Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հանձնաժողովի 7451 գրության մասին

05.09.2023

Տիպ` ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք Հոդված 45, մաս 11

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2023 թվականի օգոստոսի 15-ի ««Յանդեքս Սնունդ ԷյԷմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ վարույթ հարուցելու մասին» թիվ 372-Ա որոշմամբ հարուցել է թիվ ՀԳ-03103/23 վարույթը։
Այդ կապակցությամբ, ղեկավարվելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խնդրում ենք սույն գրությունը ստանալու օրվանից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն «Յանդեքս Դելիվերի ԷյԷմ» և «Ֆուդ Դելիվեռի1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև 2022 թվականի նոյեմբերի 30-ին կնքված պայմանագրի շրջանակում «Յանդեքս Դելիվերի ԷյԷմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի դեկտեմբերին «Յանդեքս Սնունդ» ծառայության շրջանակում մատուցված ծառայությունների առնչությամբ իրականացված ծախսի մասին՝ նշելով ծախսը դրամային արտահայտությամբ և ներկայացնելով ծախսի կատարման ուղղությունը (աշխատավարձի վճարում և(կամ) գործընկեր ընկերություններին վճարումներ)՝ կցելով հիմնավորող փաստաթղթերի պատճենները։
Տեղեկացնում ենք նաև, որ.
1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը:
2. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտի հիմնավոր միջնորդության հիման վրա Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված տեղեկատվության ներկայացման ժամկետը համապատասխանաբար կարող է Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել, և տեղեկատվությունը ենթակա է տրամադրման այդ ժամկետում:
3. Օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն պահանջելու իրավաչափությունը տնտեսավարող սուբյեկտը կարող է վիճարկել միայն այն չտրամադրվելու դեպքում՝ Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման վիճարկման շրջանակում:
4. Օրենքի 93-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ վարույթով պատասխանող տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացվելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացվելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև վարույթով քննարկվող իրավախախտման համար սահմանված տուգանքի չափը, իսկ մի քանի խախտումների դեպքում՝ դրանց համար սահմանված առավել խիստ տուգանքի չափը:
5. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշելիս վիճարկող կողմի` իր համար բարենպաստ հետևանքներ առաջացնող ապացույցների` վարչական վարույթի ընթացքում չտրամադրման հետևանքով առաջացած ոչ բարենպաստ հետևանքների ապացուցման բեռը չի կարող դրվել վարչական մարմնի վրա:
6. ՀՀ քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածով վարչական վարույթով ապացույց կամ բացատրություն կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույց ներկայացնելու համար սահմանված է քրեական պատասխանատվություն։
7. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթի իրականացման հետ կապված փաստաթղթերը կազմվում են, և ամբողջ գործավարությունն իրականացվում է հայերենով:
Հանձնաժողովին փաստաթղթեր ներկայացնել և ստանալ, ինչպես նաև Հանձնաժողովի հետ հետագա ողջ հաղորդակցությունը կարող եք իրականացնել նաև առցանց՝ Հանձնաժողովի e-Compete էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, որի համար անհրաժեշտ է գրանցվել համակարգում՝ մուտք գործելով Հանձնաժողովի պաշտոնական կայքի (www.competition.am) «Իմ էջը» բաժին, ընտրելով «Գրանցվել» հրամանը և լրացնելով անձի նույնականացման համար պահանջվող տվյալները։

Հասցե` ք․Երևան,Տիգրան մեծ 4

Հեռ..` (+37460) 830-840-231

Վեբ կայք` competition.am

Էլ. փոստ`