Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ Վ/Դ-574 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.04.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ ՎԴ-574 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և հաշվի առնելով քաղաքացի Սերգեյ Զեմսկովի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի դեկտեմբերի 5-ին հարուցվել է թիվ ՎԴ-574 վարչական վարույթը` «Բորդգեյմ» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ, 170-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում մասնագետների կողմից Ընկերությունում 2023 թվականի դեկտեմբերի 14-ին իրականացվել է զննում։
Զննման ընթացքում պարզվել է, որ.
1. Սերգեյ Զեմսկովը Ընկերությունում աշխատանքի է ընդունվել 2023 թվականի հունիսի 19-ից՝ որպես տնօրեն, նրա համար սահմանվել է վեցօրյա աշխատանքային շաբաթ և 343250 ՀՀ դրամ ամսական աշխատավարձ,
2. Ընկերության տնօրեն Ալեքսեյ Սոկոլովի 2023 թվականի նոյեմբերի 10-ի հրամանով 2023 թվականի նոյեմբերի 11-ից լուծվել է Սերգեյ Զեմսկովի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն,
3. Հրամանով, որպես չօգտագործված ամենամյա արձակուրդի համար հատուցում Սերգեյ Զեմսկովի համար նախատեսվել է 8 աշխատանքային օր,
4. ներկայացված գրության համաձայն 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Սերգեյ Զեմսկովից պահանջվել է ներկայացնել բացատրություն 2023 թվականի հոկտեմբերի 11-ին աշխատանքի չներկայանալու վերաբերյալ,
5. բացատրություն պահանջելու վերաբերյալ գրությունը Սերգեյ Զեմսկովին պատշաճ ծանուցելու փաստը հիմնավորող փաստաթղթեր զննման ընթացքում չեն ներկայացվել,
6. Սերգեյ Զեմսկովի 2023 թվականի սեպտեմբեր ամսվա աշխատավարձը վճարվել է 2023 թվականի հոկտեմբերի 11-ին՝ 343250 ՀՀ դրամի չափով իսկ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին վճարվել է կանխավճար 205930 ՀՀ դրամի չափով,
7. Սերգեյ Զեմսկովին 2023 թվականի հոկտեմբերի 25-ից հետո մինչև աշխատանքից ազատումը և աշխատանքից ազատվելուց հետո այլ վճարում չի կատարվել։
8. Ընկերությունը աշխատողների աշխատաժամանակի հաշվառում իրականացնելու փաստը հիմնավորող փաստաթղթեր զննման ընթացքում չի ներկայացրել։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերի 27-ին Տեսչական մարմնում հրավիրվել է վարչական լսում։
Վարչական լսմանը ներկայացել է Ընկերության ներկայացուցիչ Էգլերա Եսայանը, որը վարչական լսմանը հայտարարել է, որ.
1. Ընկերությունը նախկին տնօրենին հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո հաշվարկել, սակայն վերջնահաշվարկ չի կատարել, քանի որ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին Սերգեյ Զեմսկովին ունեցել են վճարած աշխատավարձի կանխավճար,
2. Սերգեյ Զեմսկովը 2023 թվականի հոկտեմբերի 10-ից աշխատանքի չի ներկայացել և աշխատանքի չներկայանալու վերաբերյալ բացատրություն չի ներկայացրել,
3. Ընկերությունը իրականացնում է աշխատողների աշխատաժամանակի հաշվառում և տնօրենի աշխատանքի չներկայանալու հանգամանքը արտացոլված է նշված ամիսների տեղեկագրում և Ընկերության ներկայացրած հարկային հաշվետվություններում,
Ներկայացուցիչ Էգլերա Եսայանը վարչական լսմանը ներկայացրել է Ընկերության 2023 թվականի հոկտեմբեր նոյեմբեր ամիսների աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերի, ՀՀ ՊԵԿ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկների (հաշվետվությունների), ինչպես նաև վերջնահաշվարկի հաշվարկման տեղեկագրի պատճենները։
Դիմումատու Սերգեյ Զեմսկովը վարչական լսմանը չի ներկայացել և այն հետաձգելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել։
Վարչական մարմինը, ուսումնասիրելով գործում առկա փաստական հանգամանքները, այդ թվում՝ Ընկերության 2023 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերը, ՀՀ ՊԵԿ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկները (հաշվետվությունները), ինչպես նաև՝ վերջնահաշվարկի հաշվարկման տեղեկագիրը, արձանագրում է, որ Ընկերության կողմից չեն խախտվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ, 170-րդ և 192-րդ հոդվածի պահանջները, քանի որ.
1. Մինչև վարչական վարույթի հարուցումը, Ընկերության կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվետվությունների համաձայն՝ Ընկերության տնօրենը 2023 թվականի հոկտեմբերին աշխատել է 47 ժամ, իսկ 2023 թվականի նոյեմբերին վերջինիս համար աշխատաժամանակ հաշվետվությունում առկա չէ,
2. Ընկերության կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին աշխատավարձի մասով վճարված կանխավճարի (205930 ՀՀ դրամ) և 2023 թվականի հոկտեմբեր ամսին փաստացի աշխատած աշխատաժամանակի համար հաշվարկված աշխատավարձի (91233 ՀՀ դրան) դրական տարբերությունը (114697 ՀՀ դրամ) համապատասխանում է 8 օր չօգտագործված ամենամյա արձակուրդի համար նախատեսված 109840 ՀՀ դրամ հատուցման չափին,
3. Վարչական վարույթի ընթացքում Ընկերության նախկին տնօրեն Սերգեյ Զեմսկովի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև աշխատանքից ազատումը փաստացի աշխատելու փաստը հիմնավորող ապացույցներ չի ներկայացվել, այդպիսի ապացույցներ ձեռք չի բերվել նաև վարչական վարույթի ընթացքում։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ից 7-րդ գլուխների պահանջները, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Տեսչական մարմնում 2023 թվականի դեկտեմբերի 5-ին հարուցված թիվ ՎԴ-574 վարչական վարույթը կարճել՝ իրավախախտման դեպքի բացակայության հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման «Բորդգեյմ» ՍՊԸ-ի տնօրեն Ալեքսեյ Սոկոլովին, էլ. հասցե՝ eglera@mail.ru և քաղաքացի Սերգեյ Զեմսկովին, էլ. հասցե՝ zemskov.sp@gmail.com:
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650553

Էլ. փոստ`