Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ ԹԻՎ Վ/Դ-130 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.08.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-130 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Արտակ Մանուկյանի լիազորված անձ Արսեն Հարությունյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2023 թվականի ապրիլի 7-ին հարուցվել է թիվ ՎԴ-130 վարչական վարույթը` ՀՀ առողջապահության նախարարության (այսուհետ նաև՝ Նախարարություն) կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ, 115-րդ և 226-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Նախարարությունից և դիմումատուից ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ.
1. 2021 թվականի սեպտեմբերի 24-ին Նախարարության և Արտակ Մանուկյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) համաձայն Արտակ Մանուկյանը նշանակվել է ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) տնօրեն։ Վերջինիս ամսական աշխատավարձը սահմանվել է 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ ներառյալ 30 (երեսուն) % վնասակարության համար հավելումը և 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ լրավճար՝ Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավարի գործառույթներն իրականացնելու համար,
2. 2023 թվականի մարտի 06-ի Նախարարության թիվ N 122 Ա հրամանով Կազմակերպության տնօրեն Արտակ Մանուկյանի նկատմամբ կիրառվել է նկատողություն,
3. 2023 թվականի մարտի 03-ի թիվ ԱԱ/05/5429-2023 ծանուցմամբ Արտակ Մանուկյանը ծանուցվել է 2023 թվականի ապրիլի 17-ից ամսական աշխատավարձի չափը փոփոխվելու և 720 000 (յոթ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ, ինչպես նաև նշված գումարի 30 (երսուն) % վնասակարության համար հավելում սահմանվելու վերաբերյալ,
4. Նախարարությունը, որպես աշխատանքի էական պայմանի՝ աշխատավարձի փոփոխման հիմք նշել է Կազմակերպության դրամաշնորհային ծրագրի աշխատանքային պլան/բյուջեն, որը նվազել է շուրջ 277 000 000 (երկու հարյուր յոթանասունյոթ միլիոն) ՀՀ դրամով. 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար Կազմակերպության դրամաշնորհային ծրագրի աշխատանքային պլան/բյուջեն կազմել է շուրջ 609 000 000 (վեց հարյուր ինը միլիոն) ՀՀ դրամ (հիմք՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրամաշնորհի հատկացման թիվ ARM-C-MOH-NCP-2021/4-2022 պայմանագիրը), իսկ 2023 թվականի համար՝ շուրջ 332 000 000 (երեք հարյուր երեսուներկու միլիոն) ՀՀ դրամ (հիմք՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի դրամաշնորհի հատկացման թիվ ARM-C-MOH-NCP-2023 պայմանագիրը),
5. Արտակ Մանուկյանը 2023 թվականի ապրիլի 20-ի թիվ N 43 Ա հրամանի համաձայն 2023 թվականի ապրիլի 20-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Վարչական մարմինը, համադրելով գործում առկա փաստական հանգամանքները, այդ թվում՝ Արտակ Մանուկյանի լիազորված անձ Արսեն Հարությունյանի դիմումը և կից փաստաթղթերը, Նախարարության 2023 թվականի ապրիլի 20-ի թիվ N 43 Ա հրամանը, գտնում է, որ վերացել է սույն վարչական վարույթի արդյունքում վարչական ակտ (միջամտող) ընդունելու անհրաժեշտությունը՝ դիմողի կարգավիճակի փոփոխման հիմքով (Արտակ Մանուկյանը 2023 թվականի ապրիլի 20-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից)։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե` փոխվել է դիմողի կարգավիճակը, որն օրենքի ուժով բացառում է դիմումով հայցվող վարչական ակտի ընդունումը։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի ապրիլի 7-ին հարուցված թիվ ՎԴ-130 վարչական վարույթը կարճել՝ դիմողի կարգավիճակի փոփոխման հիմքով:
2. Սույն որոշումը ծանուցել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և քաղաքացի Արտակ Մանուկյանի լիազորված անձ Արսեն Հարությունյանին, էլ․ փոստ՝ a.harutyunyan@intravires.am
Շնորհակալություն համագործակցության համար,
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից
Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
Սույն վարչական ակտն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`