Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում թիվ 132՝ վարչական բողոք ներկայացնելու օրենքով սահմանված և բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և վարչական բողոքն առանց քննարկման թողնելու մասին

13.03.2019

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԸ ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔՆ ԱՌԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, ուսումնասիրելով Աննա Գևորգի Գևորգյանի ներկայացուցիչ Է. Աբելյանի կողմից ներկայացված վարչական բողոքը և կից ներկայացված փաստաթղթերը (վարչական գործ թիվ 12/19).

Պ Ա Ր Զ Ե Ց.

Աննա Գևորգի Գևորգյանի (հաշվառման հասցե ՝ ք. Էջմիածին Բաղրամյան փողոցի թիվ 85 տուն, անձանագիր BA 3050555) ներկայացուցիչը 08.01.2019 թվականին Էջմիածնի համայնքապետարան մուտքագրված վարչական բողոքով խնդրել է անվավեր ճանաչել Էջմիածին քաղաքի ավագանու 11.04.2017 թվականի թիվ 25 որոշումը՝ որպես հետևանք անվավեր ճանաչելով Էջմիածնի քաղաքապետի կողմից 08.06.2017թ. կայացված թիվ 331 որոշումը, 17.07.2017թ.-ին կայացված աճուրդը, 24.07.2017թ.–ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, ՀՀ ԿԱ ԱԳ կադաստրի պետական կոմիտեի կողմից 24.08.2017թ.–ին կատարված Վլադիմիր Առաքելյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Վլադիմիր Առաքելյանին 04.09.2017թ.-ին տրված թիվ 37 նախագծման թույլտվությունը (ճարտարահատակագծային առաջադրանք) և Վլադիմիր Առաքելյանին 23.11.2017թ. –ին տրված թիվ 38 շինարարական թույլտվությունը, միևնույն ժամանակ միջնորդել է հարգելի ճանաչել Աննա Գևորգյանի կողմից վարչական բողոք ներկայացնելու համար սահմանված և բաց թողնված ժամկետը և վերականգնել այն:
Ըստ ներկայացված վարչական բողոքի Աննա Գևորգյանը 24.09.2009թ.-ին ձեռք է բերել ք. Էջմիածին Սպանդարյան փողոց, թիվ 27Ա հասցեում գտնվող բնակելի տունը, որտեղ բողոքաբերը կարող էր մուտք գործել նշված հասցեում գտնվող շինությունների առջևի հատվածում գտնվող հողամասից (հետագայում հողամասը ստացել է հասցե՝ Սպանդարյան փողոց, թիվ 29/5): Բողոքաբերը նշում է նաև, որ մինչև 15.05.2017թ. վիճելի տարածքը եղել է տիրազուրկ, այդ պատճառով նա փաստացի օգտագործել է այն և նպատակ է ունեցել այն ձեռք բերել ձեռքբերման վաղեմության ուժով կամ համապատասխան վարչարարության միջոցով: Վերոնշյալ հողամասի նկատմամբ 15.05.2017թ. կատարվել է Էջմիածնի քաղաքապետարանի սեփականության իրավունքի պետական գրանցում և Էջմիածին քաղաքի ավագանու 11.04.2017թ. թիվ 25 և Էջմիածնի քաղաքապետի 08.06.2017թ. թիվ 331 որոշումներով վերոնշյալ հողամասը աճուրդային եղանակով որոշվել է օտարել, իսկ Էջմիածնի քաղաքապետի 01.07.2017թ.-ի որոշմամբ աճուրդի հաղթող է ճանաչվել Վլադիմիր Առաքելյանը և 24.07.2017թ.-ին նրա հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որից ծագած իրավունքները սահմանված կարգով ստացել են պետական գրանցում: Հետագայում՝ 04.09.2017թ.-ին, Վլադիմիր Առաքելյանին տրամադրվել է նախագծման թույլտվություն և 23.11.2017թ.-ին՝ շինարարության թույլտվություն: Բողոքաբերը նշում է, որ արդյունքում իրեն պատկանող հողամասը հայտնվել է 4 կողմից շրջափակված վիճակում:
Միաժամանակ բողոքաբերը միջնորդություն է ներկայացրել և խնդրել է հարգելի ճանաչել վարչական բողոք ներկայացնելու համար սահմանված և բաց թողնված ժամկետը և վերականգնել այն, պատճառաբանությամբ, որ Աննա Գևորգյանը 20.04.2017 թվականից մինչև 21.05.2018թ.-ը գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Վերջինս իմացել է իր իրավունքների խախտման մասին այն ժամանակ, երբ տեսել է վիճելի հողամասում իրականացվող շինարարությունը և ուսումնասիրել 22.06.2018թ.-ին կադաստրից ստացված ք. Էջմիածին, Սպանդարյան փողոց թիվ 29/5 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային նյութերը, ինչպես նաև 13.07.2018թ.-ին Էջմիածնի քաղաքապետարանի կողմից տրամադրված նյութերը: Դիմել է ՀՀ վարչական դատարան, բայց այլ առարկայով և այլ հիմքերով, քանի որ վերջինս չի իմացել, որ իրեն չեն ծանուցել բողոքարկվող վարչական վարույթի մասին: Տվյալ փաստի մասին բողոքաբերը իմացել է, երբ իրեն «Հայփոստ» ՓԲԸ-ից 22.12.2018թ.-ին հայտնել են, որ վերջինս վերոնշյալ ժամանակահատվածում Էջմիածնի քաղաքապետարանից չի ստացել որևէ նամակ:
Ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի կանոնակարգումներով՝ Աննա Գևորգյանի կողմից 08.01.2019 թվականին ներկայացված վարչական բողոքի պատշաճ քննարկումն ապահովելու նպատակով 2019թ. փետրվարի 21-ին հրավիրել և անցկացվել է լսում Աննա Գևորգյանի և նրա ներկայացուցիչ Էռնեստ Աբելյանի մասնակցությամբ, իսկ Վլադիմիր Առաքելյանը, պատշաճ ծանուցված լինելով նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին (հիմք՝ 18.02.2019թ.-ի փոստ. անդորրագիր AG012746452AM/), չի ներկայացել լսմանը:
Աննա Գևորգյանը և նրա ներկայացուցիչ էռնեստ Աբելյանը, ներկայանալով վարչական վարույթի լսմանը, վարչական բողոքը պնդեցին ամբողջությամբ՝ միջնորդելով հարգելի համարել և վերականգնել վարչական բողոք ներկայացնելու օրենքով սահմանված և բաց թողնված ժամանակահատվածը։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

• Էջմիածին քաղաքի ավագանու 11.04.2017թ.-ի թիվ 25 որոշումը՝ Էջմիածին քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդային եղանակով օտարելու մասին:
• 17.07.2017 թվականին կայանալիք աճուրդի մասին հայտարարության հրապարակումը azdarar.am կայքում (հրապարակումը 13.06.2017թ.-ի, ID00285285)։
• Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից 26.08.2011թ.-ին Աննա Գևորգյանին տրված թիվ 485012690 անձնագրի 3, 24-27 էջերի պատճենները:
• ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/7916/05/18 վարչական գործով 22.08.2018թ.-ի որոշումը՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին (Տե՛ս, http://datalex.am դատական տեղեկատվական համակարգ):
• ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/7916/05/18 վարչական գործով 15.10.2018թ.-ի՝ վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշումը (Տե՛ս, http://datalex.am դատական տեղեկատվական համակարգ):
• ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/7916/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.10.2018 թվականի <<Վերաքննիչ բողոքը մերժելու մասին>> որոշման դեմ Աննա Գևորգյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին 14.11.2018թ.-ի որոշումը (Տե՛ս, http://datalex.am դատական տեղեկատվական համակարգ):
• Բողոքով ներկայացված բացատրություն առ այն, որ Աննա Գևորգյանն իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին իմացել է 22.06.2018 թվականին (Տե՛ս, Վարչական բողոքի «ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին պարբերությունում)։

Վարչական մարմնի պատճառաբանությունները և եզրահանգումը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 63-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով։
Օրենքի 69-րդ հոդվածի համաձայն՝ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ):
Օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն.
«1. Ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
2. Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած`
ա) վարչական մարմին.
բ) վարչական մարմնի վերադաս վարչական մարմին:»։
Օրենքի 71-րդ հոդվածի համաձայն․
«1. Վարչական բողոքը կարող է բերվել`
ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում.
գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
դ) գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում:
Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք կարող է դառնալ վարույթի մասնակցից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը:
Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ) վերացնելուց հետո վարույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել 15 օրվա ընթացքում` նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ): Վարչական մարմինը, որի վարույթում է գտնվում վարչական բողոքը, վերականգնում է բաց թողնված ժամկետը և բողոքն ըստ էության քննարկում և լուծում է, եթե բողոքով կամ բողոքի քննարկման ընթացքում հիմնավորվում է բողոք բերողից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը:
Բողոքարկման ժամկետը լրանալուց մեկ տարի անցնելուց հետո վարույթի մասնակիցը կորցնում է բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու հիմնավորմամբ բողոք բերելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետևանքների հետ:»։
Տվյալ դեպքում իրավանորմերի համադրելի վերլուծությամբ գալիս ենք այն հետևության, որ օրենսդիրը, անձանց իրավազորելով իրենց իրավունքներին առնչվող վարչական ակտերը վարչական կամ դատական կարգով բողոքարկելու իրավազորությամբ, Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է այն իմպերատիվ ժամկետները, որոնց ընթացքում անձն իրավունք ունի վիճարկել վարչական ակտը, իսկ դրանց ավարտով վարչական ակտը դառնում է անբողոքարկելի և անձինք կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նշված կանոնից բացառություն է կազմում նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքը, երբ բողոքարկման ժամկետը վերականգնվում է հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում, իսկ բաց թողնված ժամկետը հարգելի կարող է համարվել այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց է թողնվել վարույթի մասնակցից անկախ պատճառներով։
Բացի այդ, օրենսդիրը Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությամբ ամրագրել է բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ) վերացնելուց հետո 15-օրյա ժամկետում բողոք ներկայացնելու վարույթի մասնակցի իրավունքը՝ բողոքում նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը, որպիսի պայմաններում վարչական մարմինը, որի վարույթում է գտնվում վարչական բողոքը, վերականգնում է բաց թողնված ժամկետը և բողոքն ըստ էության քննարկում և լուծում է, եթե բողոքով կամ բողոքի քննարկման ընթացքում հիմնավորվում է բողոք բերողից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը։ Տվյալ դեպքում օրենսդիրը բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ) վերացնելուց հետո վարույթի մասնակցի համար, որպես բողոք ներկայացնելու հատուկ ժամկետ սահմանել է ևս 15-օրյա ժամկետ՝ առերևույթ չնախատեսելով 15-օրյա բաց թողնված ժամկետի վերականգնման ընթացակարգ։ Իսկ բողոքարկման ժամկետը լրանալուց մեկ տարի անցնելու պայմաններում վարույթի մասնակիցը կորցնում է բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու հիմնավորմամբ բողոք բերելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետևանքների հետ:
Ներկայացված բողոքով Աննա Գևորգյանը միջնորդել է հարգելի ճանաչել վարչական բողոք ներկայացնելու համար սահմանված և բաց թողնված ժամկետը այն պատճառաբանությամբ, որ Աննա Գևորգյանը 20.04.2017 թվականից մինչև 21.05.2018թ.-ը գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ որպես ապացույց բողոքին կցելով ԱՄՆ անձնագրի պատճեն` որտեղ առկա են մուտքի և ելքի կնիքներ: Վերջինս իմացել է իր իրավունքների խախտման մասին այն ժամանակ, երբ տեսել է վիճելի հողամասում իրականացվող շինարարությունը և ուսումնասիրել 22.06.2018թ.-ին կադաստրից ստացված ք. Էջմիածին, Սպանդարյան փողոց թիվ 29/5 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային նյութերը, ինչպես նաև 13.07.2018թ.-ին Էջմիածնի քաղաքապետարանի կողմից տրամադրված նյութերը: Դիմել է ՀՀ վարչական դատարան, բայց այլ առարկայով և այլ հիմքերով, քանի որ վերջինս չի իմացել, որ իրեն չեն ծանուցել բողոքարկվող վարչական վարույթի մասին: Տվյալ փաստի մասին բողոքաբերը իմացել է, երբ իրեն «Հայփոստ» ՓԲԸ-ից 22.12.2018թ.-ին հայտնել են, որ վերջինս վերոնշյալ ժամանակահատվածում Էջմիածնի քաղաքապետարանից չի ստացել որևէ նամակ։
Վերոհիշյալ իրավակարգավորումների լույսի ներքո գնահատելով վարչական բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված և բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդության հիմնավորվածությունը` գտնում եմ, որ դրանով վկայակոչված փաստարկները չեն կարող հիմք հանդիսանալ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու համար՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Աննա Գևորգյանի կողմից, սույն վարչական բողոքով ներկայացված հիմնական պահանջի՝ Էջմիածին քաղաքի ավագանու 11.04.2017 թվականի թիվ 25 որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ դեռևս 25.07.2018 թվականին վիճարկման հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան (թիվ ՎԴ/7916/05/18 վարչական գործ), որի շրջանակներում ՀՀ վարչական դատարանը 22.08.2018թ.-ին կայացրած բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ (ուժի մեջ է մտել 14.11.2018թ.-ին, հիմք՝ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին 14.11.2018թ.-ի որոշում), անդրադառնալով հայցվոր Աննա Գևորգյանի՝ վարչական ակտի բողոքարկման դատավարական ժամկետը բաց թողնելու վերաբերյալ ներկայացված այն փաստարկներին, որ ինքը իր իրավունքների խախտման մասին իմացել է 22.06.2018 թվականին կադաստրային գործի և 13.07.2018 թվականին Էջմիածնի քաղաքապետարանից ստացված նյութերի ուսումնասիրությունից, արձանագրել է, որ ըստ հայցադիմումի հայցվորը փաստացի օգտագործել է խնդրո առարկա հողամասը /պար. I, կետ 4/ և եկել այն եզրահանգման, որ նման պայմաններում հայցվորը ողջամտորեն ավելի վաղ էլ կարող էր իմանալ այդ հողամասի ձեռքբերման և օտարման գործընթացների վերաբերյալ և ավելի վաղ ձեռնարկել քայլեր համապատասխան ակտերին ծանոթանալու ուղղությամբ, ուստի այդ հիմքով մերժել է հայցվորի կողմից բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը։ Նշված հանգամանքների վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի 22.08.2018թ.-ի որոշման՝ վերաքննության կարգով վերանայման շրջանակներում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը արձանագրել է, որ. «Աննա Գևորգյանը թեպետ, որպես վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ, նշել է այն հանգամանքը, որ իր իրավունքների խախտման մասին իմացել է 22.06.2018թ.-ին կադաստրային գործի և 13.07.2018թ.-ին Էջմիածնի քաղաքապետարանից ստացված նյութերի ուսումնասիրությունից, սակայն չի ներկայացրել մինչ այդ համապատասխան ակտերի գոյության մասին տեղեկանալու և դրանց ծանոթանալու ուղղությամբ գործողություններ ձեռնարկած լինելու փաստը հավաստող որևէ ապացույց։ Ընդ որում, Աննա Գևորգյանը հայցադիմումում նշել է, որ փաստացի օգտագործել է վիճելի հողամասը /պար. I, կետ 4/, ինչը նշանակում է, որ վերջինս ողջամտորեն կարող էր ավելի վաղ իմանալ այդ հողամասի ձեռքբերման և օտարման գործընթացների վերաբերյալ և իր դատավարական իրավունքներն իրականացնել առանց դատավարական ժամկետների խախտման։ Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ 20.04.2017թ.-ից մինչև 21.05.2018թ. գտնվել է ԱՄՆ-ում (որպես նշված փաստը հավաստող ապացույց բողոքին կցել է իր ԱՄՆ անձնագրի պատճեն` որտեղ առկա են մուտքի և ելքի կնիքներ) և մինչև 22.05.2018թ. չէր կարող իմանալ նման իրադարձությունների մասին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Աննա Գևորգյանը հայցադիմումը ներկայացրել է 25.07.2018թ.-ին և չի ներկայացրել ԱՄՆ-ից 21.05.2018թ-ին վերադառնալուց հետո` մինչև 25.07.2018 թվականը, հայցադիմում չներկայացնելու որևէ հարգելի պատճառ։ Հետևաբար, 20.04.2017թ.-ից մինչև 21.05.2018թ. Աննա Գևորգյանի ԱՄՆ-ում գտնվելու հանգամանքը նույնպես չի կարող հանդիսանալ բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու հարգելի պատճառ։»։
Վերոգրյալի համատեքստում պետք է արձանագրել, որ սույն վարչական բողոքի շրջանակներում բողոքաբերի կողմից ներկայացված վարչական բողոք ներկայացնելու համար սահմանված և բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու միջնորդության հիմքում ևս դրված են գրեթե նույնական փաստարկներ և վերաբերում են նույն ժամանակահատվածին, որպիսի պայմաններում բողոք քննող վարչական մարմինը անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Աննա Գևորգյանը, թեև վարչական բողոք ներկայացնելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ, նշել է այն հանգամանքը, որ իր իրավունքների խախտման մասին իմացել է 22.06.2018թ.-ին կադաստրային գործի և 13.07.2018թ.-ին Էջմիածնի քաղաքապետարանից ստացված նյութերի ուսումնասիրությունից, սակայն չի ներկայացրել մինչ այդ համապատասխան ակտերի գոյության մասին տեղեկանալու և դրանց ծանոթանալու ուղղությամբ գործողություններ ձեռնարկած լինելու փաստը հավաստող որևէ ապացույց։ Հատկանշական է նաև այն, որ, Աննա Գևորգյանը վարչական բողոքում նշել է, որ փաստացի օգտագործել է վիճելի հողամասը /պար. I, կետ 3/, ինչը նշանակում է, որ վերջինս ողջամտորեն կարող էր ավելի վաղ իմանալ այդ հողամասի ձեռքբերման և օտարման գործընթացների վերաբերյալ և իր՝ Օրենքով նախատեսված իրավունքներն իրականացնել առանց վարչական ակտի բողոքարկման ժամկետների խախտման, քանի որ վիճարկվող Էջմիածին քաղաքի ավագանու 11.04.2017 թվականի թիվ 25 որոշման հիման վրա 17.07.2017 թվականին կայացած աճուրդի մասին հայտարարությունը հրապարակվել է նաև azdarar.am կայքում (հրապարակումը 13.06.2017թ.-ի, ID00285285)։
Անդրադառնալով բողոքաբերի այն պնդմանը, որ 20.04.2017թ.-ից մինչև 21.05.2018թ. գտնվել է ԱՄՆ-ում (որպես նշված փաստը հավաստող ապացույց բողոքին կցել է իր ԱՄՆ անձնագրի պատճեն` որտեղ առկա են մուտքի և ելքի կնիքներ (ընդ որում, մուտքի և ելքի կնիքները 2017 թվականի թվագրություն չեն պարունակում) և մինչև 22.05.2018թ. չէր կարող իմանալ բողոքարկվող վարչական վարույթի մասին, ապա անհրաժեշտ է ընդգծել, որ Աննա Գևորգյանը վարչական բողոքը ներկայացրել է 08.01.2019թ.-ին և չի ներկայացրել ԱՄՆ-ից 21.05.2018թ.-ին վերադառնալուց՝ այն է՝ իր ներկայացմամբ բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը վերացնելուց հետո` 15-օրյա ժամկետում, ինչպես նաև մինչև 08.01.2019 թվականը, վարչական բողոք չներկայացնելու որևէ հարգելի պատճառ։
Ինչ վերաբերում է բողոքաբերի ներկայացուցչի այն պնդմանը, որ Աննա Գևորգյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, բայց այլ առարկայով և այլ հիմքով, քանի որ վերջինս չի իմացել, որ իրեն չեն ծանուցել բողոքարկվող վարչական վարույթի մասին, որի մասին բողոքաբերը իմացել է, երբ իրեն «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ից 22.12.2018թ.-ին հայտնել են, որ վերջինս վերոնշյալ ժամանակահատվածում Էջմիածնի քաղաքապետարանից չի ստացել որևէ նամակ, ապա այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ սույն վարչական բողոքով որպես հիմնական և ածանցյալ պահանջ վիճարկվող վարչական ակտերը, արդեն իսկ ՀՀ վարչական դատավարության կարգով բողոքարկվել են բողոքաբերի կողմից, ուստի ողջամտորեն կարող ենք արձանագրել, որ բողոքաբերը գիտեր վիճարկվող վարչական ակտերի և դրանցով պայմանավորված հնարավոր վարչարարության մասին՝ անկախ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ից 22.12.2018թ.-ին ստացված տեղեկությունից, չնայած այն հանգամանքին, որ բողոքաբերը որևէ ապացույց չի ներկայացրել վարչական մարմնին, որ իր կողմից նշված տեղեկատվությունը «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ից ստացվել է 22.12.2018թ.-ին և հնարավորություն չուներ մինչ այդ ստանալ այդ տեղեկությունը, այն դեպքում, երբ բողոքաբերը նախկինում էլ օբյեկտիվորեն հնարավորություն ունեցել է տեղեկություն ստանալ դրա վերաբերյալ։
Հետևաբար, ինչպես 20.04.2017թ.-ից մինչև 21.05.2018թ. Աննա Գևորգյանի՝ ԱՄՆ-ում գտնվելու հանգամանքը, այնպես էլ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ից անգամ 22.12.2018թ.-ին տեղեկատվություն ստանալը չեն կարող հանդիսանալ վարչական ակտը բողոքարկելու բաց թողնված ժամկետները վերականգնելու հարգելի պատճառ, քանի որ բոլոր դեպքերում էլ բացակայում է այն էական պայմանը, որ ժամկետի բացթողնումը տեղի է ունեցել վարույթի մասնակցից անկախ պատճառներով, ուստի բողոքաբեր Աննա Գևորգյանի ներկայացուցիչ Է. Աբելյանի միջնորդությունը՝ վարչական բողոք ներկայացնելու համար սահմանված և բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնել մասին, անհիմն է և ենթակա է մերժման։
Օրենքի 73-րդ հոդվածի համաձայն.
«1. Բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթը հարուցվում է բողոքը վարչական մարմնում մուտքագրելու օրը:
2. Վարչական մարմինը բողոքն ընդունելիս պարտավոր է ստուգել բողոքի համապատասխանությունը սույն օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին և պարզել` արդյոք բողոքը բերվել է սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված ժամկետում:
3. Բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնվում է առանց քննարկման, եթե դա ներկայացված է սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ժամկետը բաց թողնելը, սույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հարգելի չի ճանաչվել: Մնացած դեպքերում կիրառվում են դիմումների վերաբերյալ վարչական մարմնի որոշումների համար սահմանված ընդհանուր կանոնները:»։
Նման պայմաններում, հաշվի առնելով այն հանագամանքը, որ բողոքաբեր Աննա Գևորգյանի կողմից վարչական բողոքը բերվել է Օրենքի 71-րդ հոդվածով սահմանված ժամկետները լրանալուց հետո, իսկ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման, գտնում եմ, որ վարչական բողոքը պետք է թողնել առանց քննարկման։
Հիմք ընդունելով վերոգրյալը և և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ, 70-րդ, 71-րդ, 73-րդ, 75-րդ և 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Աննա Գևորգի Գևորգյանի ներկայացուցիչ Է. Աբելյանի միջնորդությունը՝ վարչական բողոք ներկայացնելու համար սահմանված և բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին, մերժել:
2. Աննա Գևորգի Գևորգյանի ներկայացուցիչ Է. Աբելյանի վարչական բողոքը՝ Էջմիածին քաղաքի ավագանու 11.04.2017 թվականի թիվ 25 որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք Էջմիածնի քաղաքապետի կողմից 08.06.2017թ. կայացված թիվ 331 որոշումը, 17.07.2017թ.-ին կայացված աճուրդը, 24.07.2017թ.–ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, ՀՀ ԿԱ ԱԳ կադաստրի պետական կոմիտեի կողմից 24.08.2017թ.–ին կատարված Վլադիմիր Առաքելյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Վլադիմիր Առաքելյանին 04.09.2017թ.-ին տրված թիվ 37 նախագծման թույլտվությունը (ճարտարահատակագծային առաջադրանք) և Վլադիմիր Առաքելյանին 23.11.2017թ.–ին տրված թիվ 38 շինարարական թույլտվությունը անվավեր ճանաչելու պահանջների մասին, թողնել առանց քննարկման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում, օերնքով սահմանված կարգով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` +374 231 53663, +374 94 046118

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`