասին, սակայն ՀՀ ֆինանսների նախարարության հետ 14.11.2011թ. համաձայնեցված «Վիվառո բեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում նման խաղադրույքի տեսակ սահմանված չէ:
- Կանոնակարգի փոփոխության Օրինակ 1-ում բացակայում է շահումի հաշվարկման կարգը, թե ինչպես է շահումը կազմում 3150 դրամ:
- Կանոնակարգի փոփոխության Օրինակ 2-ում նշված շահումի հաշվարկման կարգը (Կատարված խաղադրույքի գործակիցը բաժանվում է փոփոխված գործակցի վրա, բազմապատկվում կատարված խաղադրույքի գումարի չափով և արդյունքից հանվում է ստացված գումարի 10 տոկոսը) չի համապատասխանում ներկայացված բանաձևին ((2.0/1.6*1000)-10% = 1125):
- Կանոնակարգի փոփոխության մեջ նշված չէ էքսպրես խաղադրույքների համար (երբ չի սկսվել էքսպրեսում ներառված խաղերից ոչ մեկը) Քեշաութի հաշվարկման կարգը:
- «Քեշաութ» բառի հասկացությունը չի համապատասխանում Կանոնակարգի փոփոխության մեջ նշված Քեշաութի սահմանմանը, ուստի անհրաժեշտ է ներկայացնել «Քեշաութ» հասկացություն «Վիվառո բեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի շրջանակներում:
- Կանոնակարգի փոփոխությամբ կատարվող լրացումը համարվում է շահումը որոշելու կարգ, որը համաձայն «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի ե) կետի պետք է պարունակի վիճակախաղի տոմսը, սակայն չի ներկայացվել տոմսի աշխատանքային նմուշի փոփոխություն:
- Կանոնակարգի փոփոխության մեջ ահմանված չէ գործակիցը չփոփոխվելու դեպքում Քեշաութը գործում է, թե ոչ և Քեշաութի հնարավորության սահմանման սկիզբն ու վերջը:
3. Հիմք ընդունելով «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 03.07.2015թ. (02.07.2015թ. թիվ ԼՄ-1/02-07) ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 03.07.2015թ. ներկայացված «Վիվառո բեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունները (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի փոփոխության մեջ «փոփոխություններ» բառը փոխարինել «լրացումներ» բառով:
- Կանոնակարգի փոփոխության 2.3.13 կետում նշվում է, որ խաղադրույքները կատարվում են ֆինանսական իրադարձությունների վրա, սակայն համաձայն «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` տոտալիզատորը խաղ է, որի մասնակիցը կանխագուշակում է խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակի հնարավոր տարբերակը:
- Կանոնակարգի փոփոխության 2.3.13 կետի 1-ին նախադասության մեջ նշվում է, որ խաղադրույքները կատարվում են ֆինանսական իրադարձությունների վրա, իսկ վերջին նախադասության մեջ նշվում է, որ խաղերի պաշտոնական աղբյուրները հրապարակվելու են բուքմեյքերական կետերում, այսինքն պարզ չէ խաղադրույքներ կատարվում են ֆինանսական, թե խաղային իրադարձությունների վրա:
- Կանոնակարգի փոփոխության 2.3.14 կետում սահմանված չէ Բակարա խաղի նկարագիրը:
- Կանոնակարգի փոփոխության մեջ նշված չէ խաղերի հեռարձակման պաշտոնական աղբյուրները:
4. Հիմք ընդունելով «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ կողմից 03.07.2015թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով` «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ կողմից 03.07.2015թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունը (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) մերժել հետևյալ հիմքերով`
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ մասնակիցների ընդհանուր ժողովի 30.06.2015թ. թիվ 6 արձանագրության մեջ նշվում է, որ միաձայն որոշվել է` «Ընդունել «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի 4-րդ կետի փոփոխությունը:», սակայն նշված չէ, թե կոնկրետ ինչ է փոփոխվում «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի 4-րդ կետում: «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի 4-րդ կետի փոփոխությունը շարադրվում է «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ տնօրենի 01.07.2015թ. թիվ 180/15 հրամանում, սակայն համաձայն «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի է) կետի ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ լիազորությունն է ընկերության ներքին գործունեությունը կարգավորող փաստաթղթերի (ընկերության ներքին փաստաթղթեր) ընդունումը (հաստատումը), այլ ոչ թե ընկերության տնօրենի:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ տնօրենի 01.07.2015թ. թիվ 180/15 հրամանում նշված է, որ ընկերության շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ 01.07.2015թ.-ից, Կանոնակարգի փոփոխության վրա նշագրված է 30.06.2015թ., սակայն Կանոնակարգի փոփոխությունները և լրացումները գործում են լիազոր մարմնի հետ համաձայնեցման ամսաթվից:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված 07.04.2014թ. անշարժ գույքի վարձակալության պայմանագրի 22.05.2015թ. լրացուցիչ համաձայնագրի 1-ին կետում նշվում է, որ Պայմանագրի Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ, սակայն 07.04.2014թ. անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը Հավելված 3 չունի:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված 07.04.2014թ. անշարժ գույքի վարձակալության պայմանագրի 22.05.2015թ. լրացուցիչ համաձայնագրի Հավելված 3-ում նշված չեն վարձակալված թվով 15 խաղասեղանների սերիական համարները և ծագման սերտիֆիկատի համարը:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված 07.04.2014թ. անշարժ գույքի վարձակալության պայմանագրի կողմ է հանդիսանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, սակայն ստորագրված է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենի լիազորված անձի կողմից:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված AM 12 08430 խաղային սարքավորումների ծագման հավաստագրում չկա համապատասխան գրառում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից խաղային սարքավորումների համարակալման վերաբերյալ, սակայն համաձայն ներկայացված տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ Ձև 4-ի և ՀՀ ֆինանսների նախարարությունում առկա տվյալների` նշված խաղային սարքավորումները համարակալված են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ Ձև 4-ի համաձայն նախատեսվում է շահագործել AM 13 009561 ապրանքի ծագման հավաստագրի «MYSTERION» մոդելի թիվ PR4-801 ավտոմատացված էլեկտրոնային պնևմատիկ ռուլետկա, սակայն համաձայն ՀՀ ֆինանսների նախարարությունում առկա տվյալների նշված խաղային սարքավորումը շահագործվում է այլ ընկերության կողմից:

Հասցե` ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800368

Վեբ կայք` http://www.minfin.am

Էլ. փոստ`