Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/0555/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

15.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0555/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանը
2018 թվականի հունիսի <<07>>-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով Անահիտ Գրիգորի Հովակիմյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Իսահակյան փողոց, 19-րդ շենք, բնակարան 27, այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Սուսաննա Ժուլվերնի Մալինկինայի (բնակության հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Իսահակյան փողոց, 19-րդ շենք, բնակարան 27)՝ ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի 19-րդ շենքի 27-րդ բնակարանից Հայցվորի 1/3-րդ բաժնեմասը Պատասխանողի 2/3-րդ բաժնեմասից առանձնացնելու պահանջի մասին հայցադիմումին,
ՊԱՐԶԵՑԻ
I. Հայցադիմումը ներկայացված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին տրամադրվել են 30.05.2018 թվականին:
Հայցադիմումն ընդդատյա է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան:
II. Հայցվորը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածը, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի բացառվում, որ Պատասխանողը գույքը երրորդ անձին վաճառելով կամ նվիրատվություն կատարելով կստեղծի բարեխիղճ ձեռքբերողի ինստիտուտի իմիտացիա, ուստի հայցի ապահովման համար միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, ուստի խնդրել է արգելել Պատասխանողին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի 19-րդ շենքի 27-րդ բնակարանի նկատմամբ որևէ գործողություն՝ այդ թվում օտարման գործողություն կատարելը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված՝ 09.02.2018 թվականին, ուժի մեջ մտած՝ 09.04.2018 թվականին) 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներն են` 2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը. 3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.. (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց, 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին, իսկ 4-րդ մասի համաձայն՝ կիրառվող հայցի ապահովման միջոցը չպետք է հանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինության կամ նրա գործունեության համար ստեղծի էական խոչընդոտներ կամ հանգեցնի իրավաբանական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման: «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների հետ կապված վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի գնման գործընթացի կամ գնման պայմանագրի կատարման կասեցմանը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել առաջին ատյանի դատարան հայցադիմումի հետ կամ մինչև գործով դատաքննության ավարտը: Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը կարող է շարադրվել հայցադիմումում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը, իսկ եթե միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումի հետ, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ապա այն դատարանի կողմից չի քննվում, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը, իսկ 3-րդ մասի համաձայն՝ միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է՝ 1) հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում. 2) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին որոշում. 3) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում, նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժվում է, եթե բացակայում են հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը, իսկ 5-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է միջնորդությունը ներկայացրած անձին, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատարանի որոշումը մերժման մասով կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը բավարարվելու դեպքում հայցի ապահովման միջոցները կիրառվում են վերաքննիչ դատարանի որոշմամբ: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:
Վերը նշված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ հայցի ապահովման միջոցներն, inter alia (ի թիվս այլնի), պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը և այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը, որպիսի հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին: Ընդ որում, հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը:
Սույն գործով հայցի առարկան հանդիսանում է ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի 19-րդ շենքի 27-րդ բնակարանից Հայցվորի 1/3-րդ բաժնեմասը Պատասխանողի 2/3-րդ բաժնեմասից առանձնացնելու պահանջը և Հայցվորը միջնորդության մեջ որպես հիմնավորում նշել է, որ. <<չի բացառվում, որ Պատասխանողը գույքը երրորդ անձին վաճառելով կամ նվիրատվություն կատարելով կստեղծի բարեխիղճ ձեռքբերողի ինստիտուտի իմիտացիա, ուստի հայցի ապահովման համար միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, ուստի խնդրել է արգելել Պատասխանողին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի 19-րդ շենքի 27-րդ բնակարանի նկատմամբ որևէ գործողություն՝ այդ թվում օտարման գործողություն կատարելը>>:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:
ՀՀ սահմանադրական դատարանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 24.02.2012 թվականի թիվ ՍԴՈ-1009 որոշման եզրափակիչ մասում արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` այդ մասի առաջին նախադասության դրույթների սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, համաձայն որի` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքելու ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ` նկատի ունենալով, որ ներքոհիշյալ դեպքերում առանձին մասնակցի կողմից գույքի տնօրինման գործարք կնքելիս անհրաժեշտ է բոլոր համասեփականատերերի պոզիտիվ համաձայնությունը, ինչը կփաստի գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորության առկայությունը: Այդ դեպքերն են.
ա) երբ համասեփականատերերի իրավունքները պետական գրանցում են ստացել և սեփականության իրավունքի գրանցման վկայականում հստակ նշված է, որ գույքը պատկանում է կոնկրետ սեփականատերերի` համասեփականության իրավունքով,
բ) երբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված կարգով ու դեպքերում գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները ծագում են օրենքի հիման վրա և ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից:
Հայցադիմումին կից ներկայացված 09.03.2007 թվականի թիվ 1276119 սեփականության վկայականի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի 19-րդ շենքի 27-րդ բնակարանի նկատմամբ գրանցված է Անահիտ Հովակիմյանի, Սուսաննա և Ժուլվեռն Ղևոնդյանների համատեղ սեփականության իրավունքը:
Դատարանն արձանագրում է, որ միջնորդության մեջ բացի օրենսդրական ձևակերպումներից առկա չէ որոշակի փաստական հանգամանքներ և, ավելին, միջնորդությանը կից չկա որևէ ապացույց, որտեղ առկա փաստական տեղեկությունները կարող են հաստատել միջնորդության հեղինակի ներկայացրած փաստարկները և մտավախությունները, համենայնդեպս, միջնորդության մեջ շարադրված փաստերը հաստատող ուղղակի կամ անուղղակի ապացույց Հայցվորը չի ներկայացրել, ուստի կամայական կերպով ներկայացված խնդրանքը չի կարող բավարարվել: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքը չի կարող հասկացվել վերացականորեն, այլապես այն կիմաստազրկվի՝ չծառայելով իր նպատակին:
Վերոգրյալից ելնելով՝ Դատարանը եկավ այն համոզման, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի իմաստով Հայցվորի միջնորդությունը հիմնավորված չէ, այն չի բխում նաև նույն օրենսգրքի 129-130-րդ հոդվածների պահանջներից, մասնավորապես՝ վերջինս միջնորդել է արգելել Պատասխանողին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի 19-րդ շենքի 27-րդ բնակարանի նկատմամբ որևէ գործողություն՝ այդ թվում օտարման գործողություն կատարելը այն պարագայում, երբ հայցի առարկան հանդիսանում է ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի 19-րդ շենքի 27-րդ բնակարանից Հայցվորի 1/3-րդ բաժնեմասը Պատասխանողի 2/3-րդ բաժնեմասից առանձնացնելու պահանջը և հայցադիմումին կից ներկայացված 09.03.2007 թվականի թիվ 1276119 սեփականության վկայականի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի 19-րդ շենքի 27-րդ բնակարանի նկատմամբ գրանցված է Անահիտ Հովակիմյանի, Սուսաննա և Ժուլվեռն Ղևոնդյանների համատեղ սեփականության իրավունքը, ուստի Դատարանը գտնում է, որ պետք է կայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշում, քանի որ բացակայում են հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը և հիմնավորումները և Հայցվորի կողմից չի ապացուցվել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 124-րդ, 125-րդ, 128-132-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 360-362-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ
1. Հայցադիմումն ընդունել վարույթ:
2. Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժել:
3. Որոշումը Հայցվորին հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրան ուղարկել ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն, իսկ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկել պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ընդունելու օրվանից երկու շաբաթ հետո, եթե հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշումը չի բողոքարկվել, իսկ հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվելու դեպքում ուղարկել պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց՝ հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարելուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ բողոքը մերժելու դեպքում՝ գործը վերաքննիչ դատարանից ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:
4. Որոշումը՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասով, օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման, իսկ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` Հայցվորի կողմից այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում։

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`