Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/30260/02/23 քաղաքացիական գործով հայցվոր Ի ԷՄ ՍԻ ՓԲ ընկերության ծանուցագիր

29.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ, 131-րդ, 199-րդ, 200-րդ, 361-րդ և 362-րդ հոդվածներով





ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/30260/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագահությամբ դատավոր ԱՆՆԱ ՇԻԼԱՋՅԱՆԻ

2023 թվականի սեպտեմբերի 28-ին քաղաք Երևան

քննարկելով Ի ԷՄ ՍԻ ՓԲ ընկերության տնօրեն Տիգրան Ասրիյանցի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ի ԷՄ ՍԻ ՓԲ ընկերության տնօրեն Տիգրան Ասրիյանցի կողմից հայցադիմում է ներկայացել դատարան ընդդեմ՝ Վաչիկ Հարությունի Մինասյանի, Հարություն Վաչիկի Մինասյանի, Աննա Վաչիկի Մինասյանի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Վաչիկ Հարությունի Մինասյանին, Հարություն Վաչիկի Մինասյանին և Աննա Վաչիկի Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող, ք.Երևան, Բուզանդի փողոցի թիվ 6/3 բնակելի տան օտարման, որպես իրավական հետևանքներ Վաչիկ Հարությունի Մինասյանի, Հարություն Վաչիկի Մինասյանի և Աննա Վաչիկի Մինասյանի սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ Ի ԷՄ ՍԻ ՓԲ ընկերության սեփականության իրավունքի դադարեցման, Ի ԷՄ ՍԻ ՓԲ ընկերության հանձնելու պահանջի մասին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ա․ Շիլաջյանի (այսուհետ՝ Դատարան) 28.09․2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարան ներկայացված միջնորդությամբ հայցվորների ներկայացուցիչը խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանք դնել Երևան քաղաքի Բուզանդի փողոցի թիվ 6/3 բնակելի տան (30.11.2009թ. տրված N 2253364 վկայականով) վրա, թուլատրելով կարատել Գույքի /դրա բաժնեմասի/ կամովին օտարում Հայցվորին։
Ուսումնասիրելով միջնորդությունը՝ Դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներն են` պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը, պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին:
Դատարանը հարկ է համարում նշել, որ հայցի ապահովման՝ որպես դատավարական ինստիտուտի նշանակությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն դիտարկվում է մի կողմից օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքներից մեկը, որով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը, իսկ մյուս կողմից՝ որպես դատարանի կողմից կատարվող դատավարական գործողություն, որը հետապնդում է գործով կայացվելիք վճռի կատարման երաշխիքներ ապահովելու նպատակ: Այսինքն, հայցի ապահովումը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող միջոցներով պաշտպանել գործին մասնակցող անձանց իրավունքները և օրինական շահերը հնարավոր բացասական հետևանքներից և ուղղված է վերջիններիս խախտված իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն։ Դատարանի գնահատմամբ հայցվորի կողմից պետք է ներկայացվեն հիմնավոր փաստարկներ այն մասին, որ հայցվող միջոցները չձեռնարկելը կարող է հանգեցնել դատական ակտի կատարման անհնարինության, դժվարացման, վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին, իսկ հետևանքների առաջացման հնարավորության վերաբերյալ հայցվորի կասկածները կամ հավանական հետևությունները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ դատարանի կողմից հայցի ապահովման միջոցներ կիրառելու համար, իսկ յուրաքնաչյուր դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելն ինքնին իրավաչափ և ընդունելի է պայմանով, որ առկա են համարժեք և բավարար հիմքեր՝ մյուս կողմի իրավունքները և ազատությունները մինչև դատական ակտի կայացումը սահմանափակելու համար:
Սահմանադրական դատարանը 2020 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ՍԴՈ-1561 որոշմամբ անդրադառնալով հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն քննելիս դատարանի կողմից գնահատման ենթակա հանգամանքներին՝ արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն քննելիս դատարանը պետք է հաշվի առնի այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ prima facia հայցագնի հիմնավորվածությունը (դրամական պահանջների դեպքում), որոշակի գործողությունների կատարման կամ դրանցից ձեռնպահ մնալու անհրաժեշտության հիմնավորվածությունը (գործողություններ կատարելը պարտավորեցնելու կամ արգելելու դեպքերում), գույքի նկատմամբ ունեցած իրավունքների հավաստումը (գույքի իրացումը կասեցնելու կամ գույքի վրա արգելանք դնելու դեպքերում):
Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելիս դատարանը պետք է առաջնորդվի վերոնշյալ հանգամանքների հաշվառմամբ, ինչպես նաև այնպիսի այլ հանգամանքների ուսումնասիրմամբ, որոնք անհրաժեշտ և բավարար կլինեն հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հիմքերի առկայության հաստատման համար (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 24․11․2020 թվականի թիվ ՍԴՈ-1561 որոշումը)։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը, 01.03.2010 թվականի վճռում նշել է. Դատարանը կրկնում է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետը պաշտպանում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ կապված հայց հարուցելու յուրաքանչյուրի իրավունքը: Այդպիսով, այն ներառում է դատարան դիմելու իրավունք-ը, որի ասպեկտներից մեկը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործերով վարույթ հարուցելու իրավունքը: Մինչդեռ այդ իրավունքը կլիներ անիրական, եթե Պայմանավորվող Պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումները մնան չկատարված` ի վնաս մի կողմի: Անընդունելի կլիներ, եթե 6-րդ հոդվածի 1-ին կետը մանրամասն նկարագրեր կողմերին տրված դատավարական երաշխիքները (արդարացի, հրապարակային դատավարություն և գործերի քննության անընդհատության սկզբունք)՝ առանց դատական որոշումների կատարման երաշխիքների: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մեկնաբանումը միայն դատարանի մատչելիության և դատավարությունների անցկացման իրավունքի շրջանակներում, հավանաբար, կառաջացներ մի իրավիճակ, որն անհամատեղելի կլիներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը Պայմանավորվող Պետությունները Կոնվենցիան վավերացնելիս պարտավորվել են հարգել: Ցանկացած դատարանի կողմից ընդունված դատական որոշման կատարումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով պետք է դիտվի որպես դատավարության, բաղկացուցիչ մաս (տե′ս, նաև Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 04.09.2002 թվականի վճիռը, կետ 34):
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման միջոցի կիրառման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ էլ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տե'ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ Ալնես Քոնսթրաքշն ՍՊԸ-ի` 13.157.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայցի ապահովումն օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է: Այն ուղղված է անձանց խախտված իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն: Հայցի ապահովման ինստիտուտի նշանակությունը կայանում է նրանում, որ դրանով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը: Այսպիսով, հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանելու հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայցի ապահովման ինստիտուտի պարագայում ընդհանուր շահերի և մասնավոր անձի հիմնարար իրավունքների միջև հավասարակշռության պահպանման հարցի պարզումը յուրաքանչյուր դեպքում հարկ է իրականացնել՝ հաշվի առնելով ապահովման ենթակա հայցի տեսակը և առարկան, հայցագինը, ձեռնարկված հայցի ապահովման եղանակը: Մասնավորապես` որքանո՞վ է պիտանի և անհրաժեշտ տվյալ հայցի ապահովման միջոցի կիրառումը նմանատիպ հայցապահանջներով, առկա է արդյոք ողջամիտ հարաբերակցություն հայցագնի և ձեռնարկված հայցի ապահովման ծավալի միջև և այլն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝
1. Հայցագինը որոշվում է`
1) դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` պահանջվող գումարի չափով.
2) ալիմենտ բռնագանձելու հայցերով` մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով, իսկ եթե ալիմենտի բռնագանձման պահանջը ներկայացվել է մեկ տարուց պակաս ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով.
3) ժամկետային, անժամկետ կամ ցմահ վճարումներ կատարելու վերաբերյալ հայցերով` մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով, իսկ եթե գումարի բռնագանձման պահանջը ներկայացվել է մեկ տարուց պակաս ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով.
4) վճարումների չափը պակասեցնելու կամ ավելացնելու վերաբերյալ հայցերով` այն գումարից, որով մեկ տարվա հաշվարկով պակասեցվելու կամ ավելացվելու են վճարումները:
2. Հայցագնի մեջ մտնում են նաև պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների գումարները` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ:
3. Մի քանի ինքնուրույն պահանջներից կազմված հայցագինը որոշվում է բոլոր պահանջների ընդհանուր գումարով:
4. Հայցագնի մեջ չի ներառվում դատական ծախսերի գումարը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե օրենքի 44.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե այլ բան նախատեսված չէ կատարողական թերթով, ապա, որպես հայցի ապահովում, հայցագնի չափով արգելանք է դրվում պարտապանին պատկանող՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքի վրա:
Դատարանը, հիմք ընդունելով վերոնշյալ հոդվածները, ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, փաստում է, որ գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելու հայցի ապահովման տեսակի միջնորդությունը քննելիս դատարանը պետք է հաշվի առնի այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ prima facia հայցագնի հիմնավորվածությունը, ընդ որում՝ հայցագին որպես այդպիսին առկա է դրամական պահանջների դեպքում:
Տվյալ դեպքում հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվել է միջնորդություն, որով խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանք դնել Երևան քաղաքի Բուզանդի փողոցի թիվ 6/3 բնակելի տան (30.11.2009թ. տրված N 2253364 վկայականով) վրա, թուլատրելով կարատել Գույքի /դրա բաժնեմասի/ կամովին օտարում Հայցվորին։
Վերը նշված իրավական նորմերի, ՀՀ սահմանադրական դատարանի 24․11․2020 թվականի թիվ ՍԴՈ-1561 որոշման և Միջորդությամբ վկայակոչված հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումների համադրմամբ, ինչպես նաև ապացույցների գնահատմամբ (ապացույցները գնահատվում են բացառապես Միջնորդության քննարկման շրջանակներում) անդրադառնալով Միջնորդության հիմքերին՝ Դատարանը գտնում է, որ հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցի առարկան չի նախատեսում հայցագին, հետևաբար հայցվող հայցի ապահովման միջոցը ինքնին սույն գործով կիրառելի չէ։
Բացի այդ, Դատարանը հարկ է համարում նշել, որ ինչպես հետևում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բովանդակությունից, նման ձևով հայցի ապահովման միջոց կիրառելիս պետք է առաջին հերթին հիմնավորվի, որ գույքը, որի վրա ակնկալվում է դնել արգելանք, սեփականության իրավունքով պատկանում է հայցվորին, սակայն գտնվում է պատասխանողի մոտ։ Մինչդեռ, ինչպես հետևում է ներկայացված հայցի փաստական հիմքերից և առարկայից, ինչպես նաև հայցադիմումի և կից փաստաթղթերից (որոնք գնահատվում են բացառապես Միջնորդության քննարկման շրջանակներում) չի հետևում, որ քաղաք Երևան, Բուզանդի փողոցի թիվ 6/3 բնակելի տան սեփականության իրավունքով պատկանում է համահայցվորներին, ինչն արդեն իսկ բացառում է նշված ձևով հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորությունը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժվում է, եթե բացակայում են հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը:
Այսպիսով, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ, 131-րդ, 199-րդ, 200-րդ, 361-րդ և 362-րդ հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ի ԷՄ ՍԻ ՓԲ ընկերության տնօրեն Տիգրան Ասրիյանցի կողմից ներկայացված միջնորդությունը, մերժել։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
3. Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան այն ստանալուց հետո յոթնօրյաժամկետում:
4. ․ Որոշումը օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա․ ՇԻԼԱՋՅԱՆ


Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 010-287-100

Էլ. փոստ`