Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/38724/02/23 քաղաքացիական գործ

24.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 124-րդ, 127-րդ, 199-րդ, 200-րդ, 361-րդ և 362-րդ հոդվածներով

Նաիրա Լևոնի Ղասաբողլյան
(ՀՀ, ք․ Երևան, Անդրանիկի փ․, շ․ 115, բն․ 27)
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԱՍՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՅԴ ՄԱՍՈՎ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԴԻՄՈՒՄԸ ՄՅՈՒՍ ՄԱՍՈՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2023 թվականի նոյեմբերի 23-ին Երևան քաղաքում

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ա. Դունամալյանը, քննարկելով ըստ Գարեգին Լևոնի Ղասաբօղլյանի դիմումի՝ 06․01․1973 թվականին ծնված Նաիրա Լևոնի Ղասաբողլյանին մահացած ճանաչելու և Նաիրա Լևոնի Ղասաբողլյանը ու Նաիրա Լևոնի Ղասաբօղլյանը նույն անձը հանդիսանալու փաստը հաստատելու պահանջների մասին, դիմումը վարույթ ընդունելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Դիմողի ներկայացուցիչը 16․11․2023 թվականին դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (այսուհետ` Դատարան)՝ Նաիրա Լևոնի Ղասաբողլյանին մահացած ճանաչելու և Նաիրա Լևոնի Ղասաբողլյանը ու Նաիրա Լևոնի Ղասաբօղլյանը նույն անձը հանդիսանալու փաստը հաստատելու պահանջների մասին:
Ներկայացված դիմումը 17․11․2023 թվականին մակագրվել է դատավոր Ա. Դունամալյանին և դրան կից փաստաթղթերով 21․11․2023 թվականին հանձնվել դատավորի աշխատակազմին:
Ուսումնասիրելով ներկայացված դիմումը և դրան կից փաստաթղթերը՝ Դատարանը կարծում է, որ դիմումի ընդունումը մի մասով պետք է մերժել, իսկ մյուս մասով ընդունել վարույթ՝ հետևյալ հիմնավորմամբ.
I. Այսպես, անդրադառնալով դիմումը՝ Նաիրա Լևոնի Ղասաբողլյանին մահացած ճանաչելու պահանջի մասով, վարույթ ընդունելու հարցին՝ Դատարանն արձանագրում է, որ այն ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և առկա չեն նույն օրենսգրքի 126-րդ, 127-րդ և 257-րդ հոդվածներով սահմանված հայցադիմումի (դիմումի) ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը։
II. Ինչ վերաբերում է դիմումը հաջորդ պահանջի, այն է՝ Նաիրա Լևոնի Ղասաբողլյանը ծնված՝ 06․01․1973թ․ և Նաիրա Լևոնի Ղասաբօղլյանը ծնված՝ 06․01․1973թ․ նույն անձը հանդիսանալու փաստը հաստատելու մասով, վարույթ ընդունելու հարցին՝ Դատարանը հարկ է համարում նշել հետևյալը․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմողն այն անձն է, որ ներկայացրել է նույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցը հարուցվում է նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցադիմում ներկայացնելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը. (1) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը, (2) շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերը, (3) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու (էմանսիպացիա) գործերը, (4) քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու վերաբերյալ գործերը, (5) քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործերը, (6) երեխայի որդեգրման վերաբերյալ գործերը, (7) անձին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործերը, (8) քաղաքացուն բժշկական հարկադիր հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ գործերը, (9) ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթերով հավաստված իրավունքները վերականգնելու վերաբերյալ գործերը (կոչի վարույթ), (10) հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի վճռի վերանայման վերաբերյալ գործերը, (11) արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ գործերը:
Վերոնշյալ իրավանորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ իրավունքի կամ օրինական շահերի դատական պաշտպանություն հայցող անձը, ելնելով դատավարական օրենսգրքով իրեն տրված տնօրինչականության սկզբունքից, ինքնուրույն է որոշում դատական պաշտպանության դիմելու եղանակը՝ հայց, թե դիմում ներկայացնելու միջոցով: Այդուհանդերձ, այդ նորմերից հետևում է նաև, որ կախված այն հանգամանքից թե դատական պաշտպանություն հայցող անձը դատարան որ միջոցի օգնությամբ է դիմել՝ հայցի, թե դիմումի, դատարանի կողմից կիրառման ենթակա է դառնալու համապատասխանաբար դատավարական տարբեր առանձնահատկություններ ունեցող վարույթներ, մասնավորապես՝ հայցը հիմք է հայցային վարույթի կարգով քննության իրականացման համար, իսկ դիմումը հիմք է կա՛մ հատուկ վարույթի, կա՛մ դատավարական օրենսգրքով նախատեսված այլ վարույթի կարգով քննության իրականացման համար: Ընդ որում, օրենսդիրը սպառիչ թվարկել է այն գործերի ցանկը, որոնք դատարանի կողմից ենթակա են քննության հատուկ վարույթի կարգով: Ստացվում է, որ հատուկ վարույթի կարգով քննություն իրականացնելու համար բավական չէ միայն դիմումի առկայություն, այդպիսի վարույթի կարգով դատարանի կողմից քննության իրականացման նախադրյալ պետք է հանդիսանա քննարկման ենթակա գործը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերից մեկը լինելու հանգամանքը:
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացիական գործի հարուցման հիմքը հայցի կամ դիմումի առկայությունն է, հետևաբար շահագրգիռ անձը քաղաքացիական դատավարության կարգով իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունն իրականացնում է դատարան կա՛մ հայց, կա՛մ դիմում ներկայացնելով: Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե քաղաքացիական գործի հարուցման հիմքում ընկած է դիմումը, թե հայցադիմումը, օրենսդիրն առանձնացրել է հատուկ և հայցային վարույթները, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են և ունեն գործերի քննության իրենց բնորոշ առանձնահատկություններ: (…) Մինչդեռ հատուկ վարույթի կարգով դատարանը հաստատում է քաղաքացիների կամ կազմակերպությունների գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացու որոշակի իրավական վիճակը կամ նրան պատկանող իրավունքը: Հատուկ վարույթը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով` (1) այստեղ իրավունքի մասին վեճ չկա, քանի որ դիմողն այլ անձանց որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում, (2) հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ դատական մարմինների քննությանն օրենքով հանձնված իրավունքի մասին վեճի բացակայությունը, (3) հատուկ վարույթում դատարանի լուծմանը ենթակա իրավունքի մասին վեճ չկա, ուստի այստեղ չկան նաև հայցվոր ու պատասխանող, այստեղ կան միայն դիմողներ և շահագրգիռ այլ անձինք, (4) հատուկ վարույթում չկա նաև հայց:
Այսպիսով, հատուկ վարույթի գործերով բացակայում է իրավունքի մասին վեճը, իսկ շահագրգիռ անձն էլ որևէ մեկի դեմ որևէ պահանջ չի ներկայացնում: Այսինքն՝ հատուկ վարույթի գործերով բացակայում է դատարանի քննությանը ենթակա (նրա լուծմանը հանձնված) իրավունքի մասին վեճը (տե՛ս, ըստ դիմումի Ասատուր Հարությունյանի` թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.08.2016 թվականի որոշումը):
Կիրառելով վերոնշյալ վերլուծությունները դիմումի նկատմամբ՝ Դատարանն արձանագրում է, որ ներկայացված դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողը Դատարան է դիմել դիմումի միջոցով, այսինքն՝ վերջինս ակնկալում է գործի քննության իրականացում կա՛մ հատուկ վարույթի, կա՛մ դատավարական օրենսգրքով նախատեսված այլ վարույթի կարգով, սակայն ոչ հայցային վարույթի կարգով: Այդուհանդերձ, ինչպես նշվեց վերոգրյալում, հատուկ վարույթի (ոչ հայցային վարույթի) կարգով քննության ենթակա գործերի ցանկը թվարկված է օրենքում, հետևապես՝ այդ վարույթով դիմումի քննության հնարավորությունը բացահայտելու համար Դատարանը հարկ է համարում պարզել, թե ի՞նչ գործի վերաբերյալ է ներկայացված դիմումը և արդյո՞ք այդ գործի տեսակը ներառված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված գործերի ցանկում:
Այսպես, Դատարանը հարկ է համարում նշել, որ դիմողը ներկայացրել է նաև «Նաիրա Լևոնի Ղասաբողլյանը ծնված՝ 06․01․1973թ․ և Նաիրա Լևոնի Ղասաբօղլյանը ծնված՝ 06․01․1973թ․ նույն անձը հանդիսանալու փաստը հաստատելու պահանջ», որը չի հանդիսանում հատուկ վարույթի կարգով քննարկման ենթակա գործ, քանի որ այդպիսի գործի տեսակ նախատեսված չէ ո՛չ հատուկ վարույթի, ո՛չ էլ դատավարական օրենսգրքով նախատեսված այլ վարույթի (ոչ հայցային վարույթի) կարգով քննարկման ենթակա գործերի ցանկում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար սահմանված պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով, կամ այլ բան չի բխում համապատասխան վարույթի էությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունում ներկայացված հայցադիմումը դիմումը, եթե առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը մերժում է հայցադիմումի դիմումի ընդունումը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
Նման պայմաններում Դատարանը կարծում է, որ «Նաիրա Լևոնի Ղասաբողլյանը ծնված՝ 06․01․1973թ․ և Նաիրա Լևոնի Ղասաբօղլյանը ծնված՝ 06․01․1973թ․ նույն անձը հանդիսանալու փաստը հաստատելու պահանջը» քաղաքացիական դատավարության դիմումի վարույթի կարգով քննության ենթակա չէ, հետևապես այդ մասով դիմումի ընդունումը պետք է մերժել:
III. Դատարանը, հիմք ընդունելով ամբողջ վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 124-րդ, 127-րդ, 199-րդ, 200-րդ, 361-րդ և 362-րդ հոդվածներով,
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Գարեգին Լևոնի Ղասաբօղլյանի դիմումը՝ 06․01․1973 թվականին ծնված Նաիրա Լևոնի Ղասաբողլյանին մահացած ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Քաղաքացիական գործը նշանակել դատաքննության՝ 2024 թվականի մարտի 20-ին, ժամը՝ 12:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում հասցե՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, նիստերի դահլիճ թիվ 1:
3. Նաիրա Լևոնի Ղասաբողլյանը և Նաիրա Լևոնի Ղասաբօղլյանը նույն անձը հանդիսանալու փաստը հաստատելու պահանջի մասով Գարեգին Լևոնի Ղասաբօղլյանի դիմումի ընդունումը մերժել։
4. Որոշումն օրենքով սահմանված կարգով ուղարկել դիմողին:
5. Որոշումը՝ դիմումի ընդունելը մերժման մասով, կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, իսկ դիմումը ընդունելու մասով այն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` Hr Nersisyan

Հեռ..` +374 10 20-90-92

Էլ. փոստ`