Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/0606/02/17 քաղաքացիական գործով դատարանի որոշում

19.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս




Գործ թիվ ՇԴ/0606/02/17



ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ի Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանի
քարտուղարությամբ` Մ. Մկրտյանի
մասնակցությամբ՝
հայցվոր՝ Հ. Հարությունյանի

<<10>> դեկտեմբերի 2018թ. ք. Մարալիկ

դռնբաց դատական նիստում ուսումնասիրելով ըստ հայցի` Հարություն Ավետիքի Հարությունյանի ընդդեմ Լաուրիկ Մյասնիկի Զարիպովայի և Մասխուտ Ախմետի Զարիպովի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Իլֆակ Մասխուտի Զարիպովի, Ակսանա Մասխուտի Կարամովայի, Ալինա Մասխուտի Զարիպովայի և Էլմիր Մասխուտի Զարիպովի՝ նոտարական վավերացում պահանջող գործարքը վավեր ճանաչելու և այդ հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ ՇԴ/0606/02/17 քաղաքացիական գործը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Գործի դատավարական նախապատմությունը.
13.02.2017 թվականին դիմելով Դատարան՝ Հայցվորը պահանջել է վավեր ճանաչել 23.08.1992 թվականի պայմանագիրը և ճանաչել իր սեփականության իրավունքը Ձորակապ համայնքում գտնվող 1,74հա մակերեսով վարելահողի նկատմամբ:
Դատարանի (դատավոր` Բ. Մկրտչյան) 15.02.2017 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է, որից հետո 22.03.2017 թվականին կրկին անգամ հայցադիմումը ներկայացվել է Դատարանին:
Դատարանի (դատավոր` Մ. Գևորգյան) 23.03.2017 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
ՀՀ նախագահի 08.06.2018 թվականի թիվ ՆՀ-336-Ա հրամանագրով դատավոր Մ. Գևորգյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Նշված քաղաքացիական գործը 20.06.2018 թվականին մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հանձնվել է դատավորին 22.06.2018 թվականին:
Դատարանի 25.06.2018 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրվել է նախնական դատական նիստ:
08.10.2018 թվականին Հայցվորը Դատարանին ներկայացրել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 02/10/2018թ. թիվ ԱՏ-28/09/2018-39-0082 տեղեկանքը, համաձայն որի Պատասխանողներից բացի վիճելի գույքի համասեփականատերեր են հանդիսանում նաև Իլֆակ Մասխուտի Զարիպովը, Ակսանա Մասխուտի Կարամովան, Ալինա Մասխուտի Զարիպովան և Էլմիր Մասխուտի Զարիպովը:
Դատարանի 08.10.2018 թվականի որոշմամբ Իլֆակ Մասխուտի Զարիպովը, Ակսանա Մասխուտի Կարամովան, Ալինա Մասխուտի Զարիպովան և Էլմիր Մասխուտի Զարիպովը սույն քաղաքացիական գործով ներգրավվել են որպես ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք:
10.12.2018 թվականի նախնական դատական նիստի ընթացքում արձանագրային որոշմամբ Դատարանը բավարարել է Հայցվորի միջնորդությունը և որոշել է որպես վկա լսել Զորիկ Մնացականի Ասատրյանին:
Տվյալ դեպքում նախնական դատական նիստը կայացել է Պատասխանողների և Երրորդ անձանց բացակայությամբ` ելնելով գործն ողջամիտ ժամկետում քննելու 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ ամրագրված իրավադրույթի պահանջներից:

2. Դատարանի իրավական վերլուծությունները
Դատարանը, լսելով Հայցվորին, ուսումնասիրելով գործին մասնակցող անձանց ներկայացրած պահանջները և դրանց դեմ ներկայացված առարկությունները (և (կամ) առարկությունների բացակայությունը)՝ եկավ հետևյալ եզրահանգման.

Սույն քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստի ընթացքում պարզվել է հայցի առարկան և հիմքը, վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը:
Միաժամանակ սահմանվել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխվել է ապացուցման պարտականությունը, մասնավորապես՝ սույն գործով ապացուցում պահանջող փաստերի շրջանակը (ապացուցման առարկան) կազմում են հետևյալ փաստերը.
ա) կողմերի միջև անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի գրավոր ձևի պահպանման փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
բ) գործարքի նոտարական ձևը չպահպանելը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
գ) կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը և դրա օրինականությունը (իրավաչափությունը) (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
դ) գործարքի նոտարական վավերացումից մյուս կողմի խուսափելը (գործողությամբ կամ անգործությամբ) և դրա հիմքերը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
Միևնույն ժամանակ, սահմանվել է ապացույցների ներկայացման ժամկետները, այն է՝ մինչև դատաքննության սկսելը կողմերը կարող են սույն գործի ապացուցում պահանջող փաստերի վերաբերյալ ներկայացնել համապատասխան ապացույցներ, ընդ որում, որոշվել է ապացույցների հետազոտման կարգը, այն է՝ դասական եղանակով.
Լսե՛լ Հայցվորին (ներկայացուցչին), եթե Դատարանի կամ գործին մասնակցող անձանց կողմից լինեն հարցեր, ապա՝ կտրվեն, լսե՛լ Պատասխանողին (ներկայացուցչին)՝ հարցեր տալու հնարավորություն տալով գործին մասնակցող մյուս անձանց, լսե՛լ Երրորդ անձանց, Դատարանի կողմից գործի ապացույցները հետազոտել անմիջականորեն` ծանոթանալ գրավոր ապացույցներին, զննել իրեղեն ապացույցները, լսել փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները (դրանց առկայության դեպքում):
Նախապատրաստական փուլի ընթացքում հաշտության համաձայնություն կնքելու նպատակով դատարանի կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում կողմերը դեռ չեն հաշտվել:
Գործի քննության նախապատրաստական փուլի ընթացքում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտել է, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար, գործը համարում է նախապատրաստված դատաքննության:
ՀՀ վճռաբեկ դատարանը, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով 01.02.2008 թվականի որոշմամբ անդրադառնալով դատավարությունում կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներին, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որ յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում: Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38): Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում (Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով 12.02.1985 թվականի վճռի 28-րդ կետ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործին մասնակցող անձանցից Պատասխանողները և Երրորդ անձինք չեն ներկայացել նախնական դատական նիստին, հետևաբար նրանց օբյեկտիվորեն հայտնի չէ Դատարանի կողմից որոշված ապացուցման առարկան, մինչդեռ յուրաքանչյուր կողմին պետք է տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում, Դատարանը գտնում է, որ կողմերը և գործին մասնակցող անձինք կարող են սույն գործով ապացուցում պահանջող փաստերի (ապացուցման առարկայի) վերաբերյալ համապատասխան ապացույցներ ներկայացնել Դատարան՝ մինչև գործով դատաքննության սկսելը՝ ելնելով իրավական որոշակիության, կողմերի մրցակցության, զենքերի հավասարության, գործի արդյունավետ և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքներից:

Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով, 1441-րդ հոդվածի 2-րդ կետով, 145-րդ, 1499-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՇԴ/0606/02/17 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության 2019 թվականի փետրվարի 26-ին, ժամը <<14:30>>-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
2. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`