Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈԻՄ «04» ապրիլի 2024 թ. № Հ/76-2024-Դ/06-Ա ՀՀ, ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ՎԱՆԹՅԱՆ ՓՈՂՈՑ 61Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕԲՅԵԿՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.05.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վաչույթի մասին ՀՀ օրենքի 59 հոդված

ՈՐՈՇՈԻՄ
«04» ապրիլի 2024 թ. № Հ/76-2024-Դ/06-Ա
ՀՀ, ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ՎԱՆԹՅԱՆ ՓՈՂՈՑ 61Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕԲՅԵԿՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով 2024 թվականի մարտի 22-ին կազմված թիվ Հ/76-2024 արձանագրությունը և վարչական վարույթի (այսուհետ՝ Վարույթ) նյութերը ՝

ՊԱՐԶԵՑԻ

««ԱՆՈՒՇ» ՏՐԻԿՈՏԱԺԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝ 01833181, այսուհետ նաև՝ Ընկերություն) կողմից ՀՀ, քաղաք Երևան, Վանթյան փողոց 61ա հասցեում շահագործվում է արտադրական և պահեստային շինություններ։
Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի մարտի 04-ի թիվ Հ/76-2024 հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2024 թվականի մարտի 20-ից 22-ը՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Ընկերության վերոնշյալ գործունեության հասցեում։
Հետազոտության արդյունքում 2024 թվականի մարտի 22-ին կազմված թիվ Հ/76-2024 արձանագրության համաձայն՝ Ընկերության վերոնշյալ գործունեության հասցեում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության հետևյալ խախտումները․
1. Արտաքին հրշեջ սանդուղքները չեն գտնվում սարքին վիճակում (Խախտվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 595-Ն հրամանի (այսուհետ՝ ՀԱԿ) 1-ին բաժնի 3-րդ գլխի 32-րդ կետի պահանջները),
2. Էլեկտրամատակարարումն անջատող սարքերը (անջատիչներ) չեն գտնվում պահեստից դուրս (Խախտվել են ՀԱԿ 6-րդ բաժնի 27-րդ գլխի 341-րդ կետի պահանջները),
3. Էլեկտրամատակարարումն անջատող սարքերը տեղադրված չեն պահարանի մեջ (Խախտվել են ՀԱԿ 6-րդ բաժնի 27-րդ գլխի 341-րդ կետի պահանջները),
4. Պահեստային շինությունում օգտագործվում են խրոցակային վարդակներ (Խախտվել են ՀԱԿ 6-րդ բաժնի 27-րդ գլխի 342-րդ կետի պահանջները),
5. Շենքից տարահանման ելքերի քանակը պակաս է երկուսից, եթե դրանում տեղավորված են սենքեր, որոնք պետք է ունենան ոչ պակաս, քան տարահանման երկու ելք (Խախտվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 04-ի «ՀՀՇՆ 12-02․01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N83-Ն հրամանի (այսուհետ՝ ՀՀՇՆ 12-02․01-04) 53, 54, 57-րդ կետերի պահանջները),
6. Օդափոխիչ համակարգի ինքնաշխատ անջատման սարքավորումները չեն գտնվում սարքին վիճակում (Խախտվել են ՀԱԿ 1-ին բաժնի 5-րդ գլխի 68-րդ կետի պահանջները),
7. Շենքի միջանցքներում տեղակայված չէ հակածխային պաշտպանության համակարգ (Խախտվել են ՀՀՇՆ 12-02․01-04, 8-րդ գլխի 8․2-րդ կետի «ա» ենթակետի պահանջները),
8. 55 ք․մ և ավելի մակերեսով բնական լուսավորություն չունեցող սենքերում տեղակայված չէ հակածխային պաշտպանության համակարգ (Խախտվել են ՀՀՇՆ 12-02․01-04, 8-րդ գլխի 8․2-րդ կետի «դ» ենթակետի պահանջները),
9. Կախված մակերեսի չափերից պահեստները և արտադրական շինությունները սարքավորված չեն հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով (Խախտվել են ՀԱԿ 1-ին բաժնի 7-րդ գլխի 81-րդ կետի պահանջները),
10. Կախված մակերեսի չափերից՝ պահեստները և արտադրական շինությունները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով (Խախտվել են ՀԱԿ 7-րդ գլխի 81-րդ կետի պահանջները),
11. Հակահրդեհային ինքնաշխատ համակարգից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին (Խախտվել են ՀԱԿ 1-ին բաժնի 7-րդ գլխի 81-րդ կետի պահանջները),
12. Հակահրդեհային ինքնաշխատ համակարգը չի գտնվում սարքին վիճակում (Խախտվել են ՀԱԿ 1-ին բաժնի 7-րդ գլխի 81-րդ կետի պահանջները),
13. Տանիքի պարագծով տեղակայված մետաղական ճաղաշարը չի գտնվում սարքին վիճակում (Խախտվել են ՀԱԿ 1-ին բաժնի 3-րդ գլխի 32-րդ կետի պահանջները),
14. Գերծանրաբեռնվածության և կարճ միացման հոսանքներից պաշտպանելու համար օգտագործվում են ոչ ստանդարտ սարքեր (Խախտվել են ՀԱԿ 1-ին բաժնի 4-րդ գլխի 48-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները)։
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետի համաձայն՝ Տեսչական մարմնի պաշտոնատար անձինք պետական հրդեհային հսկողություն իրականացնելիս իրավունք ունեն` ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը, շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, ինչպես նաև շենքերի և շինությունների շահագործումը հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և (կամ) մարդկանց անվտանգության համար։
Հարկ է արձանագրել, որ պետության կողմից մի շարք նորմատիվ իրավական ակտերով սահմանվել են հրդեհային անվտանգության պարտադիր ապահովման պահանջներ, որոնք ուղղված են տվյալ ոլորտում պետության ռազմավարության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանմանը և, ի թիվս այլնի, բնակչության պաշտպանությանը:
Հրդեհային անվտանգության պահանջները՝ նորմերի, կանոնների, պայմանների, արգելքների, սահմանափակումների և կատարման համար պարտադիր այլ պահանջների ամբողջությունն է, որոնք պետք է համապատասխանեն օրենսդրությամբ այդ օբյեկտների համար սահմանված նորմերի պահանջներին: Վերոնշյալ պահանջների կատարումը ինքնանպատակ չէ և միտված է կանխելու և/կամ նվազեցնելու հրդեհի առաջացման ռիսկի գործոնը, ապահովելու առողջության համար անվտանգ պայմաններ` աշխատողների կամ նշված շենք-շինություններում աշխատանք կատարողների, տարածքում գտնվող սպառողների և այլ մարդկանց համար, ինչպես նաև ապահովելու նորմատիվ պահանջների խախտումների դեպքում հնարավոր բացասական հետևանքներից անձի, գույքի, հասարակության և պետության պաշտպանվածությանը։
Հակառակ դեպքում, երբ շենքերն ու շինությունները կամ այլ օբյեկտները չեն համապատասխանում հրդեհային անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը իրավասու է ընդունել որոշում՝ ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը, շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, ինչպես նաև շենքերի և շինությունների և այլ օբյեկտների շահագործումը հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և (կամ) մարդկանց անվտանգության համար:
Հիմնավորում վարչական ակտի անհապաղ ընդունման, ելնելով հանրային շահից՝ դրա անհապաղ կատարման վերաբերյալ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման։
Այսպիսով, վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ հիմնավորվել է, որ Ընկերության կողմից՝ ՀՀ, քաղաք Երևան, Վանթյան փողոց 61ա հասցեում գտնվող արտադրական և պահեստային շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք թերություններով և խախտումներով։ Վերոգրյալ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներով Ընկերության հետագա շահագործումը անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Հարկ է արձանագրել, որ վերոգրյալ հիմնավորումների ներքո սույն որոշումը ենթակա է անհապաղ կատարման, որը նման պայմաններում ինքնանպատակ չէ, այլ ելնելով հանրային շահից՝ հետագայում հանրության համար հնարավոր վտանգի առաջացման կանխարգելման միջոց։ Տվյալ պարագայում Ընկերության իրավունքի սահմանափակումը համաչափ է, քանի որ դրանից օգուտն ընդհանուր շահի համար ավելի մեծ է, քան վնասը հակասության մեջ գտնվող այլ բարիքներին կամ արժեքներին: Անձի իրավունքների կամ ազատությունների սահմանափակումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին:
Ընկերության իրավունքների սահմանափակումը առկա իրավիճակում համաչափ է, հավասարակշված, իսկ հանրային շահի օգուտը և պաշտպանությունը գերակշիռ է։
Ուստի, մինչև հայտնաբերված խախտումների վերացումը, ՀՀ, քաղաք Երևան, Վանթյան փողոց 61ա հասցեում Ընկերության հետագա շահագործումը ենթակա է ամբողջությամբ դադարեցման՝ մինչև խախտումների վերացումը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով, 78-րդ, 83-րդ հոդվածներով, «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով՝

ՈՐՈՇԵՑԻ

1. Ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, քաղաք Երևան, Վանթյան փողոց 61ա հասցեում գտնվող արտադրական և պահեստային շինությունների շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
2. Ամբողջությամբ դադարեցնել ««ԱՆՈՒՇ» ՏՐԻԿՈՏԱԺԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝ 01833181 աշխատանքները ՀՀ, քաղաք Երևան, Վանթյան փողոց 61ա հասցեում՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
3. Արգելել ««ԱՆՈՒՇ» ՏՐԻԿՈՏԱԺԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՍՊ ընկերության աշխատողներին և այլ անձանց՝ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված օբյեկտի շահագործմանն ուղղված որևէ գործողություն։
4. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջների կատարումն ապահովել անհապաղ՝ ելնելով հանրային շահից։
5. Պետության և հանրության շահերի, ինչպես նաև անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ սույն որոշումը հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայքում։
6. Որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան










Ծանոթություն. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի համաձայն՝ որոշման դեմ վարչական բողոք բերելը չի կասեցնում դրա կատարումը։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան:

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`