Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/9623/05/20 վարչական գործով որոշում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի և 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը կասեցնելու մասին

27.11.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն Դ Ա Տ Ա Ր Ա Ն

Վարչական գործ թիվ ՎԴ/9623/05/20
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ III ԳԼԽԻ 8- ՐԴ, IV ԳԼԽԻ 9.1-ԻՆ ԿԵՏԵՐԻ ԵՎ 9.1-ԻՆ ԿԵՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԱՍՈՎ 10-ՐԴ ԿԵՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«27» նոյեմբերի 2020 թվական ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` հետևյալ կազմով (այսուհետ նաև՝ Դատարան)՝

նախագահող դատավոր` ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ,
դատավոր` ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ,
դատավոր` ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր` ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ,
դատավոր` ՌԱՖԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ,

քննարկելով Արծվիկ Մինասյանի, Վահե Գրիգորյանի, Արթուր Ղազինյանի (այսուհետ նաև՝ Դիմողներ) դիմումի հիման վրա հարուցված՝ ՀՀ կառավարության 27.09.2020 թվականի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8- րդ, IV գլխի 9.1-ին և 10-րդ կետերն անվավեր ճանաչելու, նշված դրույթներն ընդունելու պահից ուժը կորցրած համարելու պահանջների մասին, վարչական գործով վիճարկվող դրույթները կասեցնելու վերաբերյալ Դիմողների միջնորդությունը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Արծվիկ Մինասյանը, Վահե Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը 23.11.2020 թվականին դիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության՝ ՀՀ կառավարության 27.09.2020 թվականի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8- րդ, IV գլխի 9.1-ին և 10-րդ կետերն անվավեր ճանաչելու, նշված դրույթներն ընդունելու պահից ուժը կորցրած համարելու պահանջների մասին:
ՀՀ վարչական դատարանի 27.11.2020 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, և որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով։
Դիմողները միջնորդել են կասեցնել վիճարկվող դրույթների գործողությունը մինչև գործի քննության ավարտը։
Քննարկելով ներկայացված միջնորդությունը, Դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման մասնակի՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Գործը վարույթ ընդունելուց հետո վարչական դատարանը դիմողի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմողի կամ հանրության համար:
Նախ և առաջ Դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 20.11.2020 թվականի թիվ ՍԴԱՈ-209 աշխատակարգային որոշմամբ կասեցվել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերի գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը։
«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործը քննության ընդունելուց հետո Սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի կամ դրույթի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար:
Դատարանն արձանագրում է, որ ինչպես վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (վիճարկվող դրույթի) գործողության կասեցման՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքը, այնպես էլ այն իրավական ակտի կամ դրույթի, որի սահմանադրականությունը վիճարկվում է, գործողության կասեցման՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված հիմքն, ըստ էության, նույնն են՝ կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների։
Հետևաբար, ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը և դիրքորոշմանը համահունչ, Դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության 27.09.2020 թվականի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի IV գլխի 9.1-ին կետի կասեցման մասով դիմողների միջնորդությունը ենթակա է բավարարման։
Հաջորդիվ, անդրադառնալով ՀՀ կառավարության 27.09.2020 թվականի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ կետի կասեցման հարցին, Դատարանն արձանագրում է հետևյալը.
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետև՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածով ամրագրված է արտահայտվելու ազատության իրավունքը, իսկ 11-րդ հոդվածով՝ հավաքների և միավորման ազատության իրավունքը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուետ՝ ՄԻԵԴ) Կուդրեվիչուսն ու այլոք ընդդեմ Լիտվայի գործով արձանագրել է, որ հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում հիմնարար իրավունք է և արտահայտվելու ազատության իրավունքին համանման ժողովրդավարական հասարակության հիմքերից է։ Հետևաբար այն ենթակա չէ սահմանափակ մեկնաբանման։ Որպես այդպիսին, այն տարածվում է ինչպես մասնավոր հավաքների վրա, այնպես էլ հանրային վայրերում հավաքների վրա, ինչպես մեկ վայրում հավաքվելու միջոցով, այնպես էլ երթերի վրա, բացի այդ, այն կարող է իրակացվել ինչպես առանձին մասնակիցների, այնպես էլ միջոցառման կազմակերպիչների կողմից (տե՛ս ՄԻԵԴ 15.10.2015 թվականի վճիռը, § 91, գանգատ 37553/05)։
Բացի այդ, Ազատություն և ժողովրդավարություն կուսակցությունն (ÖZDER) ընդդեմ Թուրքիայի գործով ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ չնայած ինքնավար դերին և կիրառման հատուկ ոլորտին, Կոնվենցիայի 11-րդ հոդվածը պետք է դիտարկվի Կոնվենցիայի 10-րդ հոդվածի լույսի ներքո։ Կարծիքների և դրանք ազատ արտահայտելու պաշտպանությունը Կոնվենցիայի 11-րդ հոդվածում ամրագրված հավաքների և միավորումների ազատությունների նպատակներից մեկն է։
Ինչպես դատարանը բազմիցս նշել է, ժողովրդավարությունն անհնար է առանց բազամակարծության։ Համաձայն 10-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը կիրառելի է ոչ միայն այն «տեղեկատվության» կամ «գաղափարների» նկատմամբ, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են անվտանգ ու չեզոք, այլ նաև նրանց, որոնք վիրավորում են, ցնցում կամ ահնհանգստություն պատճառում պետությանը կամ հասարակության ցանկացած մասին(տե՛ս ՄԻԵԴ 08.12.1999 թվականի վճիռը, § 37, գանգատ 23885/94):
ՄԻԵԴ վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա Դատարանն արձանագրում է, որ հավաքների կազմակերպման և անցկացման իրավունքը, որն արգելվել է քննարկվող՝ 27.09.2020 թվականի թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ կետով, օրգանական կապի մեջ է ազատ արտահայտվելու իրավունքի հետ։
Հետևաբար, 27.09.2020 թվականի թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ կետի գործողությունը չկասեցնելու դեպքում 27.09.2020 թվականի թիվ 1586-Ն որոշման հավելվածի IV գլխի 9.1-ին կետի գործողության կասեցումը կդառնա ինքնանպատակ։
Բացի վերը նշվածից, Դատարանը 27.09.2020 թվականի թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ կետի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դիմողների միջնորդությունը բավարարելու հիմքում դնում է նաև այն հանգամանքը, որ անկախ սույն գործի քննության արդյունքներից, 27.09.2020 թվականի թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ կետով սահմանված արգելքի կիրառումը ներկայումս այլևս համարժեք չէ արգելվող իրավունքների և ազատությունների նշանակությանը, պիտանի և անհրաժեշտ չէ 27.09.2020 թվականի թիվ 1586-Ն որոշմամբ սահմանված նպատակներին հասնելու համար։
Ինչ վերաբերում է 27.09.2020 թվականի թիվ 1586-Ն որոշման հավելվածի IV գլխի 10-րդ կետի գործողության կասեցմանը, հաշվի առնելով, որ 10-րդ կետում սահմանված են բացառություններ 27.09.2020 թվականի թիվ 1586-Ն որոշման հավելվածի ամբողջ IV գլխով սահմանված սահմանափակումների համար, սույն գործով IV գլխով սահմանված սահմանափակումներից վիճարկվում է միայն դրա 9.1-ին կետով նախատեսված սահմանափակումը, Դատարանը գտնում է, որ 10-րդ կետի գործողությունը սույն գործի շրջանակներում կարող է կասեցվել և ենթակա է կասեցման միայն վիճարկվող՝ 9.1-ին կետին առնչվող մասով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով` ՀՀ վարչական դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Արծվիկ Մինասյանի, Վահե Գրիգորյանի, Արթուր Ղազինյանի միջնորդությունը բավարարել մասնակի.
Մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնել ՀՀ կառավարության 27.09.2020 թվականի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ կետի և IV գլխի 9.1-ին կետի գործողությունը, ինչպես նաև IV գլխի 10-րդ կետի գործողությունը՝ ՀՀ կառավարության 27.09.2020 թվականի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի IV գլխի 9.1-ին կետին առնչվող մասով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) հրապարակման պահից:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ՝ ԴԱՏԱՎՈՐ՝ ԴԱՏԱՎՈՐ՝
Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆ Ա. ԱՎԱԳՅԱՆ Գ. ՍՈՍՅԱՆ





ԴԱՏԱՎՈՐ՝ ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՂԱԶԱՐՅԱՆ Ռ. ԽԱՆԴԱՆՅԱՆ







ԴԱՏԱՎՈՐ` ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՀՌԻՓՍԻՄԵ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +37410 44-71-21 /275/

Էլ. փոստ`