Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ «15» փետրվարի 2024 թ. № 20945-24/06/02-Ա ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

03.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ
«15» փետրվարի 2024 թ. № 20945-24/06/02-Ա

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս քննության առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 49/4/20945-24 գրությունը և վերջինիս առնչվող նյութերը.

ՊԱՐԶԵՑԻ
«ՆՈՐ ՆՈՐՔ-1/7» համատիրության (ՀՎՀՀ՝ 00839817, այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից շահագործվում է հետևյալ արտադրական վտանգավոր օբյեկտը (այսուհետ՝ ԱՎՕ).
ԱՎՕ գտնվելու վայր ԱՎՕ անվանում ԱՎՕ համար
ք. Երևան, Նորքի 1-ին զանգված, Նանսենի 20շ., 1-ին մուտք «Վերելակ մարդատար» 6/1-0267/1
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 49/4/20945-24 գրությամբ Տեսչական մարմինը տեղեկացվել է, որ 2024 թվականի փետրվարի 14-ին «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացված վերոնշյալ ԱՎՕ-ի տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում տրվել է թիվ 339.13 բացասական եզրակացությունը։
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝
վերելակներ, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում՝ արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում, բացառությամբ 250 կգ ու փոքր բեռնատարողությամբ վերելակների.։
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը:
Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա` պայմանագրով նախատեսված ժամկետներում` պահպանելով տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ սահմանված պայմանների կատարումը:
Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արգելվում է առանց տեխնիկական անվտանգության դրական փորձագիտական եզրակացության սկսել արտադրական վտանգավոր օբյեկտի գործարկումը (վերագործարկումը):
Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի իմաստով կարգադրագիրը Տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով և լիազորությունների սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է` արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելմանը, եթե արտադրական վտանգավոր օբյեկտը սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։
Վարույթի նյութերով հիմնավորվում է, որ Կազմակերպության կողմից վերոնշյալ ԱՎՕ-ն շահագործվում է առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով, 78-րդ, 83-րդ հոդվածներով, և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածով՝

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ
1. Արգելել «ՆՈՐ ՆՈՐՔ-1/7» համատիրությանը շահագործել հետևյալ արտադրական վտանգավոր օբյեկտը՝
ԱՎՕ գտնվելու վայր ԱՎՕ անվանում ԱՎՕ համար
ք. Երևան, Նորքի 1-ին զանգված, Նանսենի 20շ., 1-ին մուտք «Վերելակ մարդատար» 6/1-0267/1
2. Արգելել «ՆՈՐ ՆՈՐՔ-1/7» համատիրության աշխատողներին և այլ անձանց՝ իրականացնել սույն կարգադրագրի 1-ին կետում նշված արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործմանն ուղղված որևէ գործողություն։
3. Սահմանել, որ կարգադրագրի պահանջների կատարման մասին Տեսչական մարմնին անհրաժեշտ է տեղյակ պահել՝ յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտների վերաբերյալ տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
4. Սույն կարգադրագիրն ուժի մեջ է մտնում սույն կարգադրագրի 1-ին կետում նշված անձին հանձնելուն (հանձնված համարվելուն) հաջորդող օրվանից և գործում է մինչև սույն կարգադրագրի 1-ին կետում նշված արտադրական վտանգավոր օբյեկտների վերաբերյալ տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների ստացման պահը։
5. Սույն կարգադրագիրը կարող է բողոքարկվել դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում՝ վերադասության կամ դատական կարգով։
6. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի համաձայն՝ կարգադրագրի բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը։

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ
ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`