Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 522՝ «ՎԱՀԱՆ ՏՐԱՆՍ» ԲԲԸ-Ի ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔՆ ԱՌԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.06.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔՆ ԱՌԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, ուսումնասիրելով «Վահան Տրանս» ԲԲԸ-ի (այսուհետ՝ նաև ընկերություն) ներկայացուցիչ՝ Կոնստանտ Սիմոնյանի /10.07.2019թ-ի լիազորագիր, ՀՀ փաստաբանների պալատի արտոնագիր N2049/ կողմից ներկայացված վարչական բողոքը և կից ներկայացված փաստաթղթերը (վարչական գործ թիվ 26/20).

Պ Ա Ր Զ Ե Ց.

«Վահան Տրանս» ԲԲԸ-ի (Պետ.ռեգիստրի գրանցման համար 99.130.01029 / 1997-12-18, ՀՎՀՀ 04702966, հասցե՝ ք.Էջմիածին, Չոբանքարայի խճուղի) ներկայացուցիչը 13.05.2020 թվականին Էջմիածնի համայնքապետարան մուտքագրված վարչական բողոքով խնդրել է ամբողջությամբ անվավեր ճանաչել Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարի 24.10.2017թ. թիվ 748 և 16.07.2018թ. թիվ 415 որոշումները:
Ըստ ներկայացված վարչական բողոքի՝ <<«ՎԱՀԱՆ ՏՐԱՆՍ» ԲԲԸ-ն (այսուհետ նաև՝ Ընկերություն) 2017թ. առաջին կիսամյակի համար գույքահարկի և հողի հարկի գծով ունեցել է 5.433.821 ՀՀ դրամի, իսկ նույն թվականի երկրորդ կիսամյակի համար՝ 310.017 ՀՀ դրամի չկատարված հարկային պարտավորություններ, որոնց կապակցությամբ Էջմիածնի քաղաքապետարանում (այսուհետ նաև՝ Վարչական մարմին) իրականացված վարչական վարույթների արդյունքում՝ 24.10.2017թ. և 16.07.2018թ. կայացվել են՝ «Գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին» համապատասխանաբար՝ թիվ 748 և թիվ 415 որոշումները: Նշված որոշումներն ուղարկվել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի՝ հարկադիր կատարման ծառայություն, որի կողմից կայացված որոշումներով Ընկերության ամբողջ գույքի վրա դրվել է արգելանք (որոշումները վիճարկվել են ՀՀ վարչական դատարանում, վարչական գործ թիվ՝ ՎԴ/5962/05/19):
Չկատարված հարկային պարտավորությունների կապակցությամբ Էջմիածնի քաղաքապետարանում իրականացված վերոնշյալ վարչական վարույթների նյութերի ուսումնասիրությամբ հիմնավոր կասկածներ են առաջացել մի շարք փաստաթղթերում առկա ստորագրությունների և ձեռագիր գրառումների կեղծված լինելու վերաբերյալ, որի կապակցությամբ 06.08.2019թ. դիմում է հասցեագրվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետին: Դիմումի հիման վրա 20.08.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է թիվ 57107219 քրեական գործը, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, որպես վկա հարցաքննվել են մի շարք անձինք:
29.02.2020թ. քրեական գործով կայացվել է «Քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշում: Այդուհանդերձ, կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է նաև հետևյալը.
1. «ՎԱՀԱՆ ՏՐԱՆՍ» ԲԲԸ-ից վերոնշյալ 5.433.821 ՀՀ դրամ գումարը գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթի շրջանակներում 13.10.2017թ. հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու համար Ընկերության գլխավոր տնօրենին՝ Սերյոժա Ներսեսյանին 23.09.2017թ.-ին ուղարկված ծանուցումը վերջինիս փոխարեն ստացել և ստացման վերաբերյալ AR226500446AM փոստային անդորրագրում ստորագրել է նրա կինը՝ Վեներա Անտոնյանը:
2. Իրականացված վարչական վարույթի արդյունքում Էջմիածնի քաղաքապետի կողմից 24.10.2017թ. կայացված՝ «Գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին» թիվ 748 որոշման կայացման մասին «ՎԱՀԱՆ ՏՐԱՆՍ» ԲԲԸ գլխավոր տնօրեն՝ Սերյոժա Ներսեսյանին ուղարկված ծանուցումը վերջինիս փոխարեն ստացել և ստացման վերաբերյալ 28.10.2017թ. AG004405672AM փոստային անդորրագրում ստորագրել է նրա կինը՝ Վեներա Անտոնյանը:
3. «ՎԱՀԱՆ ՏՐԱՆՍ» ԲԲԸ-ից վերոնշյալ 310.017 ՀՀ դրամ գումարը գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթի շրջանակներում 22.06.2018թ. հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու համար ընկերության գլխավոր տնօրենին՝ Սերյոժա Ներսեսյանին 15.06.2018թ.-ին ուղարկված ծանուցումը վերջինիս փոխարեն ստացել և ստացման վերաբերյալ AG009698669AM փոստային անդորրագրում ստորագրել է նրա կինը՝ Վեներա Անտոնյանը:
4. Իրականացված վարչական վարույթի արդյունքում Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարի կողմից 16.06.2018թ. կայացված «Գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին» թիվ 415 որոշման կայացման մասին «ՎԱՀԱՆ ՏՐԱՆՍ» ԲԲԸ գլխավոր տնօրեն՝ Սերյոժա Ներսեսյանին ուղարկված ծանուցագիրը վերջինիս փոխարեն ստացել և ստացման վերաբերյալ 20.07.2018թ. AG010427306AM փոստային անդորրագրում ստորագրել է նրա կինը՝ Վեներա Անտոնյանը:
68-ամյա Վեներա Անտոնյանը հնարավոր համարելով ծանուցումներն իր կողմից ստանալու և այդ կապակցությամբ փոստային անդորրագրերում ստորագրելու հանգամանքը, ցուցմունքում նշել է նաև, որ տառապում է շաքարային դիաբետ հիվանդությամբ, ուստի հնարավոր է հիշողության կորստի պատճառով ստացված ծանուցումների մասին ամուսնուն չի տեղեկացրել:
Իր հերթին «ՎԱՀԱՆ ՏՐԱՆՍ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Սերյոժա Ներսեսյանը հաստատելով կնոջ հիվանդության փաստը, հայտնել է, որ նշված ծանուցումների ստացման մասին կինն իրեն չի տեղեկացրել, հակառակ դեպքում կմասնակցեր վարչական վարույթների լսումներին և կհայտներ դիրքորոշում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետև նաև՝ Օրենք) 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. Վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:
Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. Վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:
Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն. 1. Վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է սույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:
2. Գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:
Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:
Սույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:
Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. Գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Վարչական վարույթների լսումների մասին «ՎԱՀԱՆ ՏՐԱՆՍ» ԲԲԸ-ին ծանուցելու վերաբերյալ 23.09.2017թ. և 15.06.2018թ. փոստային անդորրագրերում առկա ստացողի ստորագրությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանք ակնհայտորեն Սերյոժա Ներսիսյանի կողմից չեն կատարվել: Ընդ որում, առաջին անդորրագրի վրա առկա է միայն ստորագրություն, ուստի հասցեատիրոջ անվան և ազգանվան գրառումների բացակայության պայմաններում ծանուցումը պետք է համարվեր ոչ պատշաճ: Երկրորդ անդորրագրի վրա, ստորագրությունից հետո առկա է այլ անձի ազգանվան՝ «Անտոնյան 15.06.18թ.» ձեռագիր գրառում և այդ հանգամանքերն առնվազն պետք է կասկած հարուցեին անդորրագրերը հասցեատիրոջ կողմից ստացված լինելու կապակցությամբ: Նման պայմաններում Վարչական մարմինը պետք է միջոցներ ձեռնարկեր պարզելու Օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով վարչական վարույթի մասնակցի պատշաճ ծանուցված լինելու փաստը, մինչդեռ բավարարվելով անդորրագրերում առկա նշումներով, քննարկվող որոշումներում անհիմն արձանագրել է, որ «ՎԱՀԱՆ ՏՐԱՆՍ» ԲԲԸ-ն տնօրենը թեև պատշաճ ծանուցվել է վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել:
Վերոնշյալ փաստերի և վկայակոչված իրավական նորմերի համադրումից ակնհայտ է դառնում, որ վարչական մարմնի կողմից խնդրո առարկա վարչական երկու վարույթներն իրականացվել են Օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածների պահանջների կոպիտ խախտմամբ, այսինքն, առանց վարույթի մասնակցին, տվյալ դեպքում՝ «ՎԱՀԱՆ ՏՐԱՆՍ» ԲԲԸ-iն գլխավոր տնօրենին վարչական վարույթի լսումների մասին պատշաճ ծանուցելու, որի արդյունքում վերջինս զրկվել է վարչական վարույթին մասնակցելու և քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու իր իրավունքի իրականացման հնարավորությունից:
Բացի այդ, Վարչական մարմինը Օրենքի 59-րդ հոդվածի պահանջների խախտմամբ նաև վարչական ակտի ընդունման մասին վարչական վարույթի մասնակցին պատշաճ չի իրազեկել, որի պայմաններում ընդունված վարչական ակտը Օրենքի 60-րդ հոդվածի հիմքով չէր կարող համարվել ուժի մեջ մտած:
Համաձայն՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից 24.06.2019թ. քաղվածքի՝ «ՎԱՀԱՆ ՏՐԱՆՍ» ԲԲԸ-ն «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» 2016թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-260-Ն օրենքի համաձայն 30.12.2017թ.-ից մինչև 24.06.2019թ.-ը եղել է լուծարված:
Ընկերության կողմից 310.017 ՀՀ դրամի չկատարված հարկային պարտավորություն ունենալու կապակցությամբ Վարչական մարմինը վարչական վարույթ է հարուցել՝ 15.06.2018թ.-ին, վարչական վարույթի լսումներ է իրականացրել՝ 22.06.2018թ.ին, «Գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին» թիվ 415 որոշումը կայացրել է՝ 16.07.2018թ.-ին:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն. 1. Լուծարումն Ընկերության դադարումն է` առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
4. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում` լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:
5. Ընկերության բաժնետերերը, այլ արժեթղթերի տերերն ու պարտատերերն իրավունք ունեն ծանոթանալ Ընկերության լուծարմանն առնչվող բոլոր փաստաթղթերին:
Վերոնշյալ փաստերի և վկայակոչված իրավական նորմերի համադրումից հետևում է, որ տվյալ դեպքում Վարչական մարմինը վարչական վարույթ է իրականացրել ըստ էության գոյությունը դադարած ընկերության նկատմամբ, մինչդեռ այդ պայմաններում պարտատերերի պահանջների բավարարումը պետք է իրականացվեր միանգամայն այլ ընթացակարգով: Մինչև վարչական վարույթ հարուցելը Վարչական մարմինը պարտավոր էր պարզել Ընկերության կարգավիճակը, որի հնարավորությունը վկայակոչված իրավական նորմերի հիմքով ուներ, սակայն չի պարզել:
Կատարված վերլուծությունից հետևում է, որ քննարկվող վարչական վարույթը և դրա արդյունքում ընդունված վարչական ակտը («Գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին» 16.07.2018թ. թիվ 415 որոշում) նշված հիմքով ևս իրավաչափ չէ:
Օրենքի 63-րդ հոդվածի համաձայն. 1. Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`
ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.:
Օրենքի 65-րդ հոդվածի համաձայն. Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ:
Օրենքի 70-րդ հոդվածի համաձայն. 1. Ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
2. Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած`
ա) վարչական մարմին.:
Ամբողջ վերոնշյալից հետևում է, որ Վարչական մարմնի կողմից 24.10.2017թ. և 16.07.2018թ. կայացված՝ «Գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին» թիվ 748 և թիվ 415 որոշումներն (վարչական ակտեր) ընդունվել են վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի խախտմամբ, իրավաչափ չեն, ուստի ենթակա են Վարչական մարմնի կողմից անվավեր ճանաչման:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 65-րդ, 69-70-րդ, 72-րդ հոդվածներով, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ անվավեր ճանաչել «Գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին» Էջմիածնի քաղաքապետի՝ 24.10.2017թ. թիվ 748 և Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարի՝ 16.07.2018թ. թիվ 415 որոշումները:>>:
Ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի կանոնակարգումներով՝ «Վահան Տրանս» ԲԲԸ-ի կողմից 11.05.2020 թվականին ներկայացված վարչական բողոքի պատշաճ քննարկումն ապահովելու նպատակով 2020թ. հունիսի 5-ին հրավիրել և անցկացվել է լսում «Վահան Տրանս» ԲԲԸ-ի ներկայացուցիչներ՝ Կոնստանտ Սիմոնյանի և Ալեքսանդր Ամարյանի մասնակցությամբ:
«Վահան Տրանս» ԲԲԸ-ի ներկայացուցիչները, ներկայանալով վարչական վարույթի լսմանը, վարչական բողոքը պնդեցին ամբողջությամբ։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
1. «Վահան Տրանս» ԲԲԸ-ի ներկայացուցի կողմից 13.05.2020թ. ներկայացված վարչական բողոքը:
2. «Գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին» Էջմիածնի քաղաքապետի 24.10.2017թ. թիվ 748 որոշումը:
3.«Գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին» Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարի 16.07.2018թ. թիվ 415 որոշումը:
4.23.09.2017թ. AR226500446AM, 28.10.2017թ. AG004405672AM, 15.06.2018թ.-ին AG009698669AM, 20.07.2018թ. AG010427306AM փոստային անդորրագրերը:
5. 29.02.2020թ. «Քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը:
6.«Վահան Տրանս» ԲԲԸ-ի ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից 24.06.2019թ. քաղվածքը:
7. Հանձնաժողովի 05.06.2020թ. թիվ 26/20 վարչական գործի վարչական վարույթի լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 արձանագրությունը:

Վարչական մարմնի պատճառաբանությունները և եզրահանգումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 69-րդ հոդվածի համաձայն՝ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ):
Օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն.
«1. Ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
2. Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած`
ա) վարչական մարմին.
բ) վարչական մարմնի վերադաս վարչական մարմին:»։
Օրենքի 71-րդ հոդվածի համաձայն.
«1. Վարչական բողոքը կարող է բերվել`
ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում.
գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
դ) գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում:
Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք կարող է դառնալ վարույթի մասնակցից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը:
Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ) վերացնելուց հետո վարույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել 15 օրվա ընթացքում` նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ): Վարչական մարմինը, որի վարույթում է գտնվում վարչական բողոքը, վերականգնում է բաց թողնված ժամկետը և բողոքն ըստ էության քննարկում և լուծում է, եթե բողոքով կամ բողոքի քննարկման ընթացքում հիմնավորվում է բողոք բերողից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը:
Բողոքարկման ժամկետը լրանալուց մեկ տարի անցնելուց հետո վարույթի մասնակիցը կորցնում է բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու հիմնավորմամբ բողոք բերելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետևանքների հետ:»։
Տվյալ դեպքում իրավանորմերի համադրելի վերլուծությամբ գալիս ենք այն հետևության, որ օրենսդիրը, անձանց իրավազորելով իրենց իրավունքներին առնչվող վարչական ակտերը վարչական կամ դատական կարգով բողոքարկելու իրավազորությամբ, Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է այն իմպերատիվ ժամկետները, որոնց ընթացքում անձն իրավունք ունի վիճարկել վարչական ակտը, իսկ դրանց ավարտով վարչական ակտը դառնում է անբողոքարկելի և անձինք կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նշված կանոնից բացառություն է կազմում նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքը, երբ բողոքարկման ժամկետը վերականգնվում է հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում, իսկ բաց թողնված ժամկետը հարգելի կարող է համարվել այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց է թողնվել վարույթի մասնակցից անկախ պատճառներով։
Բացի այդ, օրենսդիրը Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությամբ ամրագրել է բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ) վերացնելուց հետո 15-օրյա ժամկետում բողոք ներկայացնելու վարույթի մասնակցի իրավունքը՝ բողոքում նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը, որպիսի պայմաններում վարչական մարմինը, որի վարույթում է գտնվում վարչական բողոքը, վերականգնում է բաց թողնված ժամկետը և բողոքն ըստ էության քննարկում և լուծում է, եթե բողոքով կամ բողոքի քննարկման ընթացքում հիմնավորվում է բողոք բերողից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը։
Տվյալ դեպքում օրենսդիրը բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ) վերացնելուց հետո վարույթի մասնակցի համար, որպես բողոք ներկայացնելու հատուկ ժամկետ սահմանել է ևս 15-օրյա ժամկետ՝ առերևույթ չնախատեսելով 15-օրյա բաց թողնված ժամկետի վերականգնման ընթացակարգ։ Իսկ բողոքարկման ժամկետը լրանալուց մեկ տարի անցնելու պայմաններում վարույթի մասնակիցը կորցնում է բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու հիմնավորմամբ բողոք բերելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետևանքների հետ:
Տվյալ դեպքում «Վահան Տրանս» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Կոնստանտ Սիմոնյանը «Գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին» Էջմիածնի քաղաքապետի՝ 24.10.2017թ. թիվ 748 և Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարի՝ 16.07.2018թ. թիվ 415 որոշումների, դեմ վարչական բողոքը ներկայացրել է 13.05.2020 թվականին, ի թիվս վիճարկվող որոշումներ ստանալու փաստը հավաստող ապացույցների, այն է՝ 23.09.2017թ. AR226500446AM, 28.10.2017թ. AG004405672AM, 15.06.2018թ.-ին AG009698669AM, 20.07.2018թ. AG010427306AM փոստային անդորրագրերը մինչդեռ, առնվազն 30.07.2019 թվականին ընկերությունը իրազեկված է եղել իր կողմից վիճարկվող որոշումների մասին (նշված փաստը հաստատվում է «Վահան Տրանս» ԲԲԸ-ի կողմից թիվ ՎԴ/5962/05/19 վարչական գործով սույն բողոքով վիճարկվող որոշումների հիման վրա ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքում հարուցված թիվ 03959949 և թիվ 04676482 կատարողական վարույթի շրջանակներում հարկադիր կատարման իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու պահանջների մասին ճանաչման հայց ներկայացնելու փասով, նման պայմաններում նույնիսկ եթե դիտարկենք այն, որ «Վահան Տրանս» ԲԲԸ-ն վերը նշված բողոքարկվող վարչական ակտերի վերաբերյալ տեղեկացել է առնվազն 30.07.2019 թվականին ապա, նույնիսկ տվյալ պարագայում բողոքը պետք է ներկայացներ ոչ ուշ քան 01.10.2019թ-ին, այն պարագայում երբ բողոքը ներկայացվել է սահմանված ժամկետից9 (ինը) ամիս հետո և բողոքաբերը չի ներկայացրել, որևէ հիմք բաց թողնված ժամանակը հարգելու համարելու մասին:
Օրենքի 73-րդ հոդվածի համաձայն.
«1. Բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթը հարուցվում է բողոքը վարչական մարմնում մուտքագրելու օրը:
2. Վարչական մարմինը բողոքն ընդունելիս պարտավոր է ստուգել բողոքի համապատասխանությունը սույն օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին և պարզել` արդյոք բողոքը բերվել է սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված ժամկետում:
3. Բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնվում է առանց քննարկման, եթե դա ներկայացված է սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ժամկետը բաց թողնելը, սույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հարգելի չի ճանաչվել: Մնացած դեպքերում կիրառվում են դիմումների վերաբերյալ վարչական մարմնի որոշումների համար սահմանված ընդհանուր կանոնները:»։
Նման պայմաններում, հաշվի առնելով այն հանագամանքը, որ բողոքաբեր «Վահան Տրանս» ԲԲԸ-ի ներկայացուցչի կողմից վարչական բողոքը բերվել է Օրենքի 71-րդ հոդվածով սահմանված ժամկետները լրանալուց հետո, գտնում ենք, որ սույն վարչական բողոքը պետք է թողնել առանց քննարկման:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ, 70-րդ, 71-րդ, 73-րդ, 75-րդ և 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. «Վահան Տրանս» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Կոնստանտ Սիմոնյանի վարչական բողոքը՝ Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարի 24.10.2017թ. թիվ 748 և 16.07.2018թ. թիվ 415 որոշումները ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջների մասին, թողնել առանց քննարկման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում, օերնքով սահմանված կարգով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`