Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈԻՄ «29» ապրիլի 2024 թ. № Հ/3-2024-Դ/06-Ա ՀՀ, ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ՍՎԱՃՅԱՆ ՓՈՂՈՑ 12/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕԲՅԵԿՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.05.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վաչույթի մասին ՀՀ օրենքի 59 հոդված

ՈՐՈՇՈԻՄ
«29» ապրիլի 2024 թ. № Հ/3-2024-Դ/06-Ա
ՀՀ, ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ՍՎԱՃՅԱՆ ՓՈՂՈՑ 12/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕԲՅԵԿՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով 2024 թվականի ապրիլի 26-ին կազմված թիվ Հ/3-2024 արձանագրությունը և վարչական վարույթի (այսուհետ՝ Վարույթ) նյութերը ՝

ՊԱՐԶԵՑԻ

«ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝ 01801041, այսուհետ նաև՝ Ընկերություն) կողմից ՀՀ, քաղաք Երևան, Սվաճյան փողոց 12/7 հասցեում շահագործվում է առևտրի կենտրոն։
Տեսչական մարմնի կողմից 2023 թվականին իրականացված վերահսկողական գործառույթների շրջանակում «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ ընկերությանը 2023 թվականի փետրվարի 08-ի տրվել է թիվ 000115 կարգադրագիրը՝ ՀՀ, քաղաք Երևան, Սվաճյան փողոց 12/7 հասցեում գտնվող առևտրի կենտրոնում առկա հրդեհային անվտանգության խախտումների վերացման ուղղությամբ՝ սահմանելով հստակ ժամանակացույց։
Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 25-ի թիվ Հ/186-2024 հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2024 թվականի ապրիլի 26-ին հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Ընկերության վերոնշյալ գործունեության հասցեում։
Հետազոտության արդյունքում 2024 թվականի ապրիլի 26-ին կազմված թիվ Հ/3-2024 արձանագրության համաձայն՝ Ընկերության վերոնշյալ գործունեության հասցեում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության հետևյալ խախտումները․
1. Կրպակները, տաղավարները տեղադրված չեն շենքերից և շինություններից ոչ պակաս, քան 8 մետր հեռավորության վրա (Խախտվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 595-Ն հրամանի (այսուհետ՝ ՀԱԿ) 1-ին բաժնի 3-րդ գլխի 16-րդ կետի պահանջները),
2. Տարահանման ճանապարհների տարրերը և առաստաղները երեսպատված չեն չայրվող նյութերով (մասնակի) (Խախտվել են ՀԱԿ 1-ին բաժնի 3-րդ գլխի 41-րդ կետի 31-րդ ենթակետի պահանջները),
3. Հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքի վրայով անցկացված են օդային էլեկտրահաղորդման գծեր (Խախտվել են ՀԱԿ 1-ին բաժնի 4-րդ գլխի 47-րդ կետի պահանջները),
4. Առևտրի կենտրոնի էլեկտրական տնտեսությունը մոնտաժված չէ էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոնների համաձայն (մասնակի) (Խախտվել են ՀԱԿ 1-ին բաժնի 45-րդ կետի պահանջները),
5. Առևտրի կենտրոնում գտնվող շինությունների օդափոխիչ համակարգերի ինքնաշխատ անջատման սարքավորումները չեն գտնվում սարքին վիճակում (Խախտվել են ՀԱԿ 1-ին բաժնի 5-րդ գլխի 68-րդ կետի պահանջները),
6. 55 մ2 և ավելի մակերեսով բնական լուսավորություն չունեցող սենքերում տեղադրված չէ հակածխային պաշտպանության համակարգ (Խախտվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 04-ի «ՀՀՇՆ 12-02․01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N83-Ն հրամանի (այսուհետ՝ ՀՀՇՆ 12-02․01-04) 8-րդ գլխի, 8․2-րդ կետի «գ» ենթակետի պահանջները),
7. Շինությունների միջանցքներում տեղակայված չէ հակածխային պաշտպանության համակարգ (Խախտվել են ՀՀՇՆ 12-02․01-04, 8-րդ գլխի 8․2-րդ կետի «ա» ենթակետի պահանջները),
8. Առևտրի կենտրոնում առևտրի և հասարակական սննդի օբյեկտրներն ու շինությունները մասնակի մոնտաժված չեն հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգով (Խախտվել են ՀԱԿ 1-ին բաժնի 7-րդ գլխի 81-րդ կետի պահանջները)։
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետի համաձայն՝ Տեսչական մարմնի պաշտոնատար անձինք պետական հրդեհային հսկողություն իրականացնելիս իրավունք ունեն` ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը, շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, ինչպես նաև շենքերի և շինությունների շահագործումը հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և (կամ) մարդկանց անվտանգության համար։
Հիմնավորում վարչական ակտի անհապաղ ընդունման, ելնելով հանրային շահից՝ դրա անհապաղ կատարման վերաբերյալ։
Հարկ է արձանագրել, որ պետության կողմից մի շարք նորմատիվ իրավական ակտերով սահմանվել են հրդեհային անվտանգության պարտադիր ապահովման պահանջներ, որոնք ուղղված են տվյալ ոլորտում պետության ռազմավարության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանմանը և, ի թիվս այլնի, բնակչության պաշտպանությանը:
Հրդեհային անվտանգության պահանջները՝ նորմերի, կանոնների, պայմանների, արգելքների, սահմանափակումների և կատարման համար պարտադիր այլ պահանջների ամբողջությունն է, որոնք պետք է համապատասխանեն օրենսդրությամբ այդ օբյեկտների համար սահմանված նորմերի պահանջներին: Վերոնշյալ պահանջների կատարումը ինքնանպատակ չէ և միտված է կանխելու և/կամ նվազեցնելու հրդեհի առաջացման ռիսկի գործոնը, ապահովելու առողջության համար անվտանգ պայմաններ` աշխատողների կամ նշված շենք-շինություններում աշխատանք կատարողների, տարածքում գտնվող սպառողների և այլ մարդկանց համար, ինչպես նաև ապահովելու նորմատիվ պահանջների խախտումների դեպքում հնարավոր բացասական հետևանքներից անձի, գույքի, հասարակության և պետության պաշտպանվածությանը։
Հակառակ դեպքում, երբ շենքերն ու շինությունները կամ այլ օբյեկտները չեն համապատասխանում հրդեհային անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը իրավասու է ընդունել որոշում՝ ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը, շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, ինչպես նաև շենքերի և շինությունների և այլ օբյեկտների շահագործումը հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և (կամ) մարդկանց անվտանգության համար:
Այսպիսով, վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ հիմնավորվել է, որ Ընկերության կողմից՝ ՀՀ, քաղաք Երևան, Սվաճյան փողոց 12/7 հասցեում գտնվող առևտրի կենտրոնը շահագործվում է հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք թերություններով և խախտումներով։
Դեռևս 2023 թվականի փետրվարի 08-ին Տեսչական մարմնի կողմից տրված թիվ 000115 կարգադրագրով Ընկերությանը տրվել էր հստակ ժամանակացույց առևտրի կենտրոնում հայտնաբերված հրդեհային անվտանագության խախտումները վերացնելու ուղղությամբ։
Ավելին, սույն թվականի ապրիլի 22-ին «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող առևտրի կենտրոնում (հայտնի՝ որպես Երևանի «Մալաթիա» տոնավաճառ) հրդեհ էր բռնկվել։
Այնուհետև, 2024 թվականի ապրիլի 26-ին իրականացված հետազոտության արդյունքում Ընկերության վերոնշյալ գործունեության հասցեում կրկին հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի մի շարք խախտումներ, հետևաբար Ընկերության հետագա շահագործումը անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Հարկ է արձանագրել, որ վերոգրյալ հիմնավորումների ներքո սույն որոշումը ենթակա է անհապաղ կատարման, որը նման պայմաններում ինքնանպատակ չէ, այլ ելնելով հանրային շահից՝ հետագայում հանրության համար հնարավոր վտանգի նորից առաջացման կանխարգելման միջոց։ Տվյալ պարագայում Ընկերության իրավունքի սահմանափակումը համաչափ է, քանի որ դրանից օգուտն ընդհանուր շահի համար ավելի մեծ է, քան վնասը հակասության մեջ գտնվող այլ բարիքներին կամ արժեքներին: Անձի իրավունքների կամ ազատությունների սահմանափակումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին:
Ընկերության իրավունքների սահմանափակումը առկա իրավիճակում համաչափ է, հավասարակշված և հիմնավոր, իսկ հանրային շահի օգուտը և պաշտպանությունը գերակշիռ է։
Ուստի, մինչև հայտնաբերված խախտումների վերացումը, ՀՀ, քաղաք Երևան, Սվաճյան փողոց 12/7 հասցեում Ընկերության հետագա շահագործումը ենթակա է ամբողջությամբ դադարեցման։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով, 78-րդ, 83-րդ հոդվածներով, «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով՝

ՈՐՈՇԵՑԻ

1. Ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, քաղաք Երևան, Սվաճյան փողոց 12/7 հասցեում գտնվող առևտրի կենտրոնի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
2. Ամբողջությամբ դադարեցնել «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝ 01801041 աշխատանքները ՀՀ, քաղաք Երևան, Սվաճյան փողոց 12/7 հասցեում՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
3. Արգելել «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ ընկերության աշխատողներին և այլ անձանց՝ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված օբյեկտի շահագործմանն ուղղված որևէ գործողություն։
4. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջների կատարումն ապահովել անհապաղ՝ ելնելով հանրային շահից։
5. Պետության և հանրության շահերի, ինչպես նաև անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ սույն որոշումը հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայքում։
6. Որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան







Ծանոթություն. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի համաձայն՝ որոշման դեմ վարչական բողոք բերելը չի կասեցնում դրա կատարումը։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան:

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`