Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի

11.04.2024

Տիպ` Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մաս

1. Հիմք ընդունելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 20-Լ հրամանով հաստատված կարգի 22.1 կետը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնի՝ ներքին անվտանգության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի՝ 1 թեկնածուի (այսուհետ՝ թեկնածու) ընտրության համար հայտարարում է մրցույթ:
2. Դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով` ք. Երևան Վ. Վաղարշյան 13Ա հասցեով կամ էլեկտրոնային փոստի sh.hovhannisyan@anticorruption.am հասցեին էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված եղանակով:
3. Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի ապրիլի 11-ից մինչև 2024 թվականի մայիսի 11-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ։
Հայտերն առձեռն ընդունվում են աշխատանքային օրերին:
4. Փոստով կամ էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստային առաքման կամ ուղարկվել են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մինչև հայտերի ընդունման համար նշված ժամկետի ավարտման օրը ժամը 24:00-ն:
5. Փաստաթղթերն առձեռն հանձնելու կամ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե՝ պատասխանատու անձին՝ անձնակազմի կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Շաքե Հովհաննիսյանին, 011 900 026 հեռախոսահամարով կամ sh.hovhannisyan@anticorruption.am էլեկտրոնային հասցեով:
6. Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
2) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակություն.
3) բարձրագույն կրթություն.
4) հայերենին տիրապետելը.
5) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ նման ծառայությունից օրենքով սահմանված կարգով ու հիմքով ազատված լինելը.
6) ռուսերենից, անգլերենից կամ ֆրանսերենից ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած (2021 թվականի հունիսի 17-ի N 989-Ն որոշում) այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացություն.
7) բավարարում է պաշտոնին ներկայացվող՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով (այսուհետ նաև՝ Օրենքով) նախատեսված պահանջները, և առկա չեն պաշտոնի նշանակման համար Օրենքով սահմանված սահմանափակումները։
7. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիներն անձնակազմի կառավարման վարչության համապատասխան աշխատակցին ներկայացնում են Օրենքով նախատեսված պահանջների բավարարումը հավաստող սույն փաստաթղթերը՝
1) մրցույթին մասնակցելու նպատակով հավակնորդի կողմից ստորագրված և մրցութային հանձնաժողովի նախագահին հասցեագրված դիմում՝ ըստ Ձև 1-ի.
2) անձը հաuտատող փաuտաթուղթ և պատճեն.
3) երկու գունավոր լուսանկար՝ 3x4 սմ չափսի.
4) հավակնորդի մշտական բնակության վայրը հաստատող փաստաթուղթ.
5) հավակնորդի՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 16-րդ հոդվածով պահանջվող Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճանի կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճանի առկայությունը հավաuտող փաuտաթուղթ, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով, և դրանց պատճենները.
6) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ նման ծառայությունից օրենքով սահմանված կարգով ու հիմքով ազատված լինելը հավաuտող փաuտաթուղթը և պատճենը.
7) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաuտող փաuտաթուղթ (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).
8) ռուսերենից, անգլերենից կամ ֆրանսերենից առնվազն մեկ ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացությունը հավաuտող փաuտաթուղթ:
9) ինքնակենսագրություն, որը պետք է ներառի տվյալներ դիմողի ծննդյան ամսաթվի, ծննդավայրի, կրթության, աշխատանքային գործունեության, ընտանեկան կարգավիճակի մասին.
10) համապատասխան պաշտոնում նշանակվելու համար «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 16-րդ հոդվածով պահանջվող ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ.
11) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ՝ հանցագործության համար դատապարտված չլինելու՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված կամ չհարուցված չլինելու, քրեական հետապնդման բացակայության մասին.
12) Կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր).
13) իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ առ այն, որ թեկնածուն, լինելով դատավոր, նախկին դատավոր, դատախազ, նախկին դատախազ, քննիչ, նախկին քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ, նախկին օպերլիազոր, փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում չի ստացել խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
14) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելը հավաստող փաստաթուղթ.
15) գրավոր հայտարարություն՝ որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին՝ ըստ Ձև 2-ի.
16) գրավոր հայտարարություն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին՝ ըստ Ձև 3-ի.
17) բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:
18) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
8. Թեկնածուն դիմումի մեջ նշում է, թե կոնկրետ որ պաշտոնի համար է մասնակցում մրցույթին, ինչպես նաև կարող է տալ իր համաձայնությունը նույն խմբի մյուս թափուր պաշտոնների մրցույթին մասնակցության վերաբերյալ, որը քննարկվում է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
ա) թեկնածուն իր դիմած պաշտոնի մրցույթից դուրս է մնացել,
բ) բավարարում է նույն խմբի մյուս պաշտոններին ներկայացվող՝ Օրենքով սահմանված պահանջներին։
9. Թեկնածուն դիմումի մեջ պետք է նշի նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն։
10. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:
11. Առավել բարձր խմբի պաշտոնների մրցույթից դուրս մնացած թեկնածուին Կոմիտեի նախագահը կարող է թույլատրել առավել ցածր խմբի պաշտոնների մրցույթին մասնակցությունը:
12. Հանձնաժողովի կողմից թեկնածուի մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով կազմված հարցերից բաղկացած թեստավորման հարցարանի երեք տարբերակները և բանավոր ստուգման տոմսերը հաստատելուց հետո Կոմիտեի նախագահը հաստատած տարբերակները և տոմսերը փակ ծրարներով (Կոմիտեի նախագահի կնիքով կնքված) փոխանցում է Հանձնաժողովին։ Հանձնաժողովը թեստավորման հարցարանի տարբերակներով ծրարը բացում է թեստավորման, իսկ տոմսերով ծրարը՝ բանավոր ստուգման անցկացման օրերին մասնակիցների ներկայությամբ:
Թեստավորման Հարցարանի և բանավոր ստուգման հարցերի 20 տոկոսը պետք է ներառեն Սահմանադրության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտերի, վերաբերելի նախադեպային որոշումների, 20 տոկոսը՝ քրեական օրենսդրության, 20 տոկոսը՝ քրեական դատավարության օրենսդրության, 20 տոկոսը՝ գույքի բռնագանձման, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ոլորտների օրենսդրության, 20 տոկոսը՝ հաշվապահական հաշվառման կամ իրավաբանական անձի կարգավիճակը և գործունեությունը կարգավորող ոլորտների իմացության ստուգմանն ուղղված հարցեր:
13. Կոմիտեի ինքնավար պաշտոնների մրցույթն անցկացվում է Օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված փուլերով:
14. Փաստաթղթերի ուսումնասիրության փուլի արդյունքում փաստաթղթերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է որոշմամբ՝ եռօրյա ժամկետում, իսկ թերությունները վերացնելու անհրաժեշտության մասին հայտատուին հայտնելու դեպքում՝ թերությունների վերացման համար սահմանված ժամկետի ավարտից հետո եռօրյա ժամկետում: Փաստաթղթերը ենթակա են վերադարձման՝ հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Այն դեպքում, երբ թերությունները վերացնելու անհրաժեշտության մասին հայտատուն ծանուցվել է հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ավարտմանը նախորդող օրվանից ոչ շուտ, ապա թերությունները կարող են վերացվել ծանուցման պահից՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։
15. Թեստավորման փուլում թեստավորման անցկացման սենյակում կարող են ներկա գտնվել Հանձնաժողովի անդամները, թեկնածուները և դիտորդները, իսկ բանավոր ստուգման ժամանակ Հանձնաժողովի անդամները, դիտորդները և հինգից ոչ ավելի թեկնածու։
16. Հարցազրույցի փուլում Հարցազրույցի անցկացման սենյակում կարող են ներկա գտնվել Հանձնաժողովի անդամները, հոգեբանը, դիտորդները և միայն մեկ մասնակից։
17. Մրցութային փուլին (այդ թվում՝ թեստավորման և բանավոր ստուգման ենթափուլերին) հարգելի կամ անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում թեկնածուն զրկվում է հաջորդ փուլերին (ենթափուլին) մասնակցելու իրավունքից:
18. Թեկնածուների մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1) Սահմանադրությունը,
2) մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտերը, վերաբերելի նախադեպային որոշումները,
3) քրեական օրենսգիրքը (05.05.2021թ.-ին ընդունված),
4) քրեական դատավարության օրենսգիրքը (30.06.2021թ.-ին ընդունված),
5) քաղաքացիական օրենսգրքի գլուխ 5-ը,
6) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքը,
7) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը,
8) «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքը,
9) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի գլուխ 11-ը, 12.1-ը:

Ինքնավար պաշտոնների թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների

19. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուներին, բացառությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն հանրագումարային միավորը սահմանվում է 100-ը (հարյուրը)։
20. Կոմիտեի ինքնավար պաշտոնները համալրելու նպատակով թեստավորման փուլն անցկացվում է երկու ենթափուլով՝ թեկնածուի մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով կազմված հարցերից բաղկացած թեստավորման հարցարանի (այսուհետ՝ Հարցարան) երեք տարբերակների միջոցով՝ յուրաքանչյուրը կազմված հարյուր հարցից, ինչպես նաև տոմսերի հիման վրա բանավոր ստուգման միջոցով՝ յուրաքանչյուրը կազմված հինգ հարցից կամ խնդրից:
21. Թեստավորման փուլի համար ընդհանուր առավելագույն միավորը 50-ն (հիսուն) է, որը ձևավորվում է թեստերով ստուգման ենթափուլի առավելագույն 40-ն (քառասուն) միավորից և բանավոր ստուգման ենթափուլի առավելագույն 10-ն (տաս) միավորից:
22. Հարցազրույցի փուլի համար առավելագույն միավորը 50-ն (հիսուն) է, որը բաշխվում է ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների՝ հետևյալ համամասնությամբ՝
1) անձնական որակներ՝ 15 միավոր,
2) բարեվարքություն՝ 29 միավոր,
3) պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ձեռքբերումներ՝ 6 միավոր։

Հարցազրույցի փուլի ընթացքում գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը

23. Հարցազրույցի փուլում Կոմիտեի նախագահի տեղակալների, վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի թեկնածուի անձնական որակները գնահատվում են հետևյալ չափանիշներով՝
1) տվյալ պաշտոնում նշանակվելու նրա շարժառիթն ու ակնկալիքը, ներառյալ՝
ա. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ ընդհանուր
տեղեկացվածություն.
բ. վերաբերմունքը կոռուպցիայի, դրա դրսևորումների ու հանրային վտանգավորության
նկատմամբ.
2) ղեկավարման և կառավարչական հմտություններ, ներառյալ՝
ա. թիմ ղեկավարելու փորձառություն.
բ. նախաձեռնողականություն.
գ. թիմային աշխատանքի ունակություն.
դ. սեփական զգացմունքները կառավարելու ունակություն ու ինքնատիրապետում.
ե. այլ անձանց և սեփական մասնագիտական կարողությունների ճիշտ գնահատման ու
աշխատանքի և պարտականությունների արդար բաժանման կարողություն.
զ. աշխատանքում առաջնահերթությունները սահմանելու կարողություն.
է. անհրաժեշտ իրավիճակներում ինքնուրույն որոշում կայացնելու ունակություն.
3) հաղորդակցման հմտություններ պաշտոնական և ոչ պաշտոնական հարաբերություններում, ներառյալ՝
ա. այլ անձանց ունկնդրելու կարողություն.
բ. նոր միջավայրում արագ ինքնադրսևորվելու ունակություն.
գ. այլ անձանց նկատմամբ հարգալիրություն.
դ. անկաշկանդ շփվելու կարողություն.
ե. միջավայրին արագ հարմարվելու ունակություն.
զ. վստահություն ներշնչելը.
է. զսպվածություն.
4) պատասխանատվության զգացում, ներառյալ՝
ա. ճշտապահություն.
բ. կատարած արարքների հետևանքները կրելու պատրաստակամություն.
գ. սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն.
դ. սեփական սխալներն ու թերություններն ընդունելու և դրանց մասին բարձրաձայնելու
ունակություն.
ե. հետևողականություն.
զ. սթրեսակայունություն:
24. Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի, հատկապես կարևոր գործերով քննիչի, ավագ քննիչի, քննիչի թեկնածուի անձնական որակները գնահատվում են հետևյալ չափանիշներով՝
1) տվյալ պաշտոնում նշանակվելու նրա շարժառիթն ու ակնկալիքը, ներառյալ՝
ա. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ ընդհանուր
տեղեկացվածություն.
բ. վերաբերմունքը կոռուպցիայի, դրա դրսևորումների ու հանրային վտանգավորության
նկատմամբ.
2) աշխատանքի համար անհրաժեշտ կոմպետենցիաներ, ներառյալ՝
ա. նախաձեռնողականություն.
բ. թիմային աշխատանքի ունակություն.
գ. սեփական զգացմունքները կառավարելու ունակություն ու ինքնատիրապետում.
դ. աշխատանքում առաջնահերթությունները սահմանելու կարողություն.
ե. անհրաժեշտ իրավիճակներում ինքնուրույն որոշում կայացնելու ունակություն.
3) հաղորդակցման հմտություններ պաշտոնական և ոչ պաշտոնական հարաբերություններում, ներառյալ՝
ա. այլ անձանց ունկնդրելու կարողություն.
բ. նոր միջավայրում արագ ինքնադրսևորվելու ունակություն.
գ. այլ անձանց նկատմամբ հարգալիրություն.
դ. անկաշկանդ շփվելու կարողություն.
ե. միջավայրին արագ հարմարվելու ունակություն.
զ. վստահություն ներշնչելը.
է. զսպվածություն.
4) պատասխանատվության զգացում, ներառյալ՝
ա. ճշտապահություն.
բ. կատարած արարքների հետևանքները կրելու պատրաստակամություն.
գ. սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն.
դ. սեփական սխալներն ու թերություններն ընդունելու և դրանց մասին բարձրաձայնելու
ունակություն.
ե. հետևողականություն.
զ. սթրեսակայունություն:
25. Թեկնածուի բարեվարքությունը գնահատվում է հետևյալ չափանիշների հիման վրա՝ հաշվի առնելով նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը՝
1) գույքային դրության համապատասխանությունն օրինական եկամուտներին.
2) շահերի բախման առաջացման ռիսկը և շահերի բախման իրավիճակում ճիշտ գործելու կարողություն.
3) նախկինում քրեական կամ կարգապահական կամ վարչական պատասխանատվության ենթարկված չլինելը.
4) Էթիկայի կանոններին տիրապետելը.
5) վերաբերմունքը քրեական ենթամշակույթի ու դրա բաղադրիչների նկատմամբ և անօրինականության մասին ազդարարելու պատրաստականություն․
6) զբաղեցրած պաշտոնից դուրս պաշտոնեական դիրքը չօգտագործելը, հեղինակություն և ազդեցություն չկիրառելը.
7) քաղաքական չեզոքություն, քաղաքական և այլ ճնշումներին դիմագրավելու կարողություն ու ցանկություն։
26. Թեկնածուի պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ձեռքբերումները գնահատվում են մասնագիտական փորձի և հմտությունների հիման վրա, ներառյալ՝ մասնագիտական փորձառության ընդհանուր ժամկետը և մասնագիտական գործունեության հիմնական ուղղությունները:
27. Սույն հայտարարության 23-րդ և 24-րդ կետերի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը 4 (չորս) է, իսկ նույն կետերի 3-րդ ենթակետերով սահմանված չափանիշինը՝ 3 (երեք)։
28. Սույն հայտարարության 25-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված չափանիշի գնահատման առավելագույն միավորը 5 (հինգ) է, 3-րդ ենթակետով սահմանված չափանիշի գնահատման առավելագույն միավորը՝ 3 (երեք), իսկ 4-7-րդ ենթակետերով սահմանված չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ 4 (չորս):
29. Սույն հայտարարության 26-րդ կետով սահմանված չափանիշի գնահատման առավելագույն միավորը 6 է:

Ինքնավար պաշտոնների համալրման նպատակով թեստավորման անցկացման պայմանները

30. Կոմիտեի ինքնավար պաշտոնները համալրելու նպատակով թեստավորման փուլն անցկացվում է թեստերի (գրավոր) և բանավոր ստուգման միջոցով:
31. Թեստավորումն անցկացվում է գրավոր: Թեստավորման հարցարանի (այսուհետ՝ Հարցարան) երեք տարբերակներից յուրաքանչյուրը կազմված է 100 հարցից, իսկ բանավոր ստուգման յուրաքանչյուր տոմսը պարունակում է 5 իրավական հարց կամ խնդիր (Կոմիտեի նախագահի հաստատած՝ թեստավորման Հարցարանի և բանավոր ստուգման հարցերի համամասնությանը համապատասխան՝ յուրաքանչյուր ոլորտից մեկ հարց)՝ առաջադրված հարցին պատասխանելու կամ փաստական հանգամանքներին իրավական գնահատական տալու և վերլուծելու պահանջով։
32. Թեստավորման փուլն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով:
33. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ, որտեղ մասնակիցը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ տեղ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:
34. Հանձնաժողովը, մրցույթի մասնակիցներին (այսուհետ նաև՝ հավակնորդ) ներկայացնելով թեստավորման անցկացման և թեստավորման առաջադրանքների կատարման ընթացակարգերը, թույլատրում է սկսել թեստավորումը։
35. Թեստի կատարման համար մրցույթի մասնակցին տրամադրվում է երեք ժամ 20 րոպե ժամանակ:
36. Թեստավորումն անցկացվում է հավակնորդների համար ծածկագրի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:
37. Թեստավորման ժամանակ հավակնորդներին արգելվում է թեստի հարցերին պատասխանելու նպատակով իրենց հետ սենյակ ներս բերել և օգտվել տպագիր կամ ձեռագիր նյութերից, տեխնիկայի, հեռահաղորդակցության միջոցներից: Սույն պահանջի խախտման դեպքում խախտում թույլ տված հավակնորդը հեռացվում է քննասենյակից: Հավակնորդին քննասենյակից հեռացնելու մասին կազմվում է արձանագրություն և ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից: Խախտում թույլ տված հավակնորդը համարվում է թեստավորման ենթափուլը չհաղթահարած և զրկվում է հաջորդ ենթափուլին և փուլերին մասնակցելու իրավունքից:
38. Թեստավորման ընթացքում հավակնորդներին արգելվում է դուրս գալ քննասենյակից:
39. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են 100 հարցից, որոնք ունեն 3 կամ 4 ենթադրյալ ճիշտ պատասխան: Թեստավորման յուրաքանչյուր հարց կարող է ունենալ միայն մեկ ճիշտ պատասխան:
40. Մրցույթի մասնակիցը թեստի յուրաքանչյուր հարցի համար ընտրում է պատասխանի մեկ տարբերակ և վեաձև V նշում է անում ամփոփաթերթում: Մասնակիցը կարող է ավարտել աշխատանքը մինչև թեստի կատարման համար սահմանված ժամանակի ավարտը:
41. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո հավակնորդը ամփոփաթերթը գցում է կնքված արկղը, իսկ թեստային առաջադրանքի իր օրինակը վերադարձնում է Հանձնաժողովին։ Ամփոփաթերթի երկրորդ բնօրինակը տրամադրվում է մրցույթի մասնակցին:
42. Թեստավորման ավարտից անմիջապես հետո հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:
43. Թեստային առաջադրանքների կատարման ընթացքում հարցին պատասխանելիս ջնջումների, մեկից ավելի պատասխանի, մեկից ավելի նշումի առկայության դեպքում նշված ճիշտ պատասխանի համար միավոր չի տրվում:
44. Մրցույթի բոլոր մասնակիցների կողմից ամփոփաթերթը ներկայացնելուց կամ թեստային առաջադրանքները կատարելու համար հատկացված ժամանակն ավարտվելուց անմիջապես հետո Հանձնաժողովն իրականացնում է թեստային առաջադրանքների ստուգում և գնահատում:
45. Թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մրցույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել թեստավորման արդյունքների մասին հրապարակելուց հետո՝ մեկ օրվա ընթացքում: Այդ նպատակով մրցույթի մասնակցին տրամադրվում է թեստի մեկ օրինակ, որը բողոքը ներկայացվելուց հետո անմիջապես ենթակա է վերադարձման Հանձնաժողովին: Մրցույթի մասնակիցը բողոքը ներկայացնում է Կոմիտեի նախագահին: Հանձնաժողովի նախագահը անհրաժեշտ նյութերը տրամադրում է Կոմիտեի նախագահին։
46. Մրցույթի մասնակիցը թեստավորման արդյունքների մասին ներկայացվող բողոքում հստակ նշում է թեստավորման վիճարկվող առաջադրանքը կամ առաջադրանքներն ու իր կողմից տրված պատասխանները՝ անհրաժեշտ հիմնավորումներով:
47. Թեստավորման արդյունքների մասին բողոքը և դրա հետ կապված անհրաժեշտ նյութերը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի նախագահը քննում է դիմումը և ընդունում թեստավորման արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին որոշում, բացառիկ դեպքերում բողոքը քննարկելու ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ օր:
48. Եթե Կոմիտեի նախագահը թեստավորման արդյունքների մասին՝ մասնակցի բողոքը համարում է հիմնավոր, որոշում է բավարարել այն և սխալ է համարում թեստային որևէ առաջադրանք, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար միավոր չստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են, և կատարվում է թեստավորման արդյունքների վերահաշվարկ:
49. Բողոքարկման դեպքում թեստավորման արդյունքների վերահաշվարկ կատարելու դեպքում նույն օրը հրապարակվում է վերանայված ցանկը։
50. Թեստավորման արդյունքների ամփոփումից, իսկ բողոքարկում լինելու դեպքում դրա արդյունքները հրապարակելուց հետո, եթե թեկնածուն հավաքել է թեստավորման անցողիկ միավորը, ապա հնարավորություն է ստանում մասնակցել բանավոր ստուգմանը:
51. Բանավոր ստուգման սենյակ հավակնորդը ներկայանում է հանձնաժողովի քարտուղարի հրավերով և Հանձնաժողովին հայտնում է իր անունը և ազգանունը, ստուգվում է նրա ինքնությունը:
52. Հավակնորդին արգելվում է տոմսի հարցերին պատասխանելու նպատակով բանավոր ստուգման սենյակ բերել և օգտվել տպագիր կամ ձեռագիր նյութերից, տեխնիկայի, հեռահաղորդակցության միջոցներից: Սույն պահանջի խախտման դեպքում խախտում թույլ տված հավակնորդը հեռացվում է սենյակից: Հավակնորդին սենյակից հեռացնելու մասին կազմվում է արձանագրություն և ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից: Խախտում թույլ տված հավակնորդը զրկվում է մրցույթի հետագա փուլերին մասնակցության իրավունքից։
53. Թեկնածուն բանավոր ստուգման տոմսն ընտրում է ինքնուրույն՝ պատահականության սկզբունքով: Ընտրված տոմսը փոխելն արգելվում է: Պատասխանին պատրաստվելու համար թեկնածուին տրվում է մինչև 30 րոպե ժամանակ:
54. Բանավոր ստուգման տոմսի հարցերին կամ խնդիրներին պատասխանելուց հետո կամ ընթացքում հանձնաժողովի անդամները հավակնորդին կարող են տալ լրացուցիչ հարցեր: Բանավոր ստուգման արդյունքների գնահատման համար հաշվի են առնվում հետևյալ չափորոշիչները.
1) օրենսդրական կարգավորումների համակարգային իմացությունը, իրավական նորմերի բովանդակային, ճիշտ և ամբողջական ներկայացումը, դրանց վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների բովանդակային ներկայացումը՝ այդպիսիք առկա լինելու դեպքում,
2) իրավաբանական խոսքի հստակության և տրամաբանության սահունության դրսևորում:
3) վերլուծություն կատարելու և դիրքորոշում ներկայացնելու կարողությունների և հանպատրաստից կողմնորոշվելու ունակության դրսևորում, ներառյալ՝
ա. տեղեկատվության արագ ու ճիշտ ընկալում.
բ. ստացված տեղեկատվության զտման արդյունքում անհրաժեշտ տվյալների
առանձնացում.
գ. տվյալներ համադրելու, համեմատական վերլուծություններ կատարելու
կարողություն.
դ. տեղեկատվությունն օբյեկտիվորեն վերլուծելու ու դրա վերաբերյալ մտքերը հստակ
շարադրելու միջոցով կարծիք արտահայտելու կարողություն։
55. Բանավոր ստուգման ընթացքում մրցութային հանձնաժողովի անդամին տրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են տոմսի յուրաքանչյուր հարցի կամ խնդրի պատասխանների գնահատականը: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է յուրաքանչյուր թեկնածուի պատասխաններն առանձին։ Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից թեկնածուին տրվող գնահատման առավելագույն միավորը յուրաքանչյուր հարցի կամ խնդրի համար 2-ն է։ Թեկնածուի՝ բանավոր ստուգման արդյունքում ստացած միավոր է համարվում մրցութային հանձնաժողովի բոլոր անդամների կողմից յուրաքանչյուր հարցի կամ խնդրի համար տրված միավորների թվաբանական միջինների հանրագումարը։
56. Բանավոր ստուգման արդյունքները հանձնաժողովն ամփոփում է նույն օրը՝ ամփոփաթերթում, որում արձանագրվում է յուրաքանչյուր մասնակցի ամփոփ գնահատականը (բալը): Բանավոր ստուգման արդյունքների ամփոփման հաջորդ օրը արդյունքները հրապարակվում են Կոմիտեի պաշտոնական կայքում:
57. Բանավոր ստուգման ընթացքը ձայնագրվում կամ տեսաձայնագրվում է:
58. Բանավոր ստուգման ընթացքի և արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են Հանձնաժողովի բոլոր անդամները:

Գնահատման և միավորների հաշվարկման կարգը, անցողիկ միավորները

59. Կոմիտեի ինքնավար պաշտոնները համալրելու նպատակով անցկացվող թեստավորման հարցարանի յուրաքանչյուր հարցին տրված ճիշտ պատասխանը գնահատվում է 0,4 միավոր։ Իսկ բանավոր ստուգման ժամանակ տոմսի յուրաքանչյուր հարցին (խնդրին) տրված ճիշտ պատասխանը գնահատվում է առավելագույնը 2 միավոր։
60. Կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների գնահատման ենթակա հատկանիշները գնահատելու նպատակով հարցազրույցի փուլի ընթացքում մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին տրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են գնահատման ենթակա պահանջները և դրանց բովանդակությունը բացահայտող չափանիշները:
61. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հարցազրույցի փուլում գնահատում է յուրաքանչյուր թեկնածուի՝ նշելով իր նկատառումները գնահատվող չափանիշների վերաբերյալ:
62. Թեկնածուին ներկայացվող պահանջները և դրանց բովանդակությունը բացահայտող չափանիշները հարցազրույցի փուլում գնահատվում են սույն հրամանով սահմանված՝ յուրաքանչյուր պահանջի և չափանիշի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում։
63. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հարցազրույցի փուլում հարցաթերթիկում նշում է թեկնածուի կողմից իր գնահատման արդյունքում ստացած միավորների հանրագումարը՝ միաժամանակ նշելով գնահատման ենթակա առանձին պահանջների շրջանակներում թեկնածուի ստացած միավորների հանրագումարները։
64. Հարցազրույցի փուլի արդյունքում մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից թեկնածուին տրվող գնահատման առավելագույն միավորը 50-ն (հիսուն) է։
65. Թեկնածուի՝ մրցույթի արդյունքում ստացած միավոր է համարվում թեստավորման փուլի արդյունքում ստացած միավորի և հարցազրույցի փուլի ընթացքում մրցութային հանձնաժողովի բոլոր անդամների կողմից տրված միավորների թվաբանական միջինի հանրագումարը։
66. Թեստավորման փուլի անցողիկ միավոր է սույն հայտարարության 21-րդ կետով սահմանված առավելագույն միավորի 70%-ը (յոթանասուն տոկոս), այսինքն՝ 35 միավորը, որից առնվազն 28 միավորը թեստավորման համար, իսկ առնվազն 7 միավորը բանավոր ստուգման համար։
67. Հարցազրույցի փուլի անցողիկ միավոր է սույն հայտարարության 22-րդ կետով սահմանված առավելագույն միավորի 70%-ը (յոթանասուն տոկոս), որից առնվազն 22 միավորը բարեվարքության համար:
68. Մրցույթի արդյունքներով կազմվում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը, որը ներկայացվում է Կոմիտեի նախագահին։ Առանձին կոնկրետ թափուր պաշտոնների համար մրցույթ անցկացնելու դեպքում յուրաքանչյուր պաշտոնի համար ներառվում են միավորների հանրագումարի արդյունքում առավելագույն միավորներ ստացած առնվազն 2 և առավելագույնը 6 թեկնածու (բացառությամբ, եթե մրցույթին մասնակցել է մեկ թեկնածու կամ հարցազրույցի անցողիկ միավորը հաղթահարել է մեկ թեկնածու): Այն դեպքում, երբ մասնակիցների միավորների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել հաղթողին, ապա անցկացվում է բաց քվեարկություն, որի ընթացքում մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է առավելագույն հավասար ձայներ ստացած այս կամ այն թեկնածուի օգտին։ Քվեարկության ժամանակ մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
69. Մասնակիցը մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, կարող է դրանք գրավոր բողոքարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է մեկ օրվա ընթացքում:
70. Սույն հայտարարությանը կից ներկայացվում է բարեվարքության հարցաթերթիկը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 22-ի Ն-02 որոշում՝ http://cpcarmenia.am/files/legislation/346.pdf , ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 989-Ն որոշում՝ լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացություն՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=153713 , հարցաշարը, թեստային առաջադրանքների նմուշօրինակը:
71. «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով թեկնածուն իրավունք ունի հարցազրույցի փուլից առաջ դիմելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստանալու բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը:

Հասցե` Վ. Վաղարշյան 13-Ա

Հեռ..` 011-900-026

Վեբ կայք` press@anticorruption.am

Էլ. փոստ`