Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈԻՄ «20» մարտի 2024 թ. № Հ/79-2024-Դ/06-Ա ՀՀ, ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ, 93/3 ՇԵՆՔ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վաչույթի մասին ՀՀ օրենքի 59 հոդված

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով 2024 թվականի մարտի 12-ին կազմված թիվ Հ/79-2024 արձանագրությունը և վարչական վարույթի (այսուհետ՝ Վարույթ) նյութերը՝

ՊԱՐԶԵՑԻ
«ՍԵՎԱՆ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝ 90070246, այսուհետ նաև՝ Ընկերություն) կողմից ՀՀ, քաղաք Երևան, Բագրատունյաց պողոտա, 93/3 շենք հասցեում շահագործվում է ավտոպահեստամասերի շուկա։
Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի մարտի 01-ի թիվ Հ/79-2024 հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2024 թվականի մարտի 12-ին հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Ընկերության վերոնշյալ գործունեության հասցեում։
Հետազոտության արդյունքում 2024 թվականի մարտի 12-ին կազմված թիվ Հ/79-2024 արձանագրության համաձայն՝ հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության հետևյալ խախտումները․
1․ Ավտոմոբիլային մուտքի դարպասների լայնությունը պակաս է 4,5 մետրից (Խախտվել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի ՀՀՇՆ III-9.02-02-03 «Արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծեր» շինարարական նորմերի հաստատման մասին 2023թ. մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ III-9.02.02-03 «Արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծեր» շինարարական նորմերը» (այսուհետ՝ ՀՀՇՆ III-9.02.02-03), 5․37-րդ կետի պահանջները),
2․ Էլեկտրամատակարարման անջատող սարքերը (անջատիչները) չեն գտնվում պահեստից դուրս (Խախտվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 595-Ն հրամանի (այսուհետ՝ ՀԱԿ) 6-րդ բաժնի 27-րդ գլխի 34-րդ կետի պահանջերը),
3․ Պահեստային շինություններում օգտագործվում են խրոցակային վարդակներ (Խախտվել են ՀԱԿ, 6-րդ բաժնի 27-րդ գլխի 342-րդ կետի պահանջերը),
4․ Գերծանրաբեռնվածության և կարճ միացման հոսանքներից պաշտպանելու համար օգտագործվում են ոչ ստանդարտ սարքեր (Խախտվել են ՀԱԿ, 1-ին բաժնի 4-րդ գլխի 48-րդ կետի պահանջերը),
5․ Լուսատուներից մինչև այրվող նյութերից պատրաստված կառուցվածքները և իրերը պահպանված չէ ոչ պակաս, քան 0,5մ հեռավորություն (Խախտվել են ՀԱԿ, 1-ին բաժնի 4-րդ գլխի 52-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջերը),
6․ Արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում (200մ շառավղով) նախատեսված չէ առնվազն մեկ հրշեջ հիդրանտ կամ նվազագույնը 50մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազան (Խախտվել են ՀԱԿ, 3-րդ գլխի 79-րդ կետի, 25-րդ գլխի 29-րդ կետի պահանջերը),
7․ Ներքին հակահրդեհային ջրամատակարարման ցանցի վրա տեղակայված հրշեջ ծորակները համալրված չեն փողակով և փողրակով (Խախտվել են ՀԱԿ, 1-ին բաժնի 6-րդ գլխի 76-րդ կետի պահանջերը),
8․ 500մ3-ից ավելի ծավալով արտադրական շենքերն ու շինությունները սարքավորված չեն հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով այնպես, որ յուրաքանչյուր կետ ցողվի 2x2,5 լ/վրկ ջրի շիթով (Խախտվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի «ՀՀՇՆ 40-01.01-2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 80-Ն հրամանի այսուհետ՝ ՀՀՇՆ 40-01.01-2014 61-րդ կետի պահանջները),
9․ Հակահրդեհային ինքնաշխատ համակարգից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին (Խախտվել են ՀԱԿ, 1-ին բաժնի 7-րդ գլխի 81-րդ կետի պահանջերը),
10․ Կրպակաշարերը, տաղավարները տեղադրված չեն շենքերից և շինություններից ոչ պակաս, քան 8մ հեռավորության վրա (Խախտվել են ՀԱԿ, 1-ին բաժնի 3-րդ գլխի 16-րդ կետի պահանջերը)։
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հրդեհային անվտանգության ապահովման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմունքները:
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 3-րդ հոդվածում բացահայտված են նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որի համաձայն՝ հրդեհային անվտանգությունն` հրդեհներից անձի, գույքի, հասարակության և պետության պաշտպանվածություն.
Հրդեհային անվտանգության պահանջներ` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված` հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական և տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ.
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 4-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ բնակչության, բնակավայրերի և օբյեկտների հրդեհային անվտանգությունն ապահովվում է` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջների պարտադիր կատարմամբ.
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերը (տեխնիկական կանոնակարգերը), ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջները սահմանող ստանդարտները պարտադիր են բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման և վերակառուցման, ինչպես նաև սարքավորումների արտադրության և շահագործման ժամանակ:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում հարկ է արձանագրել, որ պետության կողմից մի շարք նորմատիվ իրավական ակտերով սահմանվել են հրդեհային անվտանգության պարտադիր ապահովման պահանջներ։ Հրդեհային անվտանգության պահանջները նորմերի, կանոնների, պայմանների, արգելքների, սահմանափակումների և կատարման համար պարտադիր այլ պահանջների ամբողջությունն է, որոնք պետք է համապատասխանեն օրենսդրությամբ այդ օբյեկտների համար սահմանված նորմերի պահանջներին:
Հակառակ դեպքում, երբ շենքերն ու շինությունները չեն համապատասխանում հրդեհային անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, ապա հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ օբյեկտի շենքերի և շինությունների հետագա շահագործումն արգելելու ուղղությամբ։
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական հրդեհային հսկողությունը և վերահսկողությունն իրականացնում է տեսչական մարմինը՝ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների կատարումն ապահովելու, դրանց խախտումները կանխելու կամ բացահայտելու, ինչպես նաև հետևանքները վերացնելու նպատակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ Տեսչական մարմինը պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների կատարման նկատմամբ պետական հրդեհային հսկողություն և վերահսկողություն իրականացնելիս լիազորված է՝
հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար՝
ա. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը,
բ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները,
գ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման։
Վկայակոչված իրավակարգավորումների և դրանց արդյունքում կատարված իրավական վերլուծությունների լույսի ներքո ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, հարկ է արձանագրել, որ Տեսչական մարմնի մասնագետների կողմից ՀՀ, քաղաք Երևան, Բագրատունյաց պողոտա, 93/3 շենք հասցեում շահագործվող օբյեկտում արձանագրվել են այնպիսի խախտումներ, ինչպիսիք են՝ ավտոմոբիլային մուտքի դարպասների լայնությունը պակաս է 4,5 մետրից, էլեկտրամատակարարման անջատող սարքերը (անջատիչները) չեն գտնվում պահեստից դուրս, պահեստային շինություններում օգտագործվում են խրոցակային վարդակներ, գերծանրաբեռնվածության և կարճ միացման հոսանքներից պաշտպանելու համար օգտագործվում են ոչ ստանդարտ սարքեր, լուսատուներից մինչև այրվող նյութերից պատրաստված կառուցվածքները և իրերը պահպանված չէ ոչ պակաս, քան 0,5մ հեռավորություն, արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում (200մ շառավղով) նախատեսված չէ առնվազն մեկ հրշեջ հիդրանտ կամ նվազագույնը 50մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազան և այլն։
Ակնհայտ է, որ առկա խախտումները ստեղծում են անմիջական և ուղղակի սպառնալիք հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար: Հնարավոր հրդեհների դեպքում անկասկած կստեղծվի հանրության համար վտանգավոր արտակարգ իրավիճակ՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով, որը կսպառնա ոչ միայն տվյալ օբյեկտում աշխատանք կատարողների կամ տարածքում գտնվող սպառողների, այլ նաև մոտակայքում բնակելի և հասարակական շինություններում գտնվող մարդկանց կյանքին, առողջությանը և գույքին։
Ավելին, սույն վարչական ակտը, վերոգրյալ հիմնավորումների լուսի ներքո և արձանագրված խախտումների առկայության պարագայում ենթակա է անհապաղ կատարման՝ ելնելով հանրային շահից։
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Նշված սկզբունքի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն իրավունքի տարբեր ճյուղերում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման սահմանադրական չափանիշն է, որը պետք է հիմք ծառայի առանձին իրավական ինստիտուտների օրենսդրական կարգավորումների համար այնքանով, որքանով դրանք առնչվում են մասնավոր իրավունքների հնարավոր սահմանափակումներին:
Սահմանադրության մեջ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման օրինակ են կարգավորումներն այն մասին, որ մասնավոր իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Այսինքն՝ իրավունքի սահմանափակումը համաչափ է, եթե այն հավասարակշռված է, քանի որ դրանից օգուտն ընդհանուր շահի համար ավելի մեծ է, քան վնասը հակասության մեջ գտնվող այլ բարիքներին կամ արժեքներին: Անձի իրավունքների կամ ազատությունների սահմանափակումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին:
Ընկերության իրավունքների սահմանափակումը առկա իրավիճակում համաչափ է, հավասարակշված, իսկ հանրային շահի օգուտը և պաշտպանությունը գերակշիռ է։
Մասնավորպես, վերոնշյալ պահանջների կատարումը ինքնանպատակ չէ և միտված է կանխելու կամ նվազեցնելու հրդեհի կամ պայթյունի առաջացման ռիսկի գործոնը, ապահովելու առողջության համար անվտանգ պայմաններ` աշխատողների կամ նշված օբյեկտում աշխատանք կատարողների, տարածքում գտնվող սպառողների և այլ մարդկանց համար, ինչպես նաև ապահովելու հրդեհներից անձի, գույքի, հասարակության և պետության պաշտպանվածությանը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով, 78-րդ, 83-րդ հոդվածներով, «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝

ՈՐՈՇԵՑԻ
1. Ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, քաղաք Երևան, Բագրատունյաց պողոտա, 93/3 շենք հասցեում գտնվող օբյեկտի (փաստացի՝ ավտոպահեստամասերի շուկա) շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
2. Ամբողջությամբ դադարեցնել «ՍԵՎԱՆ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝ 90070246 աշխատանքները ՀՀ, քաղաք Երևան, Բագրատունյաց պողոտա, 93/3 շենք հասցեում՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
3. Արգելել «ՍԵՎԱՆ» ՍՊ ընկերության աշխատողներին և այլ անձանց՝ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված օբյեկտի շահագործմանն ուղղված որևէ գործողություն։
4. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջների կատարումն ապահովել անհապաղ՝ ելնելով հանրային շահից։
5. Պետության և հանրության շահերի, ինչպես նաև անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ սույն որոշումը հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայքում։
6. Որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`