Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 18.02.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

19.02.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

18.02.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «ԲԵԹ» ՍՊԸ կողմից 21.01.2015թ ներկայացված վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը և 04.02.2015թ. ի լրումն ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «գ» կետերով` «ԲԵԹ» ՍՊԸ կողմից 21.01.2015թ ներկայացված վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը (այսուհետ` Հայտ) մերժել հետևյալ հիմքերով.
- Հայտին կից ներկայացված տոմսի աշխատանքային նմուշը չի պարունակում «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տոմսի վավերապայմանները:
- Հայտին կից ներկայացված է «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ կողմից 21.01.2015թ. տրված թիվ 51/03-16614729 տեղեկանքը, համաձայն որի «ԲԵԹ» ՍՊԸ առ 21.01.2015թ. դրությամբ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ իր դրամային հանմապատասխան հաշվարկային հաշվին ունի 205 012 257 ՀՀ դրամ դրամական միջոցների մնացորդ, սակայն համաձայն ներկայացված առ 31.12.2014թ. դրությամբ ֆինանսական վիճակի հաշվետվությունների «ԲԵԹ» ՍՊԸ ունի 272 815 000 ՀՀ դրամի փոխառություն:
- Հայտին կից ներկայացված «Բեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում (այսուհետ` Կանոնակարգ) օգտագործվում են հասկացություններ (բուքմեյքերական կետ, ցանց, բուքմեյքեր, բուքմեյքերական ցանցի վարչություն, դրամական գրավ, հաճախորդ, ավանդ, գրազի համաձայնագիր, վարկ, ավանդի գրավ և այլն), որոնք ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված չեն:
- Հայտին կից ներկայացված Կանոնակարգի 5-րդ կետի 5.2 ենթակետի համաձայն` բուքմեյքերական ցանցն իրավունք ունի առանց նախնական անձնական տեղեկացման Կանոնակարգում շարադրված կանոններում կատարել ցանկացած փոփոխություններ և լրացումներ, սակայն «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարվող փոփոխությունները կամ լրացումները նախքան դրանց կիրառումը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ:
- Հայտին կից ներկայացված Կանոնակարգի 5-րդ կետի 5.5 ենթակետի համաձայն համապատասխան իրավիճակներում մեղավոր կողմը ենթարկվում է պատասխանատվության, ընդհուպ մինչև քրեական: Այդ կապակցությամբ առաջարկում ենք նշված ենթակետի «ընդհուպ մինչև քրեական» բառերը փոխարինել «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:
- Հայտին կից ներկայացված Կանոնակարգի 5-րդ կետի 5.9 ենթակետի համաձայն` բուքմեյքերական ցանցը որևէ պատասխանատվություն չի կրում ցանկացած կորուստների համար, որոնք ի թիվս այլոց առաջացել են կայքի բավանդակության մեջ առկա ցանկացած սխալների վրիպակների կամ բացթողումների հետևանքով: Այդ կապակցությամբ անհասկանալի է, թե «կայքի» պատասխանատուն հանդիսանում է բուքմեյքերական ցանցը, թե ոչ: Հետևաբար անհասկանալի է նաև բուքմեյքերական ցանցի պատասխանատվություն չկրելու իրավաչափությունը:
- Հայտին կից ներկայացված Կանոնակարգի 5-րդ կետի 5.12 ենթակետում նշվում է, որ Կանոնակարգում սահմանված կանոնների ռուսերեն լեզվով տարբերակի և դրանց այլ լեզուներով թարգմանությունների միջև տարաձայնությունների առաջացման դեպքում, ճիշտ է համարվում ռուսերեն լեզվով տարբերակը, սակայն Կանոնակարգը լիազոր մարմին համաձայնեցման է ներկայացվում ՀՀ պետական լեզվով` հայերենով, ուստի ճիշտ պետք է համարվի Կանոնակարգի հայերեն լեզվով տարբերակը, այլ ոչ թե` ռուսերեն:
- Հայտին կից ներկայացված Կանոնակարգի 8-րդ կետի 8.12 ենթակետի համաձայն մեկ հաճախորդին թույլատրվում է ունենալ միայն մեկ խաղային հաշիվ, բացառությունները թույլատրվում են բուքմեյքերական ցանցի վարչության որոշմամբ և պայմաններով` անհատականորեն յուրաքանչյուր հաճախորդի համար: Այս կապակցությամբ, կամայականություններից և սուբյեկտիվ մոտեցումներից խուսափելու նպատակով` առաջարկում ենք նախատեսել համապատասխան իրավիճակներ, երբ ընկերությունը իրավասու կլինի կատարել վերոնշյալ գործողությունները:
- Հայտին կից ներկայացված Կանոնակարգի 8-րդ կետի 8.14 ենթակետի համաձայն բուքմեյքերական ցանցը վերապահում է իրավունք` առանց պատճառների բացատրման և նախնական գրավոր ծանուցման ցանկացած անձի նկատմամբ սահմանափակումներ մտցնել կամ մերժել խաղադրույքի ընդունումը: Այս կապակցությամբ, կամայականություններից և սուբյեկտիվ մոտեցումներից խուսափելու նպատակով` առաջարկում ենք նախատեսել համապատասխան իրավիճակներ, երբ ընկերությունը իրավասու կլինի կատարել վերոնշյալ գործողությունները:
- Հայտին կից ներկայացված Կանոնակարգի 9-րդ կետի 9.5 ենթակետի համաձայն վիճելի իրավիճակների առաջացման, տարբեր աղբյուրներում տեղադրված արդյունքների անհամապատասխանության, դրանց ակնհայտ սխալների դեպքում, խաղադրույքների հաշվարկի համար արդյունքների վերջնական որոշումն ընդունում է բուքմեյքերական ցանցը: Այս կապակցությամբ, կամայականություններից և սուբյեկտիվ մոտեցումներից խուսափելու նպատակով` առաջարկում ենք նախատեսել համապատասխան իրավիճակներ, երբ ընկերությունը իրավասու կլինի կատարել վերոնշյալ գործողությունները:
- Հայտին կից ներկայացված Կանոնակարգի 9-րդ կետի 9.10 ենթակետի համաձայն նախադեպ չունեցող վիճելի իրավիճակներում վերջնական որոշումն ընդունվում է բուքմեյքերական ցանցի կողմից: Այս կապակցությամբ, կամայականություններից և սուբյեկտիվ մոտեցումներից խուսափելու նպատակով` առաջարկում ենք նախատեսել համապատասխան իրավիճակներ, երբ ընկերությունը իրավասու կլինի կատարել վերոնշյալ գործողությունները:
- Հայտին կից ներկայացված Կանոնակարգի 10-րդ կետի 10.4 ենթակետի համաձայն իրադարձության վրա խաղադրույքի առավելագույն գումարը կախված է սպորտի և իրադարձության տեսակից, որոշվում է բուքմեյքերական ցանցի կողմից ինչպես յուրաքանչյուր իրադարձության համար, այնպես էլ խաղադրույքի յուրաքանչյուր տեսակի համար և ենթակա է փոփոխությունների առանց նախնական գրավոր ծանուցման: Բուքմեյքերական ցանցը վերապահում է իրավունք` սահմանափակել առանձին իրադարձությունների վրա առավելագույն խաղադրույքը, ինչպես նաև առանձին խաղացողների հաշիվներում մտցնել և դրանցից հանել հատուկ սահմանափակումներ` առանց ծանուցման և պատճառների բացատրության: Այս կապակցությամբ, կամայականություններից և սուբյեկտիվ մոտեցումներից խուսափելու նպատակով` առաջարկում ենք նախատեսել համապատասխան իրավիճակներ, երբ ընկերությունը իրավասու կլինի կատարել վերոնշյալ գործողությունները:
- Հայտին կից ներկայացված Կանոնակարգի 11-րդ կետի 11.2 ենթակետում նշվում է, որ եթե կատարվել են «VIP խաղադրույքի» ձևակերպման բոլոր վերոհիշյալ պայմանները, բուքմեյքերական գրասենյակը կդիտարկի այդ խաղադրույքի ընդունման հանարավորությունը: Որոշումը կընդունվի ամենաուշը 15 րոպեից, և Ձեր խաղադրույքը կընդունվի կամ լրիվ ծավալով, կամ ամբողջությամբ կմերժվի: Այս կապակցությամբ, նշենք, եթե «VIP խաղադրույքի» ձևակերպման բոլոր պայմաններն նախատեսված են, ապա պարզ չէ, թե կազմակերպիչն ինչ հիմքով պետք է մերժի «VIP խաղադրույքը»:
- Հայտին կից ներկայացված Կանոնակարգի 12-րդ կետի 12.10 ենթակետում նշվում է, որ «ԲԵԹ» ՍՊԸ բուքմեյքերական գրասենյակում խաղային հաշվի վրա միջոցների մուտքագրման ժամանակը և միջնորդավճարը կարող են փոփոխվել: Հաճախորդի կողմից խաղային հաշվի լրացման «դատարկ» և «աննպատակահարմար» գործարքներ իրականացնելու դեպքում, ընկերությունը վերապահում է իրավունք` հաճախորդի համար սահմանել անհատական միջնորդավճարներ ապագա ֆինանսական գործառնությունների իրականացման համար, սակայն ոչ ավել, քան 1 գործարքի դիմաց` 5 % + 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ, իսկ Կանոնակարգի 13-րդ կետի 13.8 ենթակետում` խաղային հաշվից միջոցները հանելու համար գործող ժամկետները, պայմանները և միջնորդավճարները կարող են փոփոխվել: Հաճախորդի կողմից խաղային հաշվից դրամական միջոցները հանելու համար «դատարկ» և «աննպատակահարմար» գործարքներ իրականացնելու դեպքում, ընկերությունը վերապահում է իրավունք` հաճախորդի համար սահմանել անհատական միջնորդավճարներ ապագա ֆինանսական գործառնությունների իրականացման համար, սակայն ոչ ավել, քան 1 գործարքի դիմաց` 2 % կամ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, սակայն համաձայն «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետի` կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման գործունեությունից բացի, կարող է զբաղվել միայն վիճակախաղերի տոմսերի իրացման, պատրաստման և «կամ» ներմուծման գործունեությամբ:
- Հայտին կից ներկայացված Կանոնակարգի 13-րդ կետի 13.2 ենթակետում նշվում է, որ խաղային հաշվի գումարը կարելի է ստանալ նաև բանկային փոխանցմամբ` բանկում հաճախորդի անձնական հաշվին, պատվերի ձևակերպումից հետո 1-ից մինչև 3 բանկային օրվա ընթացքում, իսկ Կանոնակարգի 13-րդ կետի 13.11 ենթակետում` հաճախորդի բանկային հաշվին դրամական միջոցների մուտքագրումն իրականացվելու է 3-6 բանկային օրվա ընթացքում:
- Հայտին կից ներկայացված Կանոնակարգի 13-րդ կետի 13.15 ենթակետում նշվում է, որ բուքմեյքերական ցանցը վերապահում է իրավունք` իրականացնել հաճախորդի խաղային հաշվից միջոցների վերադարձը (դուրս հանումը) իր հայեցողությամբ ցանկացած եղանակով: Այս կապակցությամբ, կամայականություններից և սուբյեկտիվ մոտեցումներից խուսափելու նպատակով` առաջարկում ենք նախատեսել համապատասխան իրավիճակներ, երբ ընկերությունը իրավասու կլինի կատարել վերոնշյալ գործողությունները:
- Հայտին կից ներկայացված Կանոնակարգը չի պարունակում այն ինտերնետային կայքի հասցեն, որով անձը պետք է մասնակցի «Բեթ» վիճակախաղին (տոտալիզատորին):
- Հայտին կից ներկայացված Կանոնակարգում ներկայացված են խաղեր, որոնց արդյունքների վրա նախատեսվում է կատարել խաղադրույքներ, սակայն նշված չէ այդ խաղերի հեռարձակման, հրապարակման, կազմակերպման և անցկացման կարգերը:
- Հայտին կից ներկայացված Կանոնակարգում հստակ սահմանված չեն հաշվարկման համար հիմք հանդիսացող առաջարկվող խաղերի արդյունքների պաշտոնական աղբյուրները:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 366

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`