Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԱԴ2/0324/02/22 գործով դատական ծանուցագիր

09.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով










ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ

0501,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, հեռ. (0249) 2-21-61, էլեկտրոնային փոստի հասցեն՝
talin-dataran@mail.ru, www.court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0324/02/22
«09 » փետրվարի 2023թ.
Քաղաքացիական գործով երրորդ անձ`
Շուշիկ Արշավիրի Բաղդասարյանի իրավահաջորդներին
/ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Թաթուլ, 4-րդ փողոց, 4-րդ տուն/
ՈՐՈՇՈՒՄ
ԴԱՏԱՇԻՆԱՐԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԱՊՐԱՆՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ
ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագահությամբ
դատավոր՝ Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Վ. Ղազարյանի


02 փետրվարի 2023թ. ք. Թալին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ըստ հայցի` «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Մակդա Արամայիսի Հովհաննիսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Արամայիս Ցոլակի Հովհաննիսյանի, Շուշիկ Արշավիրի Բաղդասարյանի, Ինգա Արամայիսի Հովհաննիսյանի, Սևակ Արամայիսի Հովհաննիսյանի՝ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Արեգ համայնք բնակելի տուն /կադաստրային ծածկագիր 02 019 046 003, սեփականության վկայական թիվ 622898/ անշարժ գույքից Պարտապան Մակդա Արամայիսի Հովհաննիսյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Մակդա Արամայիսի Հովհաննիսյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ2/0324/02/22 քաղաքացիական գործը.

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
05.05.2022 թվականին Հայցվորը (ներկայացուցիչը) հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ պահանջով:
Դատարանի 18.05.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ ՔԿԱԳ Թալինի տարածքային սպասարկման կենտրոնից 21.06.2022 թվականին Դատարանի գրասենյակ է մուտքագրվել (Մ-542/22) թիվ Ե-271 համարով պատասխան, ըստ որի՝ Շուշիկ Արշավիրի Բաղդասարյանը ծնվ. 01.02.1953թ. մահացել է 14.11.2021թ., մահը գրանցվել է 18.11.2021թ., թիվ 22358 համարի ներքո:
Դատարանի 02.08.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանը, ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը» վերտառությամբ 169-րդ հոդվածի, սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո, 22.11.2022 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 02.02.2023 թվականը։
Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումով միջնորդել է նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով՝ Դատարանն արձանագրային որոշմամբ որոշել է հրավիրված նախնական դատական նիստերն անցկացնել դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված, սակայն դատական նիստին չներկայացած պատասխանողների (ներկայացուցիչների) բացակայության պայմաններում:

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, ուսումնասիրելով Հայցվորի ներկայացուցչի կողմից հայցադիմումով ներկայացված դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը` գտնում է, որ այն հիմնավոր է և ենթակա է բավարարման ներքոհիշյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն` ապացույցի տեսակներն են` (…) 5) փորձագետի եզրակացությունը. (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը գործի քննության ընթացքում գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործում պահանջող հարցերի բացահայտման և պարզաբանման նպատակով ձեռք բերված գրավոր փաստաթուղթն է, որը տրվում է փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում է մյուս ապացույցների հետ։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր։ Այն պետք է պարունակի`
1) նշում փորձաքննություն կատարած անձի, նրա ունեցած որակավորման և մասնագիտական ստաժի մասին,
2) նշում կիրառված մեթոդների մասին,
3) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը,
4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր նախաձեռնությամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնելիս պարտավոր է դրանում նշել ապացուցման ենթակա այն փաստը, որը պետք է հաստատվի փորձագետի եզրակացությամբ, և առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն նշելու այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց առաջին ատյանի դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը։ Եթե համապատասխան փորձաքննություն կատարելու համար պահանջվում է լիցենզիա կամ որակավորում, գործին մասնակցող անձը միջնորդությանը կից ներկայացնում է նրա կողմից առաջարկվող մասնագիտացված փորձագիտական հաստատության կամ փորձագետի կողմից այդպիսի փորձաքննություն կատարելու իրավասությունը հավաստող ապացույց:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ փորձաքննություն նշանակելիս առաջին ատյանի դատարանը փորձագետին կարող է առաջադրել միայն այն հարցերը, որոնք ներկայացրել են գործին մասնակցող անձինք: Առաջին ատյանի դատարանը, ելնելով ապացուցման ենթակա փաստի էությունից և բովանդակությունից, իրավունք ունի շտկելու առաջադրված հարցը: Առաջին ատյանի դատարանը պատճառաբանում է գործին մասնակցող անձանց ներկայացրած այն հարցերի մերժումը, որոնք չեն առաջադրվում փորձագետին:
Վերոնշյալ իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը: Ընդ որում, ապացույցի տեսակներն են, inter alia (ի թիվս այլնի), փորձագետի եզրակացությունը, որը քաղաքացիական դատավարության մեջ, որպես ապացուցման միջոց, ձևավորվում է գիտության, արվեստի, արհեստի բնագավառներում հատուկ գիտելիքներով օժտված անձի` փորձագետի կողմից գործով առանձին փաստական հանգամանքների ուսումնասիրման արդյունքում։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով փորձաքննություն նշանակելու հարցին, արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ: Դրա արդյունքների նկատմամբ դատարանը պարտավոր է լինել հետևողական, որպիսի հետևողականության դեպքում դատարանը չի կարող փորձաքննություն նշանակելու վերաբերյալ իր իսկ որոշմամբ սահմանված հարցերը պարզաբանված չլինելու պայմաններում, վերսկսելով կասեցված գործի վարույթը, կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ, քանի որ այդ դեպքում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերը կմնան չպարզաբանված (տե´ս թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
Վերոգրյալների հիման վրա և հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ լուծման համար անհրաժեշտ է պարզաբանել որոշակի հարցեր, իսկ նշված հարցերի համար պահանջվում են տվյալ ոլորտում հատուկ գիտելիքների կիրառում, ուստի ելնելով գործի հետագա ընթացքը ճիշտ լուծելու կարևորությունից և գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները փորձաքննության միջոցով պարզելու անհրաժեշտությունից` Դատարանը գտնում է, որ համալիր փորձաքննության միջոցով պետք է պարզել սույն վեճի առարկա հանդիսացող անշարժ գույք(եր)ից Պարտապան Մակդա Արամայիսի Հովհաննիսյանի բաժինն առանձնացնելու հարցը (եթե հնարավոր է, ապա՝ ինչ տարբերակով) և այդ անշարժ գույքից Պարտապանի բաժնեմասի, ինչպես նաև ամբողջ գույքի շուկայական արժեքը, մինչդեռ գործի փաստերով լրիվ և օբյեկտիվ հնարավոր չէ հաստատել կողմի պահանջի փաստացի իրականացումը, նաև գործի հետագա ընթացքը, միաժամանակ, նշված անհրաժեշտությունը բխում է վերը նշված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածների նյութական նորմերի պահանջներից, ինչպես նաև նշված փաստերն ընդգրկված են կողմի ներկայացրած պահանջի ապացուցման առարկայի շրջանակներում:
Փաստերի դասավորվածության նման պայմաններում Դատարանը գտնում է, որ գործով առկա է մասնագիտական եզրակացության անհրաժեշտություն, որը պետք է տրվի Դատարանի որոշմամբ նախազգուշացված փորձագետ/ներ/ի կողմից՝ դրա կատարումը հանձնարարելով երկու տարբեր ոլորտի մասնագետների` և' դատատեխնիկական, և' դատաապրանքագիտական փորձաքննությունների կատարումն ապահովելու նպատակով, ինչը բխում է Դատարանում առկա վեճի էությունից, գործի վիճելի փաստերի հաստատման անհրաժեշտությունից, գործի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության սկզբունքներից, վեճի լուծման իրավահարաբերությունները կանոնակարգող իրավական նորմերի պահանջներից, հետևաբար, Դատարանը հանգում է այն եզրակացության, որ Հայցվորի միջնորդությունը հիմնավոր է և պետք է նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, քանի որ Հայցվորի ներկայացուցչի հարցադրումները բխում է համալիր փորձաքննություն նշանակելու պահանջներից:
Վերը նշված փաստերը պարզելու համար Հայցվորը հայցադիմումով միջնորդել է նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն՝ փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը.
ա) հնարավոր է արդյոք բնեղենով առանձնացնել ՀՀ, Արագածոտնի մարզ, Արեգ համայնք բնակելի տուն /կադաստրային ծածկագիր 02 019 046 003, սեփականության վկայական թիվ 622898/ անշարժ գույքից Պարտապան Մակդա Արամայիսի Հովհաննիսյանի բաժինը, ոչ էական շեղումներով (առանց ընդհանուր գույքին անհամաչափ վնաս պատճառելու), եթե այո, ապա ինչ կարգով (առաջարկել առանձնացման տարբերակներ),
բ) որքան է կազմում անշարժ գույքի շուկայական արժեքը,
Դատարանը, ելնելով ապացուցման ենթակա փաստի էությունից և բովանդակությունից, իրացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով առաջադրված հարցերը շտկելու իր իրավունքը, փորձագետ/ներ/ին առաջադրում է հետևյալ հարցերը.
 հնարավոր է արդյոք բնեղենով առանձնացնել ՀՀ, Արագածոտնի մարզ, Արեգ համայնք բնակելի տուն /կադաստրային ծածկագիր 02 019 046 003, սեփականության վկայական թիվ 622898/ անշարժ գույքից Պարտապան Մակդա Արամայիսի Հովհաննիսյանի բաժինը, ոչ էական շեղումներով (առանց ընդհանուր գույքին անհամաչափ վնաս պատճառելու), եթե այո, ապա ինչ կարգով (առաջարկել առանձնացման տարբերակներ),
որքան է կազմում ՀՀ, Արագածոտնի մարզ, Արեգ համայնք բնակելի տուն /կադաստրային ծածկագիր 02 019 046 003, սեփականության վկայական թիվ 622898/ անշարժ գույքի շուկայական արժեքը,
ՀՀ քաղաքացիական դատավարության 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` փորձաքննության և թարգմանության հետ կապված ծախսերը։ Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Վերոգրյալը հաշվի առնելով Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով, որ Հայցվոր կողմն է միջնորդել փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, ուստի դրա կատարման ծախսերն ի սկզբանե պետք է հոգա հենց Հայցվորը, սակայն Դատարանը միաժամանակ պարզաբանում է, որ այդ ծախսերը կարող են ներառվել նաև դատական ծախսերի կազմում և եզրափակիչ դատական ակտով բաշխվեն գործին մասնակցող անձանց միջև՝ բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Ընդ որում, Հայցվորը միջնորդել է, փորձաքննության կատարումը հանձնարարել «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության փորձագետներին (գտնվելու վայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Սարյան փողոց, 35-րդ շենք, 57-րդ բնակարան, հեռ. 077 282444):
Դատարանը գտնում է, որ պետք է նշել նաև փորձագետին տրամադրվող նյութերի (փաստաթղթերի) ցանկը, իսկ անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները։
Այսպես՝ «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության փորձագետ(ներ)ին տրամադրել հայցադիմումի պատճենը և դրան կից փորձաքննությանը վերաբերելի մասով փաստաթղթերի պատճենները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե`
1) նշանակվել է փորձաքննություն (…):
Վերոնշյալ իրավադրույթների իմաստով Դատարանի իրավունքն է կասեցնելու գործի վարույթը, եթե նշանակվել է փորձաքննություն: Ընդ որում, օրենսդրի այս պահանջը կրում է հայեցողական բնույթ, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների, ուստի տվյալ պարագայում անհրաժեշտ է կասեցնել գործի վարույթը` մինչև որոշմամբ նշված համապատասխան փորձագիտական եզրակացության ստանալը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 84-րդ, 86-րդ, 88-րդ, 157-158-րդ, 160-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 360-362-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ2/0324/02/22 քաղաքացիական գործով Հայցվորի ներկայացուցչի կողմից հայցադիմումով ներկայացված միջնորդությունը բավարարել:
2. Նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն՝ կատարումը հանձնարարելով «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության փորձագետ/ներ/ին:
3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկա լինելու փորձաքննությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ներկայությունը կարող է խանգարել փորձագետի բնականոն աշխատանքին կամ խախտել այլ անձանց իրավունքները:
4. Փորձաքննության և տեղազննման ենթակա անշարժ գույքը տիրապետող անձանց պարտավորեցնել փորձաքննության կատարման համար փորձագետներին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաև պարտավորեցնել չխոչընդոտել փորձաքննության կատարմանը` ապահովելով տարածքի ազատ տեղազննությունը և փորձագետ/ներ/ի աշխատանքներն առանց խոչընդոտների իրականացնելու հնարավորությունը:
5. «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության ղեկավարին հանձնարարել վերցված ստորագրության միջոցով փորձագետ/ներ/ին նախազգուշացնել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և փորձագետ/ներ/ից վերցված ստորագրություն/ներ/ը կցել փորձագիտական եզրակացությանը:
6. Փորձագետ/ներ/ին առաջադրել հետևյալ հարցերը.
ա) հնարավոր է արդյոք բնեղենով առանձնացնել ՀՀ, Արագածոտնի մարզ, Արեգ համայնք բնակելի տուն /կադաստրային ծածկագիր 02 019 046 003, սեփականության վկայական թիվ 622898/ անշարժ գույքից Պարտապան Մակդա Արամայիսի Հովհաննիսյանի բաժինը, ոչ էական շեղումներով (առանց ընդհանուր գույքին անհամաչափ վնաս պատճառելու), եթե այո, ապա ինչ կարգով (առաջարկել առանձնացման տարբերակներ),
բ) որքան է կազմում ՀՀ, Արագածոտնի մարզ, Արեգ համայնք բնակելի տուն /կադաստրային ծածկագիր 02 019 046 003, սեփականության վկայական թիվ 622898/ անշարժ գույքի շուկայական արժեքը,
7. Փորձաքննության հետ կապված ծախսերը պետք է կատարվեն Հայցվորի կողմից:
8. Թիվ ԱՐԱԴ2/0324/02/22 քաղաքացիական գործի վարույթը կասեցնել` մինչև փորձագիտական եզրակացության ստանալը:

Որոշումը` գործի վարույթը կասեցնելու մասով, կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան գործին մասնակցող անձանց կողմից այն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, իսկ որոշումը` դատաշինարարական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու մասով, օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Թալին, Խանջյան 13

Հեռ..` 02492-2-21-61

Էլ. փոստ`