Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ըստ դիմումի «Արցախտրանս» ՍՊ ընկերության՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ՍնԴ/0555/04/20 սնանկության գործով «Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ընկերության, «ՎՏԲ Բանկ» ՀԲ ընկերության և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանի կողմից սնանկության գործով կառավարչի գործողության դեմ բերված բողոք քննության առնելու մասին

02.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


ՍնԴ/0555/04/20




Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԸ
ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«22» փետրվարի 2021թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը` նախագահությամբ դատավոր Գ. Ավագյանի, քննության առնելով ըստ դիմումի «Արցախտրանս» ՍՊ ընկերության՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ՍնԴ/0555/04/20 սնանկության գործով «Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ընկերության, «ՎՏԲ Բանկ» ՀԲ ընկերության և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանի կողմից սնանկության գործով կառավարչի գործողության դեմ բերված բողոքը
Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ սնանկության դատարանի 2020թ-ի ապրիլի 30-ի վճռով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը ճանաչվել է սնանկ:
Նույն դատարանի 2020թ-ի մայիսի 08-ի որոշմամբ պարտապանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արսեն Չիտչյանը:
ՀՀ սնանկության դատարանի 2020թ-ի նոյեմբերի 20-ի որոշմամբ հաստատվել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության նկատմամբ դատարան ներկայացված պահանջների վերջնական ցուցակը:
«Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ընկերության, «ՎՏԲ Բանկ» ՀԲ ընկերության և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանի կողմից 16.02.2021թ. դատարան է ներկայացվել սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի կողմից պարտատերերի ժողով հրավիրելու գործողության դեմ բողոք, համաձայն որի խնդրել է սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի գործողությունը՝ 17.02.2021թ. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության պարտատերերի ժողով հրավիրելու վերաբերյալ՝ ժողովի օրակարգի 2-րդ կետի մասով, ճանաչել ոչ իրավաչափ.
Արգելել 17.02.2021թ. հրավիրված պարտատերերի ժողովի օրակարգի 2-րդ հարցի վերաբերյալ ժողովի անցկացումը և քվեարկությունը, իսկ քվեարկելու դեպքում՝ համապատասխան որոշումն անվավեր ճանաչել:

18.02.2021թ-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Ա. Չիտչյանի կողմից Մ-6595 համարով դատարանի գրասենյակ է ներկայացվել 17.02.2021թ. հրավիրված պարտատերերի ժողովի փաստաթղթերը, այդ թվում ժողովի արձանագրությունը, համաձայն որի ժողովը որոշել է մերժել պարտապանին պատկանող խարամը /արտադրական թափոնը/ ուղղակի գործարքով 4.410 ՀՀ դրամ ներառյալ Ա.Ա.Հ.-ն վաճառելու հարցը, իսկ «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության կողմից ներկայացված փաստաբանին սնանկության գործով կառավարչի կողմից թիվ 184135 և 194169 արբիտրաժային վարույթներում, ինչպես նաև այդ վարույթների հետ փոխկապակցված այլ վարույթներում լիազորագրի տրամադրում վերալիազորելու իրավունքով հարցը բավարարել:
Դատարանը քննարկելով «Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ընկերության, «ՎՏԲ Բանկ» ՀԲ ընկերության և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանի կողմից ներկայացված սնանկության գործով կառավարչի գործողության դեմ բերված բողոքը, գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարան ներկայացրած բողոքով Վահագն Դալլաքյանը հայտնել է, որ 11.02.2021թ. սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը հրավիրել է պարտատերերի ժողով, որի օրակարգի 2-րդ կետն է՝ «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության կողմից ներկայացված փաստաբանին սնանկության գործով կառավարչի կողմից թիվ 184135 և 194169 արբիտրաժային վարույթներում, ինչպես նաև այդ վարույթների հետ փոխկապակցված այլ վարույթներում լիազորագրի տրամադրում՝ վերալիազորելու իրավունքով:
Նշել է, որ պարտատերերի ժողովն իրավասու չէ լուծել տվյալ հարցը, քանի որ օրենքով պարտատերերի ժողովի համար նման լիազորություն նախատեսված չէ:
Մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում՝
ա/ ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն տալը և ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման մասին դատարանին առաջարկություն ներկայացնելը.
բ/ պարտատերերի խորհրդի կազմի հաստատումը և խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
գ/ իր կանոնակարգի ընդունումը.
դ/ սույն օրենքով ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված այլ որոշումների ընդունումը:
Օրենքի վերոգրյալ կարգավորումները, ինչպես նաև այլ դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ պարտատերերի ժողովի իրավասությունների և ընդունվող որոշումների բնույթը բացարձակ այլ է, քան «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության 27.01.2021թ. դիմումով բարձրացված հարցը, հետևաբար պարտատերերի ժողովը իրավասու չէ քննել և այդ հարցով կայացնել որևէ որոշում:
Սնանկության մասին օրենսդրական կարգավորումների վերլուծությունը ցույց է տալիս, որ սնանկ ճանաչված պարտապանի օպերատիվ կառավարումը կառավարչի լիազորությունների շրջանակում վերջինիս կողմից իրականացվում է միանձնյա՝ բացառությամբ այն դեպքերի և օրենքով սահմանված կարգով կառավարիչը պարտավոր է ստանալ դատարանի կամ պարտատերերի համաձայնությունը: «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության 27.01.2021թ. դիմումով բարձրացված հարցը վերաբերելի է բացառապես պարտապանի օպերատիվ կառավարմանը, օրենքն այն չի դիտարկում, որպես պարտատերերի կողմից քննարկելի հարց և հետևաբար այդ հարցի ընդգրկումը պարտատերերի ժողովի օրակարգում հակասում է օրենքի պահանջներին և ընդհանուր տրամաբանությանը:
Բացի վերոգրյալից, նման հարցի քննարկումը և ընդգրկումը պարտատերերի ժողովում կխախտի պարտատերերի և պարտապանի իրավունքների հավասարակշռումը, կստեղծի շահերի բախման իրավիճակ:
Մասնավորապես, իր դիմումի 27-րդ կետում «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությունը նշել է, որ լիազորված անձի կողմից լիազորությունների իրականացման հետ կապված բոլոր ծախսերը կկատարվեն պարտատիրոջ՝ «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության կողմից: Հարկ է նկատել, որ այդ դեպքում «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության մոտ կձևավորվի այդ կատարված ծախսերի չափով պարտապանի նկատմամբ դրամական պահանջի իրավունք, ինչը կմեծացնի պարտապանի նկատմամբ առկա պահանջների ծավալը և կնվազեցնի այլ պարտատերերի անկնկալիքը պարտապանի գույքային զանգվածից: Ընդ որում, այդ պահանջի իրավունքից «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության հրաժարման վերաբերյալ որևէ քաղաքացիաիրավական գործարք չկա և չի էլ կարող լինել, քանի որ՝
ա/ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ գույքային պարտավորությունից ազատումը համարվում է նվիրատվություն,
բ/ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 598-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արգելվում է առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում նվիրատվությունը:
Հետևաբար, միայն «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության ներկայացուցչի հայտարարությունը բավարար հիմք չի կարող հանդիսանալ փաստելու, որ պարտապանի դեմ այդ ամբողջ պահանջը հետագայում չի ներկայացվի:
Բացի վերոգրյալից, պարտապանն արդեն իսկ ունի իրեն իրավաբանական ծառայություններ մատուցող գործընկեր՝ «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՓԲ ընկերությունը և անհրաժեշտության դեպքում այդ գրասենյակը կարող է իրականացնել կամ կազմակերպել իրավաբանական ներկայացուցչություն:
Ըստ «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության ներկայացրած տեղեկատվության՝ համապատասխան արբիտրաժային վարույթներում պարտապանի և այլ անձանց միջև քննվում են հակընդդեմ պահանջներ: Չի ներկայացվել որևէ գնահատում, առաջարկ, թե ինչպես պետք է պաշտպանվեն պարտապանի իրավունքները, որքանով է հավանական, որ լիազորագրի տրամադրման արդյունքում արբիտրաժային տրիբունալը վճիռ կկայացնի պարտապանի օգտին և հակառակը՝ չեն գնահատվել պարտապանի համար բացասական ելքի ռիսկերը: Քանի որ այդ գործերը քննվում են անգլիական իրավունքով, ապա համարժեք գնահատման համար պետք է ներկայացվեր, օրինակ, տվյալ հարցերի վերաբերյալ իրավաբանական եզրակացություն ըստ անգլիական իրավունքի:
Ըստ «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության ներկայացրած տեղեկատվության՝ համապատասխան արբիտրաժային վարույթներում պարտապանից բացի, ի թիվս այլ անձանց, մասնակցում են նաև հենց «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության և վերջինիս իրական շահառու Վալերի Մեջլումյանը: Այստեղ ակնհայտ է հնարավոր շահերի բախումը, քանի որ պարտապանի և այդ անձանց շահերի միջև հակասության դեպքում ներկայացուցիչը, հնարավոր է, պաշտպանի այդ անձանց շահերը՝ ի վնաս պարտապանի շահերի:
Բացի Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում քննվող թիվ 184135 և թիվ 194169 արբիտրաժային գործերից, «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությունը խնդրում է լիազորագիր տրամադրել նաև հնարավոր այլ օտարերկրյա դատական /այդ թվում՝ արբիտրաժային/ վարույթներում պարտապան «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության իրավունքներն ու օրինական շահերը ներկայացնելու համար: Սա խիստ անորոշ ձևակերպում է և էլ ավելի է մեծացնում վերը նկարագրված ռիսկերը:
Ելնելով վերոգրյալից դատարանին խնդրել է «Արմենաին Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի գործողությունը՝ 17.02.2021թ. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության պարտատերերի ժողով հրավիրելու վերաբերյալ՝ ժողովի օրակարգի 2-րդ կետի մասով, ճանաչել ոչ իրավաչափ: Արգելել 17.02.2021թ. հրավիրված պարտատերերի ժողովի օրակարգի 2-րդ հարցի վերաբերյալ ժողովի անցկացումը և քվեարկությունը, իսկ քվերակելու դեպքում՝ համապատասխան որոշումն անվավեր ճանաչել:
«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Ազգային ժողովի կողմից 12.12.2019թ. ընդունված (ուժի մեջ է մտել 15.04.2020թ.) թիվ ՀՕ-294-Ն օրենքի՝ «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» սահմանող 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի վրա: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերը վարվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի նորմերով»:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ՝ սնանկության դատարան) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ Ազգային ժողովի կողմից 12.12.2019թ. ընդունված (ուժի մեջ է մտել 15.04.2020թ.) թիվ ՀՕ-294-Ն օրենքի՝ «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» սահմանող հոդվածներում հստակորեն նշվել է այն, որ մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը հարուցված սնանկության գործերի վարման գործընթացում կիրառելի չէ 15.04.2020թ. ուժի մեջ մտած թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի իրավակարգավորումները:
Հետևաբար, սույն գործով կիրառելի է մինչև 15.04.2020թ. գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի(այսուհետ նաև՝ «Սնանկության մասին» օրենք) իրավակարգավորումները, քանի որ սույն սնանկության գործընթացը սկսվել է մինչև 15.04.2020թ.:
Մինչև 15.04.2020թ. խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը և պարտատերը (պարտատերերը) կարող են սնանկության գործը վարող դատավորին բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը: Բողոքը կարող է դատարան ներկայացվել այն օրվանից սկսած 10 օրվա ընթացքում, երբ բողոքարկողը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
Վերոնշյալ իրավական կարգավորումների լույսի ներքո դատարանն արձանագրում է, որ պարտատիրոջն ու պարտապանին օրենսդրությամբ ընձեռված է սնանկության գործով կառավարչի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու հնարավորություն: Օրենսդիրը սահմանել է սնանկության գործով կառավարչի գործողությունների բողոքարկման հնարավորություն, եթե դրանց արդյունքում խախտվել է բողոքարկողի իրավունքները: Նշվածը հիմնավորվում է նրանով, որ օրենսդիրը բողոքը դատարան ներկայացնելու ժամկետները կապել է բողոքարկողի իրավունքի խախտման փաստի հետ, այն է՝ բողոքը կարող է դատարան ներկայացվել այն օրվանից սկսած 10 օրվա ընթացքում, երբ բողոքարկողը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
Հետևաբար, դատարանն արձանագրում է, որ սնանկության գործով կառավարչի գործողությունները և անգործությունը բողոքարկելու վերաբերյալ հարցերի քննարկման արդյուքում նախ և առաջ անհրաժեշտ է պարզաբանել հետևյալ իրավական հարցադրումները,
- արդյո՞ք սնանկության գործով կառավարչի կողմից կատարված գործողությունը կամ անգործությունն իրավաչափ է,
- արդյո՞ք դրա արդյունքում խախտվել է բողոքաբերի ՀՀ օրենսդրությամբ կամ այլ նորմատիվ իրավական ակտերով պաշտպանվող իրավունք:
Այսպես՝
Մինչև 15.04.2020թ. խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`
ա) ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն տալը և ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման մասին դատարանին առաջարկություն ներկայացնելը.
բ) պարտատերերի խորհրդի կազմի հաստատումը և խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
գ) իր կանոնակարգի ընդունումը.
դ) սույն օրենքով ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված այլ որոշումների ընդունումը:
Վերոգրյալ իրավական նորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ժողովի բացառիկ իրավասությանն է վերապահել վերոշարադրյալ գործառույթները, ինչպես նաև սույն օրենքով ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված այլ որոշումների ընդունումը: Միևնույն ժամանակ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նաև չի սահմանափակել պարտատերերի ժողովի կողմից այլ, բացառիկ իրավասություններին չվերաբերող, հարցերի քննարկման և որոշումների ընդունման իրավասությունը: Նշված հանգամանքը հիմնավորվում է նրանով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածով պարտապանի գույքի վաճառքի ծրագրի հաստատման քննարկման հարցը նույնպես վերապահված է ժողովին, սակայն այն ներառված չէ ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերի շրջանակում, հետևաբար՝ պարտատերերի ժողովի բացառիկ իրավասությունների շրջանակն օրենքով սահմանված լինելը չի բացառում պարտատերերի ժողովի կողմից այլ, բացառիկ իրավասություններին չվերաբերող, հարցերի քննարկման և/կամ որոշումների ընդունման իրավասությունը: Այլ հարց է ժողովն իրավասու է այդպիսի որոշում ընդունել, թե ոչ, իսկ նշված հանգամանքը ենթակա է պարզման յուրաքանչյուր դեպքում յուրովի՝ ելնելով գործի փաստական հանգամանքներից:
Սույն դեպքում, 17.02.2021թ. նշանակված ժողովի օրակարգում սնանկության գործով կառավարչի կողմից ներառվել է նաև «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության կողմից ներկայացված փաստաբանին կառավարչի կողմից թիվ 184135 և 1944169 արբիտրաժային վարույթներում, ինչպես նաև այդ վարույթների հետ փոխկապակցված այլ վարույթներում լիազորագրի տրամադրում՝ վերալիազորելու իրավունքով, հարցի քննարկումը:
Վերոգրյալի հաշվառմամբ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում, կառավարչի կողմից կատարված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու հիմքը բացակայում է, քանի որ ժողովի կողմից այլ, բացառիկ իրավասություններին չվերաբերող, հարցերի քննարկման իրավասությունը սահմանափակված չէ և, ըստ էության, սնանկության վարույթին առընչվող և պարտատերերի պահանջների բավարարման վրա ազդեցություն ունեցող ցանկացած հարցի քննարկման համար կարող է հրավիրվել ժողով: Դատարանի կողմից նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ օրենսդիրը սահմանել է պարտատերերի պահանջով հրավիրվող ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի ձևակերպումները կառավարչի կողմից փոփոխելու արգելելգ: Այսինքն, եթե կառավարիչը պարտատիրոջ նախաձեռնությամբ հրավիրում է ժողով և պարտատիրոջ կողմից ժողովի օրակարգում առաջարկվել են հարցեր, ապա կառավարիչն իրավունք չունի փոխելու պարտատերերի պահանջով հրավիրվող ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի ձևակերպումները: Այլ հարց է, թե ժողովն իրավասու է պարտատիրոջ կողմից ժողովի օրակարգում առաջարկված ցանկացած հարցի վերաբերյալ որոշում ընդունել, թե ոչ:
Վերը նշված հաշվառմամբ դատարանը գտնում է, որ կառավարչի գործողությունների ոչ իրավաչափ լինելու հանգամանքը հաստատված չլինելու պայմաններում չի հիմնավորվում նաև ՀՀ օրենսդրությամբ կամ այլ նորմատիվ իրավական ակտերով պաշտպանվող՝ բողոքաբերի իրավունքի խախտման փաստը, հետևաբար դատարանը գտնում է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի կողմից պարտատերերի ժողով հրավիրելու գործողության դեմ «Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ընկերության, «ՎՏԲ Բանկ» ՀԲ ընկերության և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանի կողմից 16.02.2021թ-ին Մ-6317 մուտքային համարով դատարան ներկայացրած բողոքը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-200-րդ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածների պահանջներով, դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի կողմից պարտատերերի ժողով հրավիրելու գործողության դեմ «Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ընկերության, «ՎՏԲ Բանկ» ՀԲ ընկերության և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանի կողմից 16.02.2021թ-ին Մ-6317 մուտքային համարով դատարան ներկայացրած բողոքը՝ մերժել:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան կայացումից հետո 15-օրյա ժամկետում:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ք․ Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`