Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ ԹԻՎ Վ/Դ-111 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.08.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-111 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Լիանա Սիրադեղյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2023 թվականի մարտի 27-ին հարուցվել է թիվ Վ/Դ-111 վարչական վարույթը` ««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 222-րդ, 226-րդ և 227-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի մարտի 29-ի N 317-Ա հրամանը՝ Ընկերությունում՝ քաղաք Երևան, Արտաշիսյան փ․ 46/1 շենք հասցեում, իրականացվել է զննում։ Զննման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ.
1. 2006 թվականի հունվարի 04-ին կնքված թիվ 342 աշխատանքային պայմանագրի համաձայն՝ դիմումատու Լիանա Սիրադեղյանը Ընկերությունում աշխատում է որպես վիրաբուժական կաբինետի ավագ բուժքույր։
2. Ընկերության պոլիկլինիկայի վարիչ Հ․ Մովսիսյանի 2023 թվականի փետրվարի 23-ի զեկուցագրի համաձայն՝ Լիանա Սիրադեղյանը վիրաբույժի բացակայության ընթացքում բժշկի փոխարեն լրացրել է անաշխատունակության թերթիկի փակման գրությունը։
3. Լիանա Սիրադեղյանից պահանջվել է բացատրություն։ 2023 թվականի փետրվարի 24-ին Լիանա Սիրադեղյանը ներկայացրել է գրավոր բացատրագիր, համաձայն որի՝ նա անկետայի մեջ է փակել անաշխատունակության թերթիկը և ուղղորդել թերապևտի մոտ։
4 2023 թվականի փետրվարի 27-ի թիվ 36 հրամանի համաձայն՝ Լիանա Սիրադեղյանին հայտարարվել է նկատողություն։
5. 2023 թվականի մարտի 13-ին համաճարակաբանի, գլխավոր բուժքրոջ և մանրէաբանի կողմից կատարվել է մեծահասակների և մանկական վիրաբուժական կաբինետի 20 նմուշառում, որից 8-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ։ Աղիքային ցուպիկներ են հայտնաբերվել նաև վիրաբուժական կաբինետի բուժքույր Լիանա Սիրադեղյանի խալաթից։
7. 2023 թվականի մարտի 24-ին Լիանա Սիրադեղյանի կողմից տրված գրավոր բացատրության համաձայն՝ իրեն չի տրամադրվել վիրաբուժական կաբինետի բուժքրոջ պաշտոնի նկարագիրը, միաժամանակ հայտնել է, որ պահպանել է համաճարակաբանական կանոնները։
8. 2023 թվականի մարտի 27-ի թիվ 51 հրամանով Լիանա Սիրադեղյանին հայտարարվել է նկատողություն։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2023 թվականի ապրիլի 20-ին Տեսչական մարմնում հրավիրվել է վարչական լսում։ Լսմանը ներկայացել է դիմումատու Լիանա Սիրադեղյանը, վերջինիս ներկայացուցիչ Կարինե Մալխասյանը, Ընկերության տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի ներկայացուցիչներ Մարինե Գրիգորյանը և Դավիթ Սարգսյանը։
Դիմումատու Լիանա Սիրադեղյանը լսման ընթացքում հայտնել է, որ համաձայն չէ կարգապահական տույժերի հետ։ Առաջին կարգապահական տույժը ստացել է նրա համար, որ վիրաբույժի կաբինետը իր հերթապահության ընթացքում բժշկով ապահովված չի եղել, ինքը ստիպված է եղել միայնակ ընդունել բոլոր հիվանդներին, լրացրել է անաշխատունակության թերթիկի փակման գրությունը, որը սակայն չի ստորագրել։
Երկրորդ կարգապահական տույժի համար հիմք է հանդիսացել իր աշխատասենյակից մանրէաբանական հետազոտության համար վերցրված նմուշառումները, որն իրականացվել է իր բացակայության ընթացքում։
Հայտնել է նաև, որ բարձր ձայնով խոսելու համար երրորդ անգամ է ենթարկվել կարգապահական տույժի, որի արդյունքում իրեն ազատել են աշխատանքից։ Առաջին կարգապահական տույժն արդեն բողոքարկել է դատական կարգով։ 2023 թվականի ապրիլի 05-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 27․02․2023թ․կարգապահական տույժ կիրառելու մասին թիվ 36 հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12358/02/23)։ Միաժամանակ դիմումատու Լիանա Սիրադեղյանը հայտարարել է, որ բարձր խոսելու համար կիրառված կարգապահական տույժը և աշխատանքից ազատելու մասին հրամանը նախապատրաստվում են վիճարկել դատական կարգով։
Լսման ժամանակ Դավիթ Սարգսյանը հայտնել է, որ բուժքույրը անաշխատունակության թերթիկի փակման իրավասություն չունի, իսկ վիրաբույժի կաբինետն անձնական կաբինետ չէ, միաժամանակ նշելով, որ նմուշառումն իրականացվել է մյուս հերթապահ բուժքրոջ և բժշկի ներկայությամբ։
Վարչական մարմինը հաշվի առնելով գործում առկա փաստական հանգամանքները, գտնում է, որ․
1. 2023 թվականի փետրվարի 27-ի թիվ 36 հրամանը վիճարկվել է դատական կարգով և դատարանի վարույթում է գտնվում միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքով գործ (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12358/02/23)։
2. Ընկերությունում պահպանվել է կարգապահական տույժ կիրառելու կիրառման կարգը, այն է՝ մինչև 2023 թվականի մարտի 27-ի թիվ 51 հրամանով կարգապահական տույժի կիրառումը՝ Լիանա Սիրադեղյանից պահանջվել է ներկայացնել գրավոր բացատրություն։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ից 7-րդ գլուխների պահանջները, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի մարտի 27-ին հարուցված թիվ Վ/Դ-111 վարչական վարույթը կարճել՝ իրավախախտման բացակայության և դատարանի վարույթում միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ գտնվելու հիմքով:
2. Սույն որոշումը ծանուցել ««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանին, Էլ․ փոստ՝ info@samc.am և քաղաքացի Լիանա Սիրադեղյանին, էլ․ փոստ՝ lsiradegh@mail.ru
Շնորհակալություն համագործակցության համար,
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից
Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
Սույն վարչական ակտն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`