Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/0131/05/23 վարչական գործով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում

10.02.2023

Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/0131/05/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«20» հունվարի 2023թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, ծանոթանալով Դավիթ Գրիգորյանի անունից ներկայացված հայցադիմումին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Դավիթ Գրիգորյանի անունից հայցադիմում է ներկայացվել Դատարան (դատավորին հանձնվել է 12.01.2023 թվականին) ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ խնդրելով անվավեր ճանաչել «պատասխանողի կողմից Երևան քաղաքի Իսահակյան փողոց /ջնջված/ հասցեում գտնվող /կրպակ/ սրճարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման դադարեցումը»:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանը եզրահանգում է, որ այն ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։
Ընդ որում, վերոնշյալ հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտի կողմից:
Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1. խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային
պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության (...):
Վերոնշյալ կարգավորման վերլուծությունից հետևում է, որ անձի մոտ վարչադատավարական կարգով դատական պաշտպանության իրավունքը ծագում է վերջինիս «շահագրգիռ անձ» հանդիսանալու փաստի ուժով:
Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայցադիմումը բովանդակում է`
(…) 2) հայցվորի անունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), ներառյալ` հայցվոր ֆիզիկական անձի անձնական տվյալները, (…).
4) հայցի էության հակիրճ նկարագրությունը.
5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը.
6) հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները.
7) հայցվորի պահանջը.
8) տեղեկություններ՝ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ.
9) գրավոր ապացույցների ցանկը, եթե այդպիսիք կցվում են հայցին. (…):
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը։
Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումին կցվում են`
1) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատասխան միջնորդությունն այդ մասին. (…)
4) իր տիրապետման ներքո առկա գրավոր ապացույցները, եթե դրանք հնարավոր է կցել հայցադիմումին.
5) վիճարկվող ակտը կամ դրա պատճենը, եթե այն հնարավոր է ներկայացնել.
6) հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին ուղարկելը հավաստող ապացույցները (…):
Դատարանն արձանագրում է, որ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա, որը պետք է համապատասխանի օրենսդրի կողմից նախատեսված պահանջներին: Հայցադիմումին ներկայացվող պահանջները նախատեսված են Օրենսգրքի 73-րդ հոդվածով, իսկ հայցադիմումին կցվող փաստաթղթերի պահանջները՝ 74-րդ հոդվածով: Օրենսդրի կողմից նախատեսված պահանջների չպահպանումը հիմք է հանդիսանում հայցադիմումը վերադարձնելու համար:
Օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված են հայցադիմումը վերադարձնելու հիմքերը։ Նշված հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի և 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները, ինչպես նաև նույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջը, եթե համապատասխան վիճարկվող ակտը կամ դրա պատճենը հնարավոր է ներկայացնել:
Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` հայցադիմումը բովանդակում է` այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը և հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ, ի թիվս այլնի, հայցադիմումը պետք է բովանդակի այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, ինչպես նաև պահանջը հիմնավորող փաստարկները: Ընդ որում, տվյալ պահանջները չպահպանելը հայցադիմումը վերադարձնելու հիմք է:
Հայցի փաստական հիմքի վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանը՝ 18.07.2014 թվականի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով կայացված որոշմամբ: Մասնավորապես՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(…) հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար» (Տե՛ս, ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
ՀՀ Վճռաբեկ դատարանն իր մեկ այլ՝ 30.11.2018 թվականի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) վարչական դատավարությունում հայցվորը չի կրում հայցադիմումում հայցի իրավական հիմքերը մատնանշելու օրենսդրական պարտականություն։ Օրենսդիրը հայցվորի համար սահմանել է պարտականություն հայցադիմումում մատնանշել միայն իր պահանջը և այն հիմնավորող փաստարկները։ (…)» (Տե՛ս, Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Վերոնշյալ որոշումների վերլուծությունից հետևում է, որ հայցի տարրերից է հայցի հիմքը: Վերջինս ներառում է հայցի իրավական և փաստական հիմքը: Ընդ որում, վարչական դատավարության յուրահատկություններով պայմանավորված՝ հայցվորը պարտականություն չունի նշել հայցի իրավական հիմքը, սակայն պարտականություն ունի նշել փաստական հիմքը, որն իրենից ներկայացնում են այն հանգամանքները, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը՝ Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում հայցվորի կողմից չեն ներկայացվել այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, ինչպես նաև բացակայում են հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները: Բացի այդ, բացակայում է որևէ տեղեկատվություն, որը կհաստատեր հայցվորի «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքը: Այսինքն՝ հայցվորի մոտ Օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ վարչական դատարան դիմելու իրավունքի առկայությունը:
Տվյալ դեպքում, հայցադիմումում պարզապես նշված է հետևյալը. «(…) քանի որ դրանով վնաս է պատճառվել, որը ձեռք եմ բերել առուվաճառքի հիմքով և այժմ չեմ կարողանում իրավունքի գրանցում կատարել»:
Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ հացվորի կողմից չեն պահպանվել Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված պահանջները, որը հիմք է հանդիսանում հայցադիմումը նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով վերադարձնելու համար:

Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումը բովանդակում է հայցվորի պահանջը։
Դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ուժով հայցադիմումում պետք է նշվի հայցվորի պահանջը, որը կազմում է հայցի առարկան և որի մերժման կամ բավարարման վերաբերյալ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում։
Դատարանի գնահատմամբ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (հայցի առարկան) հայցադիմումում պետք է շարադրված լինի այն կերպ, որ դատարանի համար պարզ և բավարար չափով հստակ լինի, թե ինչ է ակնկալում հայցվորը՝ դատական պաշտպանություն հայցելով։ Այլ կերպ ասած՝ հայցադիմումը պետք է բովանդակի հայցի առարկան բավարար հստակությամբ, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա ներկայացված նյութաիրավական պահանջի կապակցությամբ իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին բավարարող դատական ակտ կայացնել։
Օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, (…)։
Տվյալ դեպքում, հայցադիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել «պատասխանողի կողմից Երևան քաղաքի Իսահակյան փողոց /ջնջված/ հասցեում գտնվող /կրպակ/ սրճարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման դադարեցումը»:
Դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից ներկայացված պահանջը հստակ չէ, մասնավորապես պարզ չէ, ո՞ր հասցեի իրավունքի պետական գրանցման դադարեցման մասին է խոսքը կամ առհասարակ ո՞ր թվականի, ո՞ր համարի պետական գրանցման դադարեցումն է վիճարկում հայցվորը, ինչպես նաև վերջինիս՝ տվյալ պահանջի շրջանակներում «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքը:
Հետևաբար, Դատարանը, առաջնորդվելով Օրենսգրքի 5-րդ հոդվածի պահանջով, հայցվորին առաջարկում է հստակեցնել ներկայացված պահանջը:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ հայցվորը թույլ է տվել Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի պահանջի խախտում, որը հիմք է հանդիսանում հայցադիմումը նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով վերադարձնելու համար:

Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե` հայցադիմումը ստորագրված չէ, կամ այն ստորագրել է ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ:
Օրենսգրքի 73-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը։
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ, ի թիվս այլնի, հայցադիմումին ներկայացվող պահանջներից է նաև վերջինիս ստարագրված լինելը հայցվորի կամ նրա ներկայացուցչի կողմից: Միաժամանակ, նշված պահանջի չպահպանումը հայցադիմումի վերադարձման հիմք է:
Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով ներկայացված հայցադիմումը ստարագրված չէ:
Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ հացվորի կողմից չեն պահպանվել Օրենսգրքի 73-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջը, որը հիմք է հանդիսանում հայցադիմումը նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով վերադարձնելու համար:

Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝ չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է:
Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքի՝ գանձման ենթակա դրույքաչափերը:
Տվյալ դեպքում, հայցադիմումին կից չի ներկայացվել պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Բացի այդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է նաև պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, սակայն այդ դեպքում հայցվորի կողմից պետք է ներկայացվի համապատասխան միջնորդությունն այդ մասին:
Ընդ որում, չի ներկայացվել նաև պետական տուրքի չվճարման հետ կապված որևէ արտոնություն կիրառելու մասին միջնորդություն:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ հայցվորը թույլ է տվել Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջի խախտում, որը հիմք է հանդիսանում հայցադիմումն Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով վերադարձնելու համար:

Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են՝ հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին ուղարկելը հավաստող ապացույցները:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ հայցադիմումին կից փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, հայցվորը պատասխանողին հայցադիմումի հետ ուղարկում է ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում։
Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ հայցադիմում ներկայացնելիս վերջինիս պետք է կցել հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները (կրկնօրինակները) պատասխանողին ուղարկելը հավաստող ապացույցները: Այսինքն՝ նշվածն էլ իր հերթին նշանակում է, որ պատասխանողը պետք է ստանա հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենահանված (կրկնօրինակված) օրինակները:
Օրենսդրի կողմից նման պահանջի նախատեսումն ինքնանպատակ չէ, այլ նախատեսված է պատասխանողի իրավունքներն ու օրինական շահերն առավելագույնս ապահովելու նպատակով: Ընդ որում, երբ հայցադիմումին կից փաստաթղթերը ծավալուն են կամ դրանք դժվար է պատճենահանել՝ հայցվորի վրա անհամաչափ պարտականություն չդնելու նպատակով՝ հայցվորը կարող է ուղարկել ծանուցում, որ նշված փաստաթղթերը դեպոնացվել են վարչական դատարանում։
Տվյալ դեպքում, Դատարանն արձանագրում է, որ հայցադիմումին կից չի ներկայացվել հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները (կրկնօրինակները) պատասխանողին ուղարկելու վերաբերյալ պատշաճ ապացույց: Միաժամանակ, բացակայում է որևէ ապացույց, որ կա փաստաթղթերը դեպոնացնելու անհրաժեշտություն և հայցվորը այդ մասին ծանուցել է դատավարության մյուս մասնակիցներին:
Հետևաբար, Դատարանը գտնում է, որ հայցվորը թույլ է տվել Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի խախտում, որը հիմք է հանդիսանում հայցադիմումը նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով վերադարձնելու համար:

Բացի այդ, Դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից չեն նշվել նաև իր՝ որպես հայցվոր ֆիզիկական անձի անձնական տվյալները, որոնք հանդիսանում են անձին նույնականացնող տվյալներ:
Միաժամանակ, Դատարանը հարկ է համարում նշել, որ բացակայում են տեղեկություններ՝ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ, ինչպես նաև բացակայում է գրավոր ապացույցների ցանկը (այդպիսիք ընդհանրապես կցված չեն):
Ուստի՝ հայցվորը թույլ է տվել Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 8-րդ, 9-րդ կետերի խախտում, որը հիմք է հանդիսանում հայցադիմումը նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով վերադարձնելու համար:

Դատարանի գնահատմամբ՝ հայցվորը խախտել է նաև Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերի պահանջները, քանի որ չի ներկայացրել իր տիրապետման ներքո առկա գրավոր ապացույցները կամ էլ չի հիմնավորել վերջիններիս ներկայացման անհնարինությունը: Ընդ որում, հայցվորը չի կցել նաև վիճարկվող ակտը կամ դրա պատճենը:
Վերոնշյալը հիմք է հանդիսանում հայցադիմումը նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով վերադարձնելու համար:
Դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ վարչական ակտի կցված չլինելու և վերջինիս վերաբերյալ պատշաճ տվյալների բացակայության պայմաններում Դատարանը հնարավորություն չունի որոշել ժամկետների պահպանվածությունը:
Բացի այդ, Դատարանը հարկ է համարում նշել, որ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 11-րդ կետով, 131-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 132-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Դավիթ Գրիգորյանի անունից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ «պատասխանողի կողմից Երևան քաղաքի Իսահակյան փողոց /ջնջված/ հասցեում գտնվող /կրպակ/ սրճարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման դադարեցումը» անվավեր ճանաչելու պահանջի մասին, վերադարձնել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։



ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ













Հայցվոր՝ Դավիթ Գրիգորյան
(ք. Երևան, Չարենցի փ., շինություն հ/հ 93)








Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`