Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/0059/02/24 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

18.03.2024

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Հայցվոր՝ Արտեմ Արամայիսի Ադամյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Բերդ, Ադամյան փ. 23

Ուղարկվում են թիվ ՏԴ/0059/02/24 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Անանյան) «Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը, հայցադիմումը և հայցադիմումին կից փաստաթղթերը:

Առդիր՝ «53» թերթ։
Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0059/02/24

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01 մարտի 2024թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Արտեմ Արամայիսի Ադամյանի ընդդեմ Աշոտ Արամայիսի Ադամյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ ՀՀ Կադաստրի կոմիտե, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Արտեմ Արամայիսի Ադամյանի ներկայացրած հայցադիմումը Դատարանին է մակագրվել 19.02.2024թ., իսկ դատական գործը Դատարանին է հանձնվել 21.02.2024թ.:
Դիմելով դատարան՝ հայցվորը հայտնել է, որ Արամայիս Արտեմի Ադամյանը և Արուսյակ Բագրատի Մկրտումյանը թիվ 1987114 վկայականով իրենց պատկանող գույքի բաժնեմասերը կտակել են Արտեմ Արամայիսի Ադամյանի որդուն, Էդուարդ Արտեմի Ադամյանին, ով կտակների համաձայն ստացել է ժառանգության իրավունքի վկայագրեր և 04.02.2022թ. հայցվորի հետ իրականացրել իրավունքի պետական գրանցում: Հայտնել է, որ նշված պետական գրանցմամբ տնամերձ հողամասի չափը 0,765հա է:
Այնուհետև կատարվել է կրկնակի չափագրություն և հողամասի տեղադիրքի ուղղում:
Հայտնել է, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարն ընդունել է «Տավուշի մարզ, Բերդ համայնք, ք. Բերդ, Ադամյան փողոցի 23 հասցեում գտնվող հողամասի չափագրման արդյունքները հաստատելու և ինքնակամ կառույցները հաշվառելու մասին» թիվ 145-Ա որոշումը, որի հիման վրա դիմել է կադաստրի կոմիտեին, սակայն վերջինս իր 17.02.2022թ. թիվ Կ-17022022-11-0043 որոշմամբ պետական գրանցման վարչական վարույթը կրկին կասեցրել է՝ ներկայացված հողամասի՝ 11-002-0118-0013 ծածկագրով անշարժ գույքի հետ համադրվելու պատճառաբանությամբ:
Վկայակոչելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության թիվ 698-Ն որոշումը, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. ապրիլի 8-ի թիվ 75-Ն հրամանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածը՝ հայցվորը հայտնել է, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի տեղակալի՝ «Տավուշի մարզ, Բերդ համայնք, ք. Բերդ, Ադամյան փողոցի 23 հասցեում գտնվող հողամասի չափագրման արդյունքները հաստատելու և ինքնակամ կառույցները հաշվառելու մասին» թիվ 145-Ա որոշումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ 1-ին մասի 2-րդ կետի իմաստով, այն վարչական ակտն է, որի ուժով Տավուշի մարզ, Բերդ համայնք, ք. Բերդ, Ադամյան փողոց 23 հասցեում գտնվող, 0,0923,4 հա հողամասի նկատմամբ ծագել է իր և Էդուարդ Արտեմի Ադամյանի սեփականության իրավունքը, ուստի խնդրել է «Տավուշի մարզ, Բերդ համայնք, ք. Բերդ, Ադամյան փ., 23 հասցեում գտնվող 0,09234 հա հողամասի նկատմամբ ճանաչել իր և Էդուարդ Արտեմի Ադամյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը»:
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման՝ հետևյալ պատճառաբանություններով.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են՝ (1) հայցվորի անունը (անվանումը), (5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, (7) պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` hայցվորը գործին մասնակցող այն անձն է, որն իր կամ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:
Այսպես, հայցային վարույթը քաղաքացիական դատավարության հիմնական տեսակն է, քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, հողային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ իրավահարաբերություններից ծագող սուբյեկտիվ իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին վերաբերող վեճերի քննությանն ու լուծմանն ուղղված դատավարական կարգը: Իրավունքի պաշտպանության հայցային վարույթում առկա են՝
1) կողմի՝ խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող և օրենքով սահմանված որոշակի կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջ, այսինքն՝ հայց,
2) սուբյեկտիվ իրավունքի մասին վեճ,
3) հակադիր շահերով օժտված երկու կողմեր, որոնք օժտված են նաև իրենց իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանելու որոշակի լիազորություններով (տե՛ս, օրինակ, ըստ դիմումի Ասատուր Հարությունյանի` թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 03.08.2016թ. որոշումը):
Տվյալ դեպքում հայցադիմումում որպես հայցվոր Արտեմ Արամայիսի Ադամյանը նշել է միայն իր անունը, որպես պատասխանող ներգրավել է Աշոտ Արամայիսի Ադամյանին, սակայն պահանջը ձևակերպել է հետևյալ կերպ. «Տավուշի մարզ, Բերդ համայնք, ք. Բերդ, Ադամյան փ., 23 հասցեում գտնվող 0,09234 հա հողամասի նկատմամբ ճանաչել իր և Էդուարդ Արտեմի Ադամյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը»:
Բացառապես հայցադիմումի ընդունելիության հարցը որոշելու նպատակով առերևույթ (prima facie) ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանն արձանագրում է, որ հայցադիմումին կցված թիվ 04022022-11-0028 սեփականության վկայականի համաձայն՝ Տավուշի մարզի, համայնք Բերդ, ք. Բերդ, Հ. Ադամյան փողոց, 23 բնակելի տուն հասցեի (կադաստրային համարը՝ 11-002-0118-0003) անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Արտեմ Արամայիսի Ադամյանի (1/3) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը և Էդուարդ Արտեմի Ադամյանի (2/3) ընդհանուր բաժնային իրավունքը՝ հողամասի մակերեսը նշելով 0,0765հա: Միաժամանակ «Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Ադամյան փողոց թիվ 23 հասցեում գտնվող հողամասի չափագրման արդյունքները հաստատելու և ինքնակամ կառույցները հաշվառելու մասին» ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի տեղակալի 14.02.2022թ. թիվ 145-Ա որոշման 2-րդ կետի համաձայն՝ Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Ադամյան փողոց թիվ 23 հասցեում գտնվող 303.49 քմ մակերեսով արտաքին և 241,04 քմ մակերեսով ներքին չափերով շինությունները հաշվառել որպես ինքնակամ շինություններ՝ բնակելի տուն, խոհանոց, զուգարան և պարիսպ, իսկ բնակելի տան առաջին հարկի թիվ 6 սենյակի պատուհանը հաշվառել որպես ինքնակամ պատուհան՝ հողամասի մակերեսը նշելով 0,09234 հա:
Հայցադիմումում շարադրված փաստակազմի պայմաններում Դատարանի համար պարզ չէ, թե հայցվորը որպես պատասխանող ներգրավելով Աշոտ Արամայիսի Ադամյանին, ի՞նչ նյութաիրավական պահանջ է ուղղել վերջինիս դեմ, այն պարագայում, երբ հայցվորը ցանկանում է Տավուշի մարզ, Բերդ համայնք, ք. Բերդ, Ադամյան փ., 23 հասցեում գտնվող 0,09234 հա հողամասի նկատմամբ ճանաչել իր և Էդուարդ Արտեմի Ադամյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, երբ նույն հայցադիմումում հայտնում է, որ գտնում է «Տավուշի մարզ, Բերդ համայնք, ք. Բերդ, Ադամյան փողոցի 23 հասցեում գտնվող հողամասի չափագրման արդյունքները հաստատելու և ինքնակամ կառույցները հաշվառելու մասին» թիվ 145-Ա որոշումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ 1-ին մասի 2-րդ կետի իմաստով, այն վարչական ակտն է, որի ուժով Տավուշի մարզ, Բերդ համայնք, ք. Բերդ, Ադամյան փողոց 23 հասցեում գտնվող, 0,0923,4 հա հողամասի նկատմամբ ծագել է իր և Էդուարդ Արտեմի Ադամյանի սեփականության իրավունքը:
Հայցադիմումում վկայակոչված հայցի փաստական և իրավական հիմքերից բխում է, որ ներկայացված հայցը, ըստ էության, հայցվորի անհամաձայնությունն է իրավունքների գրանցված վարույթը կասեցնելու ՀՀ կադաստրի կոմիտեի որոշման հետ, մինչդեռ Դատարանն արձանագրում է, որ Դատարանն իրավասու չէ քննարկել վարչական մարմնի գործողությունների իրավաչափությունը և նման հարցերի քննարկումը վերապահված է ՀՀ վարչական դատարանին: Դատարանի նման հետևությունը պայմանավորված է նաև նրանով, որ հայցադիմումում հենց հայցվորն ընդունում է, որ իր սեփականության իրավունքը ճանաչված է 0,0923,4 հա մակերեսով հողամասի նկատմամբ և պարզապես չի գրանցվել գրանցումն իրականացնող մարմնի կողմից, մինչդեռ ներկայացրել է սեփականության իրավունքի ճանաչման պահանջ, երբ նաև հայտնել է, որ 0,0923,4 հա մակերեսով հողամասում ներառված 0,0765հա մակերեսով հողամասի նկատմամբ առկա է գրանցված իրավունք:
Միաժամանակ Դատարանն արձանագրում է, որ հայցվորը խնդրել է «ճանաչել իր և Էդուարդ Արտեմի Ադամյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը», Էդուարդ Արտեմի Ադամյանին չնշելով որպես հայցվոր, որպիսի պահանջը պարտադիր է նաև այն դեպքում, երբ անձը դատավարությանը մասնակցում է օրինական ներկայացուցչի միջոցով: Միաժամանակ պարզ չէ, թե, ի՞նչ բաժիններով է հայցվորը խնդրել ճանաչել սեփականության իրավունքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 121-րդ, 124-րդ, 127-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 361-րդ և 362-րդ հոդվածներով` Դատարանը

ՈՐՈՇԵՑ
1. Հայցադիմումը վերադարձնել։

Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
Հայցադիմումը վերադարձնելու մասին Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` Հայցվորի կողմից այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում։
ԴԱՏԱՎՈՐ` Ն. ԱՆԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`