Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/36134/02/20 քաղաքացիական գործով ծանուցում /Լյուբով Արզումանյան/

30.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36134/02/20

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԿԱՍԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ,
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ և ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11 մայիսի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Լյուբով Պյոտրի Արզումանյանի, հայցվոր կողմում երրորդ անձ՝ Խաչատուր Վրեժի Արզումանյանի ընդդեմ «Անկախ փորձագիտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Դիաննա Վրեժի Հակոբյանի՝ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու և որպես եզրակացության անվավերության հետևանք՝ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու վերաբերյալ որոշումը վերացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Հովսեփյանի՝ 15.01.2021 թվականի որոշմամբ Լյուբով Պյոտրի Արզումանյանի, հայցվոր կողմում երրորդ անձ՝ Խաչատուր Վրեժի Արզումանյանի հայցն ընդդեմ «Անկախ փորձագիտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Դիաննա Վրեժի Հակոբյանի՝ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու և որպես եզրակացության անվավերության հետևանք՝ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու վերաբերյալ որոշումը վերացնելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Դատավոր Ս. Հովսեփյանի 20.04.2022 թվականի որոշմամբ նշանակվել է պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն և թիվ ԵԴ/36134/02/20 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
02.05.2023 թվականին «Սաութ էքսպերտ գրուպ» ՍՊԸ-ի տնօրենի 25.04.2023 թվականի գրությամբ դատարան է մուտքագրվել թիվ 23-007-RCT եզրակացությունը:
Բարձրագույն դատական խորհրդի 06.03.2023 թվականի թիվ ԲԴԽ-28-Ո-92 որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Հովսեփյանի լիազորությունները պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դադարեցվել են:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Հովսեփյանի լիազորությունների դադարման պատճառով` կասեցված քաղաքացիական գործը 02.05.2023 թվականին մակագրվել է դատավոր Կ. Արզումանյանին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 05.05.2023 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու (…) դեպքում կայացվում է գործը (…) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (…) քննությունն սկսվում է սկզբից:
Նկատի ունենալով, որ սույն գործով դատարանի կազմը փոխվել է, Դատարանը գտնում է, որ գործի քննությունը պետք է սկսել սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմք` այդ հիմքը գործին մասնակցող անձանց հետ քննարկելու և համապատասխանաբար գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու նպատակով, կամ երբ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, և գործը վարույթ է ընդունել նոր դատավորը։
Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, ինչպես նաև «Սաութ էքսպերտ գրուպ» ՍՊԸ-ի տնօրենի 25.04.2023 թվականի գրությամբ դատարան է մուտքագրված թիվ 23-007-RCT եզրակացությամբ վերացել է սույն գործի վարույթի կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքը, ուստի թիվ ԵԴ/36134/02/20 քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Վերոգրյալի հիման վրա, Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել, և հաշվի առնելով, որ գործի քննությունը սկսվում է սկզբից՝ պետք է նշանակել նախնական դատական նիստ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Ըստ հայցի Լյուբով Պյոտրի Արզումանյանի, հայցվոր կողմում երրորդ անձ՝ Խաչատուր Վրեժի Արզումանյանի ընդդեմ «Անկախ փորձագիտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Դիաննա Վրեժի Հակոբյանի՝ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու և որպես եզրակացության անվավերության հետևանք՝ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու վերաբերյալ որոշումը վերացնելու պահանջի մասին, թիվ ԵԴ/36134/02/20 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):

Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 55-09-99

Էլ. փոստ`