Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Ք/1774-2021-Ա/4/06 Վարչական տույժ նշանակելու մասին «Արխիտեկտ» ՍՊ ընկերությանը ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ վերջինիս նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով։

13.01.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Տեսչական մարմնի ղեկավարի 03․11․2021թ․ թիվ Ք/1774-2021-Ա հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2021 թվականի նոյեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ են իրականացվել ՀՀ, Արմավիրի մարզ, Զարթոնք համայնքի մանկապարտեզի կառուցման՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։ Իրականացված ստուգումների արդյունքում 03․12․2021թ․ կազմվել է թիվ Ք/1774-2021-Ա ստուգման ակտը, համաձայն որի՝ շինարարության ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․
1․ Կապալառուի կողմից խախտվել է կանոնավոր քարով պատերի շարի նորմերը՝ կառույցի Զ առանցքով 2 և 3 առանցքների միջև ընկած հատվածում +2․50-ից +2․70 նիշում լայնադրակ քարերի հեռավորությունը նախատեսված 80սմ փոխարեն կազմում են 1,5-2,0մ,
2․ տեխնիկական հսկողի կողմից վերոհիշյալ խախտումների վերաբերյալ վարման մատյանում առկա չեն համապատասխան գրառումներ և հանձնարարականներ,
3․ օբյեկտի նախագծային փաստաթղթերը մշակող «Գլոբալ պրոեկտ» ՍՊ ընկերության կողմից նախագծում չի ապահովվել հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը ապահովող միջոցառումներ (թեքահարթակ),
4․ նախագծի փորձաքննություն իրականացրած «Արխիտեկտ» ՍՊ ընկերության կողմից դրական փորձագիտական եզրակացություն է տրվել քաղաքաշինական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի խախտոիմով մշակված նախագծային փաստաթղթերի համար,
5․ Զարթոնք համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցվել է ճարտարապետահատակագծային առաջադրանքին չհամապատասխանող նախագծային փաստաթղթեր։
Այսինքն՝ շինարարության փորձաքննություն իրականացրած «Արխիտեկտ» ՍՊ ընկերությունը (ՀՎՀՀ՝ 05547385) կողմից խախտվել է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի՝ «ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշման հավելված 2-ի 2-րդ կետի պահանջը, որի համար «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Վերոնշյալ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը տեղի է ունեցել 03․12․2021 թվականին։ Շինարարության փորձաքննություն իրականացրած «Արխիտեկտ» ՍՊ ընկերության տնօրեն Նելլի Սիրեկանի Սիրեկանյանը պատշաճ ծանուցված լինելով վարչական իրավախախման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակաի մասին չի ներկայացել գործի քննությանը, գրավոր դիրքորոշում չի ներկայացրել։
ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 730-Լ որոշման հավելվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
Նույն որոշման հավելվածի 11-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ քաղաքաշինության բնագավառում Տեսչական մարմինը լիազորված է օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակելու վարչական տույժեր(․․․․)։
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի՝ «ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշման հավելված 2-ի 2-րդ կետի համաձայն՝ փորձաքննության հիմնական նպատակն ընտրված նախագծային լուծումների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանության ապահովումն է:
«Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաև ստանդարտների խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի կամ շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաև վտանգավոր չեն մարդկանց կամ շրջակա միջավայրի համար և կարող են վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել`
ա) տուգանքի նշանակում.
բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում.
գ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության դադարեցում:
Սույն օրենքի սահմաններում տույժ նշանակելն իրավախախտում կատարած իրավաբանական անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարման համար նշանակվել է տույժ:
Եթե իրավաբանական անձը սույն օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության, ապա այդ նույն իրավախախտման համար ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության:
Նույն օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքով նախատեսված խախտումներն արձանագրում և տուգանքներ է նշանակում տեսչական մարմինը: Խախտման վերաբերյալ արձանագրությունները քննում են և տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներն ընդունում է տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:
Այսպիսով, սույն վարչական գործում եղած ապացույցներով հիմնավորվել է ՀՀ, Արմավիրի մարզ, Զարթոնք համայնքի մանկապարտեզի կառուցման՝ ընթացքում շինարարության փորձաքննություն իրականացրած «Արխիտեկտ» ՍՊ ընկերության կողմից թույլ տրված վարչական իրավախախտման փաստը։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, 10-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇԵՑԻ
«Արխիտեկտ» ՍՊ ընկերությանը ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ վերջինիս նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով։


Ծանոթություն․
Սույն որոշումը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից (հանձնվելուց, հանձված համարվելու օրվանից) մեկ ամիս հետո, և նույն ժամկետում ենթակա է բողոքարկման՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`